Վրաստանում ԱՄՆ դեսպանատուն․ ընտրությունների ընթացքում գրանցված խախտումները բավարար չեն արդյունքները ոչ լեգիտիմ ճանաչելու համար
Ընտրակաշառքներն ու ընտրողներին վախեցնելը վնաս են հասցնում ընտրությունների գործընթացին, սակայն դա բավարար չէ՝ ընտրությունները ոչ լեգիտիմ հայտարարելու համար, ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան նոյեմբերի մեկի հայտարարության մեջ` հոկտեմբերի 31-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է, որ կիսում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջին գնահատականն այն մասին, որ «Վրաստանում խորհրհդարանական ընտրություններն անցկացվել են մրցակցային և ընդհանուր առմամբ հիմնական ազատությունների հարգման միջավայրում»։ Սակայն ընտրողների վրա ճնշում գործադրելու մասին լայնորեն տարածված մեղադրանքները խաթարել են հասարակության վստահությունը։
Դեսպանատունը կոչ է անում բոլոր կուսակցություններին հաշվի առնել այս թերությունները երկրորդ փուլում և հաջորդ ընտրություններում։
«Ընտրական գործընթացը խաթարելու փորձերն՝ ընտրողներին վախեցնելը, ընտրակաշառքը, քվեարկության գաղտնիության խախտումը, կուսակցական և պաշտոնական գործունեության լղոզված տարանջատումն ու դիտորդների և լրագրողների նկատմամբ բռնությունը թեև բավարար չեն արդյունքները ոչ լեգիտիմ ճանաչելու համար, այնուամենայնիվ, խաթարում են ընտրական գործընթացը Վրաստանում և անընդունելի են», — ասված է հայտարարությունում։
Դիվանագիտական գերատեսչությունը կոչ է անում պետական մարմիններին հետաքննել խախտումներն, իսկ քաղաքացիներին՝ «համբերություն դրսևորել», որպեսզի այս գործընթացը խաղաղ և հարգանքով անցնի՝ Վրաստանի օրենսդրության և միջազգային չափանիշներին ու պրակտիկային համապատասխան։