Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի 9-ին աշխատանքային այցով Երևանում գտնվելիս հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ղարիբաշվիլին վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար Վրաստանի ակտիվ միջնորդական դերը շարունակելու պատրաստակամությունը։ Մասնավորապես, այս նպատակին կօգնի «Հարավային Կովկասում բարիդրացիության և խաղաղության նախաձեռնության» իրականացումը, որի մասին Իրակլի Ղարիբաշվիլին հաղորդել էր ՄԱԿ-ում 2021 թ․ հոկտեմբերի սկզբին ունեցած իր ելույթի ժամանակ։
Ենթադրվում է, որ այս նախաձեռնությունում Հարավային Կովկասի երկրներից զատ ներգրավված կլինեն նաև միջազգային գործընկերներ։
Հանդիպմանը ցավակցություն են հայտնել մարդկանց, որոնց հարազատները մահացել են Բաթումում հոկտեմբերի 8-ին բնակելի շենքի փլուզման հետևանքով։
Տասն օր առաջ Վրաստանի վարչապետն այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպել էր այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իր այցի ընթացքում Գիորգի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանն ուզում է իր օգտակար ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման գործընթացում, որը սկսվել է մի քանի ամիս առաջ։
2021 թ. հունիսի 12-ին Ադրբեջանն ազատ էր արձակել Հայաստանի 15 քաղաքացիներին, որոնք գերեվարվել էին Արցախյան պատերազմի հետևանքով։ Այդ գործընթացում ակտիվ միջնորդներ էին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիկերը։ Գերիները տուն էին վերադարձել Վրաստանի տարածքով։
«Այս կարևոր գործընթացը զգալի խթան կհանդիսանա Վրաստանի անմիջական հարևանների միջև հարաբերություններում առկա լարվածության հետագա թուլացման համար», — այն ժամանակ հայտարարել էր Վրաստանի կառավարությունը։