Վրաստանը դիմել է ՆԱՏՕ–ի օգնությանը
Համաճարակի դեմ պայքարում Թբիլիսիին ամբողջությամբ վերազինված 100 դաշտային հոսպիտալ է անհրաժեշտ
Կորոնավիրուսի թեթև տեսակով հիվանդ մարդկանց չեն հոսպիտալացնի։ Ինչպես նշել է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն, այդ հիվանդները բուժում են ստանալու կարանտինի պայմաններում։ Այս միջոցը կօգնի խուսափել հիվանդանոցների ավելորդ ծանրաբեռնվածությունից, միաժամանակ կնվազեցնի վարակված անձի ընտանիքի անդամների վարակվելու ռիսկը։
Ըստ ապրիլի 7–ի ժամը 10.00–ի տվյալների՝ Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 195 դեպք։ Կարանտինի մեջ է 4735 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 383 մարդ։ 39 հիվանդ ապաքինվել է, երկուսը՝ մահացել։
Կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներից 81–ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել։ Նրանցից մեկի վիճակը կրիտիկական է, նա միացված է արհեստական շնչառության սարքին։ Հիվանդների թվում է երկու հղի կին։ Նրանք իրենց լավ են զգում։
Ըստ worldometers.info ռեսուրսի՝ Վրաստանում 1 միլիոն բնակչից 692–ն է կորոնավիրուսի առկայության ստուգում անցնում, և դա Եվրոպայում ամենացածր ցուցանիշներից մեկն է։ Դրանից ավելի ցածր է միայն Ուկրաինայի ցուցանիշը․ 1 միլիոնից ստուգվում է միայն 146–ը։ Ադրբեջանում ստուգվում է 1 միլիոնից 4438–ը, Հայաստանում՝1735–ը։
Ապրիլի 3–ին Վրաստանը պանդեմիային հակազդելու շրջանակում դիմել է «Աղետներին արձագանքելու ՆԱՏՕ–ի կենտրոնին (EADRCC)՝ 100 հսկիչ անցակետի վերազինման հարցում օգնության խնդրանքով։ Դրա համար ահրաժեշտ է 100 դաշտային խոհանոց, 100 դաշտային բուժկետ, 2500 արշավական մահճակալ, 100 գեներատոր, 100 սառնարան, 100 էլեկտրական թեյնիկ և այլն։
Սամեգրելոյի շրջանը կարող է փակվել
Համաճարակաբանները դեռևս փորձում են պարզել 33-ամյա մարզիկի շփումների շրջանակը, որը, չնայած հայտարարված արտակարգ դրությանը, Թբիլիսիից մեկնել էր Սամեգրելո՝ այցելելու շրջանի տարբեր քաղաքներում գտնվող ազգականներին՝ Զուգդիդիում, Ցալենջիխայում և Չխորոցկուում։ Ապրիլի 4–ին նրա մոտ covid-19 էր հաստատվել, նա այժմ բուժվում է հիվանդանոցներից մեկում։ Նրա խոսքով՝ ինքը շփվել է 17 անձանց հետ։
Անակլիայի կարանտինային գոտի է տեղափոխվել 17 մարդ։ Նրանց թվում մի հղի կին և երկու մանկահասակ երեխա կա։ Վարակված մարզիկի հետ ուղղակի և միջնորդավորված շփումներ ունեցածների ցանկում արդեն ավելի քան 90 մարդ կա։ Ըստ մարզպետարանի ներկայացուցիչների՝ եթե շփվածներից մի քանիսի մոտ ախտորոշումը հաստատվի, Սամեգրելոն ամբողջությամբ կփակվի։
Սաչխերե քաղաքի հիվանդանոցի 100 աշխատակից, որտեղ բժիշկ–վարակաբաններից մեկը հիվանդից վարակվել էր, «արագ թեստերով» կորոնավիրուսի ստուգում է անցել։ Նոր վարակվածներ չեն հայտնաբերվել, այնուամենայնիվ, նվազագույնը 10 աշխատակից ինքնաամեկուսացման մեջ է։ Հիվանդանոցն աշխատում է սովորական ռեժիմով։
Կորոնավիրուսի առկայություն է հաստատվել Ազգային բանկի ևս 9 աշխատակցի մետ։ Նրանք բոլորը շփվել են ավելի վաղ վարակված 7 գործընկերների հետ։ Վարակի փոխանցումն, ըստ ամենայնի, կատարվել է թղթադրամների միջոցով։
Վարակի ներքին տարածման առաջին դեպքն է գրանցվել Բաթումում․ 60-ամյա կինն օգնության է դիմել որովայնի հատվածում ցավերի և փորլուծության պատճառով։ Շտապօգնության բոլոր 6 բժիշկները, որոնք շփվել են նրա հետ, ինքնամեկուսացման մեջ են։
Կանխարգելիչ նպատակներով Վրաստանում փակ են բոլոր ագրարային շուկաները Թբիլիսիում և Կախեթիի շրջանում, ինչպես նաև Արևմտյան Վրաստանի Սենակի և Զուգդիդի քաղաքներում։ Փակ է Փոթիի շուկան, որտեղ բոլոր առևտրականներն ու գնորդները մուտքից առաջ ջերմաչափում էին անցնում, իսկ թղթադրամներն ախտահանվում և անգամ արդուկվում էին։
- Կորոնավիրուսը Կովկասում։ Թարմացվում է
- Թբիլիսին՝ կորոնվիրուսի համաճարակի օրերին, ապրիլն եկավ։ Տեսանյութ
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020 թ–ի փետրվարի 26–ին։ Վրաստանում պանդեմիային հակազդելու համար մարտի 21–ին արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ 31–ից՝ համընդհանուր կարանտին։