Վրաստան․ Ավստրալիայի քաղաքացու սպանության համար մեղադրվում է իշխող կուսակցության ակտիվիստը
Թբիլիսիում Ավստրալիայի 31-ամյա քաղաքացի Շանայի Բրուքի սպանության գործը բացահայտվել է։ ՆԳՆ-ն արդեն կալանավորել է Թբիլիսիի բնակիչ, 33-ամյա Ռաֆայել Մուրսակուլովին, որը Գոգեբաշվիլիի փողոցում Շանայի Բրուքի հարևանն է եղել։
Սպանության շարժառիթն իբր բջջային հեռախոսն է եղել, որը Մուրսակուլովը փորձել է խլել Բրուքից։
Քննության վարկածով՝ մարդասպանի անձը նույնականացվել է գենետիկական փորձաքննության հիման վրա։
Ներկա պահին քննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ սպանություն և պատժվում է 7-15 տարվա ազատազրկմամբ։
31-ամյա Շանայի Բրուքն անհետացել է 2021 թ-ի հուլիսի 30-ին, ժամը 16:00-ից հետո։ Այդ ժամանակ նա զբոսնելիս է եղել Թբիլիսիի կենտրոնի Մթածմինդայի այգում։ Փրկարարներն ու կամավորները Բրուքին որոնել են 24 ժամ։ Կնոջ մարմինը հայտնաբերվել է այգու պահակակետի մոտ՝ ճյուղերով և տերևներով ծածկված։ Մարմնի վրա բռնության հետքեր են եղել, հանցագործության վայրում դանակ է հայտնաբերվել։
Ավստրալուհին Վրաստանում աշխատում էր որպես անգլերենի ուսուցչուհի։ Մահվանից առաջ նա հեռախոսով է խոսել ԱՄՆ-ում գտնվող իր ընկերոջ հետ, որը լսել է, որ կնոջ վրա ինչ-որ մեկը հարձակվել է, իսկ նա օգնություն է խնդրում։
Ռաֆայել Մուրսակուլովն իրեն մեղավոր չի ճանաչում և, նրա փաստաբան Սոֆիկո Գոգլիչիձեի խոսքով, օգտվում է լռություն պահպանելու իր իրավունքից։
Սակայն, ըստ փաստաբանի, ձերբակալվածը հայտարարում է, որ չի ճանաչել Ավստրալիայի քաղաքացուն։
Կապը «Վրացական երազանքի» հետ
33-ամյա մեղադրյալը որպես իր աշխատավայր՝ Ֆեյսբուքում նշել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը։

Մուրսակուլովի փաստաբանը պնդում է նաև, որ Ռաֆայել Մուրսակուլովը «Վրացական երազանքի» ակտիվիստ է եղել։
- Թբիլիսիում անհետացած Շանայի Բրուքին մահացած են գտել
- Որքանո՞վ է անվտանգ Վրաստանը։ Ավստրալացի զբոսաշրջիկի սպանությունը վախեցրել է օտարեկրացիներին
- Ի՞նչ է նշանակում Pride-ի կողմնակիցների և լրագրողների ծեծը Թբիլիսիում։ Վերլուծություն և ֆոտոռեպորտաժ
Ըստ «Մտավարի արխի» ընդդիմադիր հեռուստաընկերության՝ Մուրսակուլովը Մթածմինդայի շրջանային ընտրական հանձնաժողովի անդամ է եղել, սակայն օգոստոսի 23-ին՝ Շանայի Բրուքի սպանությունից երեք շաբաթ անց, խնդրել է իրեն ազատել աշխատանքից անձնական պատճառներով։
Ֆեյսբուքյան նրա լուսանկարները նույնպես հաստատում են կապը «Վրացական երազանքի» հետ։ Լուսանկարներից մեկում նա «Վրացական երազանքի» պատգամավոր Իրակլի Զարկուայի հետ է։

Այս առնչությամբ Զարկուան հայտարարել է, որ կուսակցական պատկանելությունը նշանակություն չունի, մեղավորը կպատժվի՝ օրենքի համաձայն։
Բացի այդ, համացանցում «Ռաֆայել Մուրսակուլով» հարցումը բերում է հաղորդագրություն StopCOVID-19 կառավարական կայքում։ Այնտեղ նշված է, որ նա «կամավոր է Մթածմինդայի թաղամասում»։ Լուսանկարակում Մուրսակուլովը կրում է Թբիլիսիի քաղաքապետարանի տարբերանշանով հագուստ։ Այդ հրապարակումը ներկա պահին հեռացվել է կայքից։
