Ոչ հարսանիք, ոչ թաղում, ոչ կինոթատրոններ։ Վրաստանում խստացվել են համավարակի դեմ պայքարի միջոցառումները
Կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկի հետ կապված՝ համավարակի դեմ պայքարի միջոցառումները Վրաստանում խստացվում են։
Մասնավորապես․
● Սեպտեմբերի 10–ից կարգելվեն սոցիալական միջոցառումները՝ հարսանիքներն ու հոգեհանգստյան արարողությունները։ Ինչպես այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարել է կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին, այս որոշման պատճառը բարդ համաճարակային իրավիճակն է։
● Սեպտեմբերի 10–ից արգելված են բոլոր սոցիալական միջոցառումները (հարսանիքներ, հոգեհանգստի արարողություններ և հոբելյաններ) փակ տարածքներում։ Մինչ այս արգելվում էր փակ տարածքում 10 հոգուց ավելի մարդկանց հավաքույթները։
● Խստացվում են նաև արտագնա միջոցառումների սահմանափակումները․ բացօթյա տարածքներում անցկացվող միջոցառումներին կարող է մասնակցել 200–ից ոչ ավելի մարդ։ Այս սահմանափակումը չի տարածվում նախընտրական փուլում պլանավորված միջոցառումների վրա։
__________________________________________
__________________________________________
● Կինոթատրոնների և թատրոնների բացումը հետաձգվել է մինչև նոյեմբերի 1–ը։ Կորոնավիրուսի համավարակի կանխարգելման համար նախատեսված սահմանափակումների չեղարկման պլանի համաձայն՝ կինոթատրոնները պետք է բացվեին սեպտեմբերի 15–ից, իսկ թատրոնները՝ հոկտեմբերի 1–ից։
● Մանկական ժամանցային կենտրոնների բացումը նույնպես հետաձգվել է մինչև նոյեմբերի 1–ը։
● Դպրոցներում արգելվում են հանդիսավոր արարողությունները։
● Խստացվում է դիմակներ կրելու նկատմամբ վերահսկողությունն, այդ թվում՝ հանրային տրանսպորտում, վերելակներում և փակ միջոցառումներին։
● Բացի այդ, կորոնավիրրուսով վարակված 18–65 տարեկան այն անձինք, որոնց մոտ չեն հայտնաբերվի քրոնիկական հիվանդություններ և արտահայտված ախտանշաններ, բուժում կստանան հյուրանոցներում, այլ ոչ թե բուժհաստատություններում։
Թբիլիսիի, Բաթումի և Քութայիսիի որոշ հյուրանոցներ կարանտինային գոտիների են վերածվել։ Այսօրվանից այստեղ սկսվել է կորոնավիրուսով վարակված անձանց բուժման գործընթաց։
Բաթումի հիվանդանոցից սկսել են հյուրանոցներ տեղափոխել թեթև ախտանիշներով հիվանդներին։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլիի խոսքով՝ միջոցառումների խստացման մասին որոշման պատճառը Վրաստանում համաճարակային բարդ իրավիճակն է։
Արդեն մի քանի օր է, ինչ օրական կորոնավիրուսով վարակման ավելի քան 40 նոր դեպք է գրանցվում։
Սեպտեմբերի 9–ի դրությամբ՝ վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակման 44 նոր դեպք է գրանցվել։ Այս պահի դրությամբ երկրում հաստատվել է վարակման 1773 դեպք։ 1325 մարդ է ապաքինվել, 19–ը մահացել են։