«ՌԴ-ն ուզում է կա՛մ էքսկլյուզիվ հարաբերություններ, կա՛մ ոչինչ»․ Փաշինյան
Փաշինյանը՝ ՌԴ հետ էքսկլյուզիվ հարաբերությունների մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադարձել է ՀՀ-ՌԴ հարաբերությունների ներկայիս փուլին, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումներին։ Շեշտել է՝ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել ոչ թե որպես ճգնաժամ, այլ որպես տնտեսության դիվերսիֆիկացիայի հնարավորություն։
Լրագրողները խնդրել են անդրադառնալ նաև հարցի քաղաքական բաղադրիչին։ Ի պատասխան Փաշինյանը նկատել է՝ խնդիրն այն է, որ ՀՀ-ն որոշել է ունենալ այլընտրանքներ, որոնք մինչ այս չի ունեցել։
Օրինակ է բերել, մասնավորապես՝ Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի և այլ երկրների հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթղթի ստորագրումը։
Ընդգծել է՝ նախկինում Հայաստանը չուներ կամ չէր կարող ռազմավարական հարաբերություններ ունենալ այդքան գործընկերների հետ։
«Չեմ կարող ՌԴ-ի զգացմունքների մասին ասել։ Կարող եմ ասել, որ ՌԴ-ն խնդիր է տեսնում այդտեղ: Այդտեղ էլ էքսկլյուզիվության բաղադրիչ կա: Խնդիրը հետևյալն է՝ կա՛մ էքսկլյուզիվ են հարաբերությունները, կա՛մ հարաբերություններ չպետք է լինեն: Մենք չենք ընդունում այդ մոտեցումը»,- հայտարարել է նա։
Ըստ վարչապետի՝ Երևանն ունի «լեգիտիմ դիրքորոշում», այն է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն։
«Խնդրում եմ, որ մեր դիրքավորմանը մոտենան ըմբռնումով և հարգանքով, մանավանդ, որ գործնականում դրա լեգիտիմությունը կասկածի տակ չի առնվում»,- շեշտել է նա։
Վստահեցրել է՝ տնտեսական սահմանափակումների վերաբերյալ ՌԴ հետ երկխոսությունն ու գործընկերային քննարկումներւը դադարեցնել չեն պատրաստվում և հավելել՝ «դա կլինի ամենասխալ ճանապարհը»։
Թեմայի շուրջ Փաշինյանի արձանագրումները՝ հակիրճ
- Ռուսաստանում ոչնչացվել է Բելառուսով տեղափոխվող ենթադրաբար հայկական 40.000 վարդ
- «ԵՄ-ն իր դռները կբացի հայկական արտադրանքի համար». Եվրահանձնաժողովի նախագահի այցը Երևան
- Հաղթահարելով ՌԴ սահմանափակումները․ աջակցության նոր ծրագրի մեկնարկ ՀՀ-ում
- «Մենք ավելի լավ գիտենք՝ երբ է որոշում կայացնելու պահը»․ Փաշինյանը՝ Պուտինին
«Ինչո՞վ լավ գործընկեր չէր Հայաստանը»
Հարցին, թե ինչու է ՌԴ-ն կարևորում, որ Հայաստանը քաղաքական առումով կողմնորոշվի, Փաշինյանը նման առիթ տվե՞լ է ՌԴ-ի կասկածների համար՝ քաղաքական առումով ՀՀ-ն լավ գործընկեր է, թե ոչ, վարչապետը մի շարք հարցերով է պատասխանել․
«Հայաստանը 2022 թ․-ին ինչո՞վ լավ գործընկեր չէր, որ ՀԱՊԿ-ն իր ֆունկցիաները չկատարեց: Ինչո՞վ լավը չէր ՀՀ-ն, ի՞նչ էր արել ՀՀ-ն, ո՞ւմ էր վատություն արել ՀՀ-ն: ՀՀ-ն ի՞նչ վատ բան էր արել, որ այդ ամեն ինչը տեղի չունեցավ [նկատի ունի 2021-2022 թթ․-ի Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման ժամանակ ՌԴ և ՀԱՊԿ անգործությունը]:
Ինչո՞վ էր ՀՀ-ն վատը, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներն իրենց գործառույթները չկատարեցին: 2022 թ․-ի հոկտեմբերի վե՞ցն է խնդիրը [Պրահայի հայտարարությունը, որով ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյան տարածքային ամբողջականությունը]։ Բա դրանից առաջ դեպքեր են եղել։ Ինչո՞վ էր վատը ՀՀ-ն»։
Փաշինյանը նաև նկատել է՝ ինչո՞ւ է մեր կանխավարկածն այն, որ պարտադիր մենք ենք «վատ գործընկեր»:
«Ցույց ենք տալիս, թե ում ենք պետք»
ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին խոսելիս՝ վարչապետը հիշել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, թե «ում է պետք Հայաստանը»։
«Հայաստանը վատությո՞ւն էր արել ինչ-որ մեկին, Բելառուսին վատությո՞ւն էր արել։ Ո՞նց կարելի է ինքնիշխան երկրի մասին նման կերպ խոսել»։
Շեշտել է՝ Բելառուսի նախագահը փնտրում և չէր գտնում այդ հարցի պատասխանը և հավելել՝ հիմա մենք ցույց ենք տալիս, թե ում է պետք ՀՀ-ն․
«Հայաստանը պետք է Չինաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Իրանին, այդ բոլոր գործընկերներն էլ՝ ՀՀ-ին, Վրաստանին [է պետք], Վրաստանն էլ ՀՀ-ին է պետք։ Պետք է [ՀՀ-ն] Ֆրանսիային, Գերմանիային, Լեհաստանին, Մեծ Բրիտանիային։ Սա է ամբողջ պատմությունը»:
«Այլընտրանքը դեռևս ձևավորված չէ»․ հնարավոր հանրաքվեի մասին
Վերջին ամիսներին պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև։ Ռուս պաշտոնյաները խոսում են «շուտափույթ կերպով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության» մասին։ Մայիսի վերջին հանրաքվեի մասին հայտարարությամբ էին հանդես եկել նաև ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարները։
«Հարգանքով եմ վերաբերվում, որ ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարները մայիսի 29-ին ընդունել են հայտարարություն՝ աջակցելով ԵՄ-ին անդամագրելու հարցով հանրաքվե անելու գաղափարին: Բայց [հանրաքվեի] առարկան դեռևս գոյություն չունի»,- այսօր նկատել է վարչապետ Փաշինյանը։
Հերթական անգամ շեշտել է՝ տրամաբանական կլինի, որ այդ հարցով հանրաքվե անցկացնելուց առաջ Հայաստանն անդամության թեկնածուի կարգավիճակ ունենա կամ նման հարց լինի օրակարգում։
Վարչապետ Փաշինյանի դիտարկմամբ՝ այլընտրանքներ ունենալու Երևանի իրավունքը Մոսկվան կասկածի տակ չի դնում, բայց նաև ասում է՝ «այսօր որոշեք, թե որ այլընտրանքն եք ընտրում»։
«Այլընտրանքը դեռ ձևավորված չէ, սկսվել է ձևավորելու պրոցեսը։ Հիմա ազնիվ չի լինի, որ մենք մեր ժողովրդի առաջ հարց դնենք՝ դուք չձևավորված այլընտրանքն ուզո՞ւմ եք, թե՞՝ ոչ։ Ժողովուրդը լիքը հարցեր կտա, որոնց պատասխաններն այսօր չունենք»,- ասել է նա։
Շեշտել է՝ կաշխատեն, այդ հարցերի պատասխանները կձևակերպեն և միայն դրանից հետո ժողովրդին նման ընտրության առաջ կկանգնեցնեն։
Փաշինյանը՝ ՌԴ հետ էքսկլյուզիվ հարաբերությունների մասին