Վրաստանի նախկին նախագահին քաղաքացիությունից զրկելով՝ Պորոշենկոն ստորագրեց ընտրովի արդարադատության և օլիգարխիկ կառավարմման օրինականացման տակ" />

Մեկնաբանություն. Սահակաշվիլին Ուկրաինայում. սկիզբն ու ավարտը

Վրաստանի նախկին նախագահին քաղաքացիությունից զրկելով՝ Պորոշենկոն ստորագրեց ընտրովի արդարադատության և օլիգարխիկ կառավարմման օրինականացման տակ

Միխայիլ Սահակաշվիլիին ուկրաինական քաղաքացիությունից զրկելն անսպասելի չէր. հատկապես Ուկրաինայի նախագահի՝ Թբիլիսի այցելությունից և Վրաստանի նախկին նախագահի թեմայով նրա աղոտ ակնարկներից հետո: Պորոշենկոյի որոշումը ոչ միայն վերջակետ դրեց Ուկրաինայում Սահակաշվիլիի գործունեությանն, այլ նաև վերջնականապես փակեց «վրացական բարեփոխումների թեման»: Մեթոդը, որն օգտագործվեց Ուկրաինայի նախագահի կողմից ընդդիմադրից ազատվելու համար, կարող է լրջորեն վնասել նրա անձնական հեղինակությանը և Ուկրաինայի հեղինակությանը:

Նախագահի խորհրդականի պաշտոնից մինչև ընդդիմադրի կարգավիճակ

Դեռևս Մայդանի ժամանակ՝ 2013թ-ի դեկտեմբերին ես ինքս եմ վկա եղել այն բանի, թե ինչ համբավ ուներ Միխայիլ Սահակաշվիլին բողոքի ակցիաների մասնակիցների շրջանում: Բեմից նրա ելույթն այնպիսի հիացմունքի արժանացավ, ինչպիսին չէր արժանացել Մայդանի առաջնորդներից ոչ ոքի ելույթը: Իսկ երբ Սահակաշվիլին իջավ բեմից և որոշեց մարդկանց հետ լինել, նրա համբավը քիչ էր մնացել կողոսկրերիս սպառնար. այդպիսի հրմշտոցում էի ստիպված աշխատել:

Հենց այդ համբավն էր այն բանի պատճառը, որ իշխանության գալուց հետո նախագահ Պորոշենկոն նրան իր խորհրդականը նշանակեց, իսկ կառավարությունում առանցքային պաշտոնների նշանակվեցին Սահակաշվիլիի թիմի անդամները: Դրանով Պորոշենկոն ուկրաինական հասարակությանը ցույց տվեց, որ իրականում բարեփոխումների անցկացում է ցանկանում:

Թե ինչու նա այդպիսի որոշում կայացրեց, հասկանալի է. Վրաստանում Սահակաշվիլիի նախագահության տարիներին՝ 2004-2012թթ-ին, անցկացված բարեփոխումները շատ ավելի հայտնի էին Ուկրաինայում, քան հենց Վրաստանում: Մասամբ՝ շնորհիվ վրացական իշխանության փիար-արշավի, մասամբ էլ՝ շնորհիվ Վրաստանում եղած ուկրաինացիների, որոնց մեծ մասը չէր թաքցնում իր հիացմունքը:

Սահակաշվիլիին Օդեսայի շրջանի մարզպես նշանակելն ու նրան ուկրաինական քաղաքացիություն տրամադրելը դիտարկվում էր որպես այդ քաղաքականության շարունակություն. հույս հայտնվեց, որ Սահակաշվիլիին հնարավորություն կտան Օդեսայում լոկալ, «պիլոտային» ռեֆորմներ անցկացնել, որոնք հետո կտարածվեն ողջ Ուկրաինայում:

Այսօրվա տեսանկյունից Սահակաշվիլիի հենց այդ քայլն է որպես գլխավոր սխալ երևում. Ուկրաինայում քաղաքական պաշտոն զբաղեցնելը ոչ միայն նրան զրկեց վրացական քաղաքացիությունից, այլ նաև, ինչպես պարզվեց, դարձավ  Ուկրաինայում նրա գործունեության ավարտի սկիզբը:

Մարզպետի պաշտոնում Սահակաշվիլին սկսեց մի շարք նախաձեռնություններ իրականացնել. շրջանային ադմինիստրացիաների ղեկավարներին մրցույթի միջոցով նշանակելը, տեղական մաքսատան աշխատանքի կանոնակարգումը, նավահանգստի ղեկավարության հրաժարականը, Օդեսա-ռենի ռազմավարական կարևորություն ունեցող ճանապարհի վերականգնումը, ճանապարհային ոստիկանության ոլորտում ստեղծման աջակցությունը, վարչական ծառայությունների կենտրոնի բացումը (վրացական Արդարադատության տան օրինակով):

Տեղական և կենտրոնական իշխանության դիմադրության պատճառով Օդեսայում Սահակաշվիլիի բարեփոխումներից ոչ մեկը չհաջողվեց ավարտին հասցնել:

Փոխարենը նախագահ Պորոշենկոն լավ օգտագործեց Օդեսայի մարզպետին քաղաքական հակառակորդներից ազատվելու համար՝ սկզբում Իգոր Կոլոմոյսկուց, այնուհետև՝ վարչապետ Յացենյուկից: Միաժամանակ Սահակաշվիլին հանրային կերպով ստիպված էր աջակցել նախագահի թիմի կոռումպացված և անցանկալի քաղաքական գործիչներին, ինչը բացասաբար անդրադարձավ նրա հեղինակության վրա:

Լուսանկարը՝ ՌԻԱ Նովոստիի

Այդ ամենն ավարտվեց նախորդ տարվա նոյեմբերին, երբ Սահակաշվիլին հրաժարական տվեց մարզպետի պաշտոնից, բաց կոնֆլիկտի մեջ մտավ նախագահ Պորոշենկոյի հետ և նրան մեղադրեց կոռուպցիայի հովանավորչության համար: Սահակաշվիլին ստեղծեց իր սեփական «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը և փաստացի կոնֆլիկտի մեջ մտավ ողջ ուկրաինական քաղաքական էլիտայի հետ: Սակայն Ուկրաինայում առանց մեծ փողերի և մեդիառեսուրսների որևէ քաղաքական հաջողության հասնել գործնականում անհնար է:

Քաղաքական գործիչ Սահակաշվիլին համատեղության կարգով հեռուստահաղորդավար դարձավ. մինչև հունիսի վերջ նա հաղորդում էր վարում ZIK հեռուստաընկերության եթերում:

Սակայն հանգամանքները փոխվեցին: Սահակաշվիլին արդեն այնքան մեծ համբավ չուներ, որքան մարզպետ նշանակվելուց առաջ: Դրան օգնեց նաև իշխանամետ կուսակցությունների կողմից պրոպագանդան: Օրինակ, Ուկրաինայում շատերը հավատացին, որ Սահակաշվիլին «շատ է խոսում և ոչինչ չի անում»: Եվ քչերն էին գիտակցում, որ նրան ինչ-որ բան անելու հնարավորություն պարզապես չտվեցին: Տարածված միֆ դարձավ նաև այն, որ Վրաստանում բարեփոխումները ղեկավարում էր միայն Կախա Բենդուկիձեն, իսկ Սահակաշվիլին կապ չուներ: Այդ մեսիջները բավականին հաջող էին և Պորոշենկոյի համար բարենպաստ ֆոն ստեղծեցին: Այդ պատճառով էլ Ուկրաինայի նախագահն, ըստ ամենայնի, հասարակության կամ ընդդիմության կողմից որևէ լուրջ պատասխան չի ակնկալում: Բացի այդ, պահն է ճիշտ ընտրված. ամառ է և արձակուրդների շրջան:

Ուկրաինան առանց Սահակաշվիլիի

Ուկրաինական քաղաքական գործիչների և հասարակության մեծ մասի առաջին արձագանքը վրդովմունքն էր. Ուկրաինայի նախագահին համեմատեցին նրա նոխորդի՝ Վիկտոր Յանուկովիչի հետ, որը բանտ նստեցրեց իր քաղաքական ախոյան Յուլյա Տիմոշենկոյին:

Սահակաշվիլիի դեպքում քաղաքացիությունից զրկելու քաղաքական շարժառիթն ու օրենքների ընտրական կիրառումն այնքան ակնհայտ և անվիճելի է, որ դա ակնհայտ Պորոշենկոյի և Ուկրաինայի որպես ժողովրդավարական պետության  հեղինակության օգտին չի լինի:

Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելով՝ Պորոշենկոն վերջնականապես վերջակետ դրեց «վրացական բարեփոխումների» թեմային և բոլոր հույսերին, որոնք կապված էին «վրացական թիմի» գործունեության հետ:

Բարեփոխումները, որոնց իրականացումը պլանավորում էր «վրացական թիմը» տարբեր գերատեսչություններում հաջողվեցին միայն մասամբ կամ ամբողջությամբ ձախողվեցին: Նոր պարեկային ոստիկանության աշխատանքի արդյունավետությունն այն պայմաններում, երբ քրեական ոստիկանությունը հին կադրերով է աշխատում և կոռումպացված է, շատ ցածր էր: Դատարանները նախկինի պես շատ կոռումպացված են և պետության դեմ են գործում. հասնում է նրան, որ նրանք գրավի դիմաց ազատում են անջատողականներին և պետության դեմ հանցագործության համար կասկածվողներին: Ձախողվեցին դատախազության բարեփոխման փորձերը: Միջազգային վարկանիշերի համաձայն՝ Ուկրաինան նախկինի պես Եվրոպայի ամենակոռումպացված պետությունն է:

Առանձին հաջողություններ, այդ թվում՝ հակակոռուպցիոն բյուրոյի ստեղծումը չեն գերակշռում ընդհանուր անհույս և ծանր իրավիճակը. փաստ է, որ Մայդանից հետո երրորդ տարում երկրում նույնպիսի օլիգարխիկ կառավարման համակարգ է, ինչպես հեղափոխությունից առաջ: Երկրի տնտեսությունը, լրատվամիջոցները, քաղաքական ուժերը նախկինի պես բաշխված են օլիգարխների միջև:

Դա շատ լավ տեսնում են Արևմուտքում, որից Կիևն անընդհատ օգնություն է խնդրում ռուսական ագրեսիայի դեմ պայքարելու համար: Սակայն գործընկերները մեկ անգամ չէ, որ ուկրաինական իշխանություններին հիշեցրել են բարեփոխումների անցկացման անհրաժեշտության մասին:

Արևմուտքի աչքերում Պորոշենկոյի վերջին որոշումն, ըստ ամենայնի, կընկալվի որպես նույքան ամոթալի մի բան, որքան, օրինակ, Թբիլիսիի կենտրոնից ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի անհետացումը, որն այնուհետև ադրբեջանական բանտում հայտնվեց:

Իսկ ուկրաինական հասարակության համար դա ազդակ կլինի, որ նոր իշխանությունը քիչ բանով է տարբերում նախորդից. ոչինչ չի փոխում, և երկրում կրկին ընտրական արդարադատություն և օլիգարխիկ կառավարում է:.

«Երազողների» երազանքը

Միակ կողմը, որը միանշանակ գոհ էր ստեղծված իրավիճակից, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ու նրա ոչ պաշտոնական առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին է: Ուկրաինայում Սահակաշվիլիի վերջին տարիները հսկայական խնդիր էր կուսակցության համար:

Եվ ոչ միայն այն պատճառով, որ Ուկրաինան Սահակաշվիլիին չէր հանձնում. նրանք դրա հույսը հավանաբար չունեին էլ: Գլխավորն այն էր, որ Վրաստանից վռնդված նախկին նախագահն ու նրա թիմի անդամները պատվով ընդունվել էին ուրիշ երկրում և նույնիսկ պաշտոններ էին ստացել: Դա հնարավոր չէր բացատրել «Վրացական երազանքի» ընտրողներին . չէ՞ որ իշխող կուսակցությունը բոլորին ապացուցում էր, որ Սահակաշվիլիի բարեփոխումներն իրականում սուտ են ու բլեֆ, և որ նրան անգամ հաջողվել է խաբել միջազգային վարկանիշները:

Սահակաշվիլիի անցումն ընդդիմության շարքեր, լուծեց այդ խնդիրը, և Թբիլիսիի ու Կիևի միջև հարաբերությունները վերականգնվեցին, ինչը նշանավորվեց Պորոշենկոյի՝ Թբիլիսի կատարած այցով:

Վրաստանի իշխանությունների երազանքը Սահայաշվիլիին ձեռնաշղթաներով հայրենրիք վերադարձնելն ու ցուցադրական դատ սարքելն է: Սակայն Պորոշենկոն Թբիլիսիի հետ հարաբերությունների բարելավման համար կարծես սահմանափակվեց միայն Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելով և նրան երկրից ֆիզիկապես վռնդելով: Այնպես որ «Երազանքի» երազանքը դեռևս անկատար է մնում:


Կարդալ ավելին JAMnews-ում