Սաակաշվիլին դիմել է Ուկրաինայի նոր նախագահին՝ խնդրելով վերադարձնել իր քաղաքացիությունը
Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ խնդրելով վերադարձնել իրեն Ուկրաինայի քաղաքացիությունը: Ըստ «Գրոմադսկոյե»-ի, այդ մասին հայտնել է Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին:
«Շարունակում ենք նոր փուլը և ակտիվ պաշտպանությունը՝ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինա վերադարձնելու ուղղությամբ: Եկել է նոր դարաշրջան՝ նոր նախագահ»,- գրել է նա:
•Մեկնաբանություն. Սաակաշվիլին Ուկրաինայում. սկիզբ և ավարտ
Պաշտպանը պատմել է, որ մայիսի 22-ին եկել է նախագահի աշխատակազմ և հանձնել դիմումը:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտնել էր, որ դիմել է ՆԳՆ ղեկավարությանը, սահմանային ծառայությանը և Անվտանգության ծառայությանը՝ խնդրելով հանել իր նկատմամբ Ուկրաինա մուտք գործելու արգելքը:
Մարտի 31-ին՝ Ուկրաինայում նախագահական ընտրությունների օրը, Վլադիմիր Զելենսկին, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել էր, որ ողջունում է Սաակաշվիլիի վերադարձը Ուկրաինա.
«Թող գա: Կարծում եմ, որ Միխեիլ Սաակաշվիլին այժմ ամենակարևոր դերն է խաղում, երբ պաշտպանում է Ուկրաինայի ժողովրդավարությունը Եվրոպայում, և դա ցույց է տալիս իր գործողություններով: Նա լուրջ դիվանագետ է և լուրջ խորհրդատու բոլոր մարդկանց համար, բոլոր թեկնածուների համար, ովքեր այսօր մուտք են գործում քաղաքականություն <…> Ես կարծում եմ, որ այնպիսի մարդու օգնությունը, ինչպիսին Սահակաշվիլին է, բոլորին պետք կգա»:
Ինչպես է Սաակաշվիլին ձեռք բերել և կորցրել Ուկրաինայի քաղաքացիությունը
Ուկրաինայի քաղաքացություն Վրաստանի նախկին նախագահին տվել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն 2015թ., երբ Սաակաշվիլին նշանակվեց Օդեսայի շրջանի նահանգապետ: 2016թ. վերջին Սաակաշվիլին հրաժարական ներկայացրեց և նախագահ Պորոշենկոյին մեղադրեց կոռուպցիայի և բարեփոխումներ անցկացնելու ցանկության բացակայության մեջ: Սաակաշվիլին հայտարարեց, որ ստեղծում է սեփական կուսակցությունը և անցնում է ընդդիմություն:
2017թ. հուլիսին նախագահ Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկեց Ուկրաինայի քաղաքացիությունից: Նման որոշման համար պատճառ հանդիսացավ այն, որ Սաակաշվիլին իբր քաղաքացիության համար դիմելիս թաքցրել է Վրաստանում իր դեմ հարուցված քրեական գործերի մասին տեղեկատվությունը:
2017թ. դեկտեմբերին Ուկրաինայի դատախազությունը Սաակաշվիլիին մեղադրեց «ի վնաս պետության շահերի՝ հանցավոր կազմակերպության մասնակիցներին աջակցելու և հանցավոր կազմակերպությանն օժանդակելու մեջ». իբր նա բողոքի ակցիաներ կազմակերպելու համար գումար էր ստացել Ռուսաստանից՝ Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչին մոտ կանգնած անձանցից: Սաակաշվիլին այդ ժամանակ ձերբակալվեց, բայց Ուկրաինայի դատարանը հաջորդ օրը նրան ազատ արձակեց:
2018թ. փետրվարին Սաակաշվիլին Ուկրաինայից արտաքսվեց Լեհաստան: Այժմ նա ապրում է Նիդերլանդներում: