«Հույսս դնում եմ ձեզ վրա»․ Վրաստանի նախագահի կոչը երիտասարդներին
Վրաստանի նախագահ. ընտրություններն ամեն ինչ
Վրաստանի երիտասարդ քաղաքացիները «հսկայական աշխատանք» են կատարել։ Հունիսի 11-ին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Նախագահի հետ հանդիպմանը ներկա են եղել նաև մի խումբ երիտասարդներ, ովքեր սուլելով ու բղավելով փորձել են խափանել Զուրաբիշվիլիի ելույթը։ Սակայն դա նրանց չի հաջողվել, շուտով ամբողջ խումբը լքել է հանդիպման վայրը։
Էլ ի՞նչ է ասել նախագահը
«Մենք պետք է միասին անենք բոլոր աշխատանքները, որպեսզի պատրաստվենք գալիք [հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական] ընտրություններին։ Մեր միջև տարբերություն չկա, բացի կես դարից, բայց դա հաշիվ չէ։ Տարբերություն չկա, երբ խոսքը երկրի հանդեպ սիրո, հայրենիքը փրկելու, պետություն կառուցելու մասին է։
Մենք միասին ենք այս բոլոր հարցերում։ Հնարավոր է, որ ես ֆիզիկապես ներկա չլինեմ այնտեղ, որտեղ դուք կանգնած եք [փողոցային ցույցերին], և տա Աստծված, որ ես ստիպված չլինեմ այնտեղ լինել: Բայց մենք միասին ենք լինելու ընտրություններին նախապատրաստվելու, մեր սփյուռքը մոբիլիզացնելու, ձայները պաշտպանելու գործում։ Ես հույսս դնում եմ ձեզ վրա, դուք էլ կարող եք հույս դնել ինձ վրա»։
«Եթե հաղթենք ընտրություններում, Վրաստանը կունենա շանս՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցություններ սկսել 2025 թ․-ին»
«Վրաստանը ունի շանս, որ 2025 թվականին Եվրամիությունը նրան հնարավորություն կտա կառույցին միանալու բանակցություններ սկսել։ Դա կարող է տեղի ունենալ, եթե Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվեն համապատասխան կերպով։
Դուք աշխարհին արդեն ցույց եք տվել ձեր կրեատիվությունն ու ուժը, որ և՛ Վրաստանի քաղաքացի եք, և՛ եվրոպացի։ Դուք ցույց տվեցիք, որ մեր երկիրը եվրոպականից բացի այլ ապագա չի կարող ունենալ։ Շատ շնորհակալ եմ այդ մեծ աշխատանքի համար:
Ինչ-որ մեկը կարող է մտածել՝ ի՞նչ աշխատանք, եթե մենք չկարողացանք հաղթել, և «ռուսական օրենքը» [«օտարերկրյա գործակալների մասին] ընդունվեց։ Բայց դուք հաղթողներ եք:
Այդ օրենքը, որն արդեն ընդունվել է, և շատ այլ օրենքներ, որոնք ոչ պակաս «ռուսական» են՝ այդ բոլոր օրենքները կարող են չեղյալ համարվել խորհրդարանի մեկ նիստում՝ ձեռքի մեկ շարժումով։ Այդպես է գրված նաև «Վրացական խարտիայում» [խորհրդարանական ընտրություններին մեկ՝ արևմտամետ ծրագրով ներկայանալու մասին փաստաթուղթ, որը ստորագրել է ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը]։
Երբ նրանք ձեր օգնությամբ գան իշխանության, կվերացնեն այդ օրենքները, և դա կլինի ձեր հաղթանակը։
Ակնհայտ է, որ հաղթանակը կախված է միայն մեկ բանից՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։ Ժողովրդավարական երկրում այլ ճանապարհ լինել չի կարող»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Վրաստանի նախագահ. ընտրություններն ամեն ինչ
Վրաստանի նախագահը հանդիպել է երիտասարդների հետ