Վրաստանի հիվանդանոցներում գրեթե տեղ չի մնացել․ կորոնավիրուսով վարակման կտրուկ աճ է գրանցվել
Վրաստանում արդեն գրեթե ազատ տեղեր չկան հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճի պատճառով, արագ աճում է նաև վարակված երեխաների թիվը, օգոստոսի 6-ին հայտարարել է առողջապահության նախարար Եկատերինա Թիկարաձեն․
«Ռեսուրսները գնալով պակասում են։ Պետք է նաև հաշվի առնել, որ բժիշկները խիստ հոգնած են, նրանք այս ռեժիմով աշխատում են արդեն ավելի քան մեկուկես տարի։ Հույսս հասարակության ողջամտությունն է և այն, որ մարդիկ կսատարեն բժիշկների ջանքերն ու կհետևեն կանոններին՝ սեփական վարակումը կանխելու համար»։
Վերջին տասն օրում նկատվում է «Դելտա» շտամով վարակման քանակի ոչ թե հետևողականորեն, այլ թռիչքաձև աճ, օրական վարակվում է շուրջ 4 000 մարդ, ասել է Թիկարաձեն։
Նա ծայրահեղ կարևոր է համարել բնակչության զանգվածային պատվաստումը։
Օգոստոսի 6-ին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 780 նոր դեպք, ևս 30 մարդ է մահացել։ Վրաստանում վարակից մահացածների թիվը գերազանցել է 6 հազարը։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Վրաստանում վարակման դեպքերի 20-30 տոկոսն այսօր բաժին է ընկնում «Դելտա» շտամին, և այս թիվը դեռ աճելու է։
Հուլիսի սկզբին առողջապահության նախարարությունը զգուշացնում էր, որ Վրաստանում կարող է սկսվել կորոնավիրուսի համավարակի չորրորդ լուրջ ալիքը։