Վրաստան․ հազարավոր ընտրողներ չեն կարողանա քվեարկել կորոնավիրուսի պատճառով
Հազարավոր քաղաքացիներ չեն կարողանա քվեարկել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որոնք Վրաստանում կայանալու են հոկտեմբերի 31-ին՝ շաբաթ օրը։
Նրանք կորոնավիրուսով վարակված հիվանդներն են, ինչպես նաև կարանտինի կամ մեկուսացման մեջ գտնվող անձինք։
Այդ ընտրողների համար Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարժական արկղների հատուկ համակարգ է ներմուծել, սակայն արկղից օգտվելու համար պետք է նախապես գրանցվել։
«Սակայն ընտրողները բախվում են մի շարք բյուրոկրատական խոչընդոտների, ինչը վկայում է գործընթացի անլիարժեքության մասին», – ասված է Transparency International Georgia հասարակական կազմակերպության հատուկ հայտարարությունում։
Ըստ կազմակերպության տվյալների՝ դրա պատճառով հազարավոր ընտրողներ չեն կարող մասնակցել հոկտեմբերի 31-ին կայանալիք ընտրություններին։
Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում նշանակված են հոկտեմբերի 31-ին։ Դրանց մասնակցում է 48 կուսակցություն և երկու ընտրական դաշինք:
Քանի որ Վրաստանը խորհրդարանական երկիր է, ապա նա, ով կհաղթի ընտրություններում, կկառավարի երկիրը հետագա չորս տարիների ընթացքում։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը փորձում է իշխանության մնալ արդեն երրորդ անգամ։ Վրաստանում դեռևս ոչ մի քաղաքական ուժ երեք ժամկետ չի պաշտոնավարել։
Նախևառաջ, խնդիրն ինքնամեկուսացված քաղաքացիների գրանցման ժամկետներն են․ գրանցվել կարելի է մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 18:00-ն։ [Ի սկզբանե ժամկետը մինչև 14:00-ն էր, սակայն, շնորհիվ ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիայի ակտիվության՝ ԿԸՀ-ն մի քանի ժամով երկարաձգել է այդ ժամկետը]։ Սա նշանակում է, որ նրանք, ովքեր դեռ չեն գրանցվել, կամ որոնց մոտ կորոնավիրուսի ախտանշաններ կհայտնաբերվեն մոտակա երեք օրերին, և նրանք, ովքեր ստիպված կլինեն ինքնամեկուսացվել վարակակրի հետ շփման պատճառով, չեն կարողանա քվեարկել։
Գրանցման հավակնորդներն այլ խոչընդոտների էլ են բախվել․ ԿԸՀ թեժ գիծն անընդհատ ծանրաբեռնված է եղել, իսկ ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները չեն իմացել, որ չեն կարող գրանցվել ԿԸՀ կայքում՝ քանի դեռ առողջապահության նախարարությունը նրանց չի ներառել հատուկ ցանկում։