Վրաստանում սկսվել է COVID-19-ի դեմ պատվաստումը
Վրաստանում սկսվել է COVID-19-ի դեմ պատվաստումը։ Առաջին փուլում պատվաստվելու են բուժաշխատողները։ Ընդ որում, հայտնի բժիշկները հանրային կերպով են պատվաստվել՝ ուղիղ եթերում, հեռուստախցիկների դիմաց։
Առաջիններից մեկը Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն էր։
«Պատվաստվելու մեջ վտանգավոր ոչինչ չկա, — ասել է Պաատա Իմնաձեն պատվաստումից հետո։ — Եվ այսօր կարևոր օր է մեր երկրի համար։ Այսօր սկսվում է համավարակի ավարտի սկիզբը։ Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ այս պատվաստանյութը մեր երկիրը նորմալ կյանքի վերադարձնելու միակ միջոցն է»։
Պատվաստում կատարելու և այդպիսով սեփական առողջությունն ու երկիրը պաշտպանելու կոչով է հանդես եկել նաև ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան․
«Մարդիկ կարող են համաձայնել պատվաստվել կամ ոչ։ Սակայն նրանք, ովքեր իրականում դեմ են պատվաստմանն, ինչ-որ առումով դիմակայում են երկրին։ Կոչ եմ անում պատվաստմանը դեմ արտահայտվողներին՝ մի կողմ թողնել մտավախություններն ու պատվաստվել, քանի որ դա կպաշտպանի ձեզ, ձեր ընտանիքներն և երկիրը»։
Հանրապետական հիվանդանոցում պատվաստմանը ներկա էր նաև Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն։ Նրա խոսքով՝ պատվաստման մեկնարկը շատ լավ է։ Սակայն գլխավորն այն ավարտելն է։
«Այս տարի պետք է պատվաստվի 600-700 մլն մարդ ողջ աշխարհում։ Եվ եթե սա անենք, կվերադառնանք կյանքի նորմալ ռիթմին», — ասել է Գամկրելիձեն։
AstraZeneca-ի հայտարարությունը․ պատվաստման պատճառով թրոմբոզի զարգացման ռիսկը չի հաստատվում
Մի քանի եվրոպական երկրներ դադարեցրել են AstraZeneca-ով պատվաստումն այն պատճառով, որ որոշ հիվանդների մոտ պատվաստումից հետո թրոմբոզ է առաջացել։
ԵՄ-ում և Մեծ Բրիտանիայում արդեն պատվաստվել է ավելի քան 17 մլն մարդ, ասում են AstraZeneca բրիտանաշվեդական դեղագործական ընկերության ներկայացուցիչները։ Եվ նրանց վիճակի մոնիթորինգը ցույց է տվել, որ պատվաստանյութն անվտանգ է, և թրոմբոզների զարգացման ռիսկը հաստատված չէ ոչ մի տարիքային խմբում։
Ընկերությունը հաղորդում է նաև, որ 17 մլն պատվաստվածերից միայն 15-ի մոտ է խորանիստ երակների թրոմբոզ ախտորոշվել, և 22-ի մոտ՝ թոքային էմբոլիա։ Եվ դա չի կարող պատվաստանյութի կիրառման համար հակացուցում լինել, քանի որ ընդհանուր առմամբ բնակչության շրջանում թրոմբների առաջացման գրանցված դեպքերի թիվը հարյուրի չի հասնում։
- Բուժվել Facebook-ում, կամ «առողջապահական այլընտրանքային համակարգ» Վրաստանում։ Տեսապատմություն
- Ի՞նչ է հայտնի կորոնավիրուսի պատվաստանյութերի մասին, արդյո՞ք դրանք կհաղթեն համավարակը և ե՞րբ
Մարտի 13-ին պատվաստանյութերի բաշխման COVAX միջազգային հարթակի միջոցով Վրաստանը ստացել է AstraZeneca պատվաստանյութի 43 200 չափաբաժին։ Այդ պատվաստանյութն արտադրվում է AstraZeneca-SKBio հարավկորեական ընկերության կողմից։
Դա պատվաստանյութերի առաջին խմբաքանակն է, որը Վրաստանը ստացել է։
Պատվաստանյութի գնման հարցում Վրաստանի կառավարությանն օգնել է ՄԱԿ մանկական հիմնադրամը։ Վրաստանում պատվաստումը կսկսվի երկրի 82 բուժհաստատություններում։