Վրաստանը համավարակի կիզակետում․ վարակման և մահվան նոր դեպքերի ռեկորդային քանակ
Վրաստանում կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքի գագաթնակետն է։ Մահացությունն արդեն գերազանցում է օրական քառասուն դեպքը, իսկ վարակման օրական դեպքերի թիվը վաղուց հատել է չորս հազարի սահմանը։
Օգոստոսի 10-ին հաստատվել է վարակման ռեկորդային 5 697 նոր դեպք, 54 մարդ մահացել է։
Համակարգման խորհրդի որոշմամբ՝ օգոստոսի 10-ից դիմակ կրելը կրկին պարտադիր է դարձել նաև բացօթյա տարածքներում, եթե հինգ և ավելի մարդ է հավաքվում մի վայրում։ Այս պահանջի խախտումը կրկին 20 լարիով [մոտ $6] է տուգանվում։
Մինչ այս դա պարտադիր էր միայն փակ տարածքներում և փողոցի այն հատվածներում, որտեղ շատ մարդ է հավաքվում՝ տոնավաճառներում, կանգառներում և այլն։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը խորհուրդ է տալիս չեղարկել բոլոր զանգվածային միջոցառումները կամ գոնե նվազագույնի հասցնել դրանց մասնակիցների թիվը։
«Պետք է պահպանվի 1.5-2 մ հեռավորության պահպանման կանոնը։ Խորհուրդ է տրվում նաև, որ միջոցառումների մասնակիցներն ամբողջությամբ պատվաստվեն կամ ՊՇՌ-թեստ հանձեն վերջին 72 ժամում կամ վերջին 24 ժամում հակամարմինների թեստ հանձնեն», — ասում է կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն։
Համաճարակի սրացման առնչությամբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես չեղարկել է բոլոր մասշտաբային միջոցառումները, այդ թվում՝ նախագահական պալատում վրացի օլիմպիականների պլանավորված ընդունելությունը։