Վրաստանում պատվաստման հակառակորդների 37,5 %-ը վախենում է անպտղությունից կամ մահվանից
Վրաստանում պատվաստման հակառակորդների 37,5 տոկոսը որպես պատվաստանյութի նկատմամբ իրենց վերաբերմունքի պատճառ նշում է չբերության կամ մահվան վախը։
Վրաստանի Վիճակագրության ազգային վարչությունն ուսումնասիրել է պատվաստման գործընթացը երկրում։ Հարցման տվյալներով՝ հարցվածների միայն 28,8 տոկոսն է պատրաստ պատվաստվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով։ 10,4 տոկոսն ասում է, որ հազիվ թե պատվաստվի, 31,4 տոկոսը դա բացառում է, իսկ 29,5 տոկոսը չի կողմնորոշվել։
Տվյալները ստացվել են 2021 փետրվար-մարտին, երբ Վրաստանում նոր էր սկսվել պատվաստման գործընթացը։
Որպես չպատվաստվելու հիմնական պատճառ նշվել են պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները, մահվան կամ անպտղության սպառնալիքը։
Ըստ վիճակագրական ծառայության՝ պատվաստանյութերին Վրաստանում վստահում է հարցվածների 57,7 տոկոսը։ Այս ցուցանիշը նույնպես տատանվում է՝ կախված բնակության վայրից․ 60,7 տոկոսը՝ քաղաքներում, 53,4 տոկոսը՝ գյուղերում։
Վրաստանում պատվաստումը խթանելու նպատակով մեկնարկել է «Պատվաստվի՛ր և շահի՛ր» արշավը։ Ազգային վիճակահանության ընկերությունը հայտարարություն է հրապարակել, որի համաձայն՝ բոլոր մարդիկ, որոնք պատվաստվել են գոնե մեկ անգամ, հնարավորություն կունենան դրամական պարգևներ շահելու։
Վրաստանում հավելված է մշակվում, որը կպարզի քաղաքացու կովիդ-կարգավիճակը QR-կոդի օգնությամբ։ Հավելվածը լիարժեք տեղեկություններ կպարունակի PCR և արագ թեստերի արդյունքների և պատվաստման մասին։
Վերջին ամիսներին գրանցվել է կորոնավիրուսով վարակման օրական մինչև չորս հազար դեպք և մինչև 80 մահվան դեպք, իսկ պատվաստման գործընթացը Վրաստանում զգալիորեն դանդաղել է։
Վերջին 24 ժամում երկրում գրանցվել է կորոնավիրուսի 2 515 նոր դեպք, 60 մարդ մահացել է։
Սեպտեմբերի 15-ի դրությամբ 1 561 228 պատվաստում է արվել․
919 876 մարդ պատվաստվել է նվազագույնը մեկ դեղաչափով․ դա չափահաս բնակչության 32,2 տոկոսն է;
Ամբողջությամբ պատվաստվել է 641 352 մարդ, կամ չափահաս բնակչության 22,5 տոկոսը։