Վրաստանի ընդդիմության առաջնորդներից մեկն ու Թբիլիսիի նախկին քաղաքապետը երեք տարվա ազատազրկման է դատապարտվել
Կիսվել
Կիսվել
Երեք տարով և երկու ամսով ազատազրկում․ այսպիսին է Թբիլիսիի նախկին քաղաքապետ, իսկ այժմ «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավայի դատավճիռը։ Վրաստանի գերագույն դատարանը նրան մեղավոր էր ճանաչել 48 մլն լարիի [շուրջ $17 մլն] մսխման համար։
Ի սկզբանե Գերագույն դատարանն Ուգուլավային դատապարտել էր ինը տարվա ազատազրկման։
Սակայն, հաշվի առնելով համաներման մասին օրենքն ու այն, որ Ուգուլավան արդեն պատիժ կրել է բանտում, նրան դատապարտել են երեք տարվա, երկու ամսվա և ութ օրվա ազատազրկման։
Ըստ նրա փաստաբան Բեքա Բասիլայայի՝ որոշումն արդեն ուղարկվել է կատարման։
Ուգուլավան այս որոումն արդեն անվանել է «Բիձինա Իվանիշվիլիի հրաման»։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մի խոսքով, ես դեռ հստակ չեմ հասկացել, բայց այդ շիզոֆրենիկներն ինձ ինչ–որ բանի են դատապարտել։ Պայքարը շարունակվում է՝ հանգիստ, հաստատուն և ժպիտով»։
Գիգի Ուգուլավան արդեն պատիժ կրել է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում իր աշխատանքի առնչությամբ։ 2015–2017 թթ-ին նա դատապարտվել էր այսպես կոչված «Թբիլսերվիս» ընկերության և Ռիկեի այգու գործով։ Այն ժամանակ նրան նույնպես մեղադրում էին փողերի մսխման և ծառայողական դիրքի չարաշահման համար։ Ուգուլավան իրեն մեղավոր չէր ճանաչել։
Ինչպես այն ժամանակ, այժմ էլ ընդդիմության առաջնորդները պնդում են, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն Ուգուլավային հետապնդում է քաղաքական շարժառիթներով։