Սրացում Արցախում․ հայկական և ադրբեջանական կողմերի վարկածները
Բաքվում և Երևանում հաստատում են զինված գործողությունների փաստն Արցախի երկու գյուղերի շրջանում և խոսում նոյեմբերի տասի հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի խախտման մասին։ Կան զոհեր և վիրավորներ։
Դեռ հնարավոր չէ ասել, թե արդյոք դադարեցված են ռազմական գործողությունները։ Կողմերը նաև կատարվածի իրարամերժ վարկածներ են ներկայացնում։
Ադրբեջանը հայտարարել է հայ զինյալների դեմ հակաահաբեկչական գործողության, Հայաստանը՝ խաղաղ բնակիչների վրա ադրբեջանցի զինվորականների հարձակման մասին։
Տեղեկություններ Բաքվից
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն ու պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 13-ին համատեղ հայտարարություն են տարածել, որում խոսվում է Արցախի Մարտունու շրջանի տարածքում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հակաահաբեկչական գործողություն իրականացնելու մասին։
«Ադրբեջանի Խոջավենդի շրջանի Հադրութ ավանի հյուսիս-արևմտյան հատվածում հրադադարի հայտարարումից հետո անտառային տեղանքում հայկական որոշ զինված կազմավորումներ են մնացել։
Հայկական լրատվամիջոցներում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ նրանք մոլորվել են անտառում։ Հայկական կողմը դիմել է ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությանը տարածքից նրանց դուրս բերելու համար, և ադրբեջանական կողմը դրա համար պայմաններ է ապահովել։
Բարդ եղանակային պայմաններում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները դեպքի վայր են ժամանել և բարձրախոսների օգնությամբ դիմել անտառում գտնվող հայկական զինված կազմավորումներին […]։
Սակայն [զինյալները] չեն լքել տարածքն ու փոխարենն այնտեղ մարտական դիրք են ստեղծել […] և մի քանի օր դիվերսիաներ իրականացրել քաղաքացիական գործունեություն ծավալող անձանց և զինվորականների նկատմամբ։
Այսպես, նոյեմբերի 26-ին Խոջավենդի շրջանի՝ օկուպացիայից ազատագրված Սուր գյուղում պաշտպանության նախարարության զինծառայողների վրա անսպասելի հարձակման հետևանքով ադրբեջանցի երեք զինծառայող է սպանվել, երկուսը վիրավորվել են։
Դեկտեմբերի 8-ին Հադրութ ավանի մերձակայքում կապի սարքավորման տեղադրման ժամանակ ևս մեկ զինծառայող է զոհվել, ծանր վիրավորվել է «Azercell» ընկերության աշխատակիցը։
Հաշվի առնելով այս ամենը՝ Ադրբեջանը ստիպված է եղել այդ տարածքում հակաահաբեկչական գործողություն անցկացնել»։
Տեղեկություններ Երևանից
Հայաստանի ԱԳՆ-ն դեկտեմբերի 13-ին հայտարարել է, որ «Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում»։
Հայաստանի ԱԳՆ տեղեկության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին, վիրավորվել է Արցախի Պաշտպանության բանակի վեց զինծառայող։
«Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ: […] Նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում:
Ադրբեջանական կողմը տվյալ սադրանքը հրահրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցելության օրերին: Այս մարտահրավերն ուղղված է [նրանց] ջանքերի դեմ։ […]
Նման գործելաոճը ևս մեկ անգամ ի ցույց է դնում թուրք-ադրբեջանական ծավալապաշտական քաղաքականությունը, ինչը շարունակում է խաթարել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը և հղի է ծավալմամբ հարակից տարածաշրջաններ:
Պաշտոնական Բաքվի այս գործողություններն առավել հրամայական են դարձնում […] Արցախի տարածքների դեօկուպացիան և արցախահայության վերադարձը իրենց բնակության վայրեր»։
Հայաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին արձագանքել ադրբեջանական կողմի գործողություններին։