Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման բյուջետային միջոցները յուրացնելու մեղադրանքով (այսպես կոչված «պիջակների գործով»): Նրան նաև զրկել են 3 տարվա ընթացքում պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։
Պատժի ժամկետը կհաշվարկվի Սաակաշվիլու ձերբակալման պահից՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից, ուստի այն կավարտվի 2030 թվականի հոկտեմբերի 1-ին:
Ներկա պահին Սաակաշվիլին արդեն կրում է վեցամյա ազատազրկում երկու այլ գործերով: Բացի այդ, նրա դեմ դատական գործընթացներ են շարունակվում 2007 թվականի նոյեմբերի 7-ի իրադարձությունների և սահմանն ապօրինի հատելու գործերով:
Դատախազության պնդմամբ՝ 2009 թվականի մայիսի 1-ից մինչև 2013 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում Միխեիլ Սաակաշվիլին անձնական նպատակներով ծախսել է ավելի քան 9 միլիոն լարի բյուջետային միջոց: Այդ պահին նշված գումարը համարժեք էր մոտ 5.4 մլն դոլարի: Այս մեղադրանքն առաջադրվել էր դեռևս 2014 թվականին:
Նույն գործով պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ մեղավոր է ճանաչվել նախագահի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիան: Դատարանը որոշել է նրան տուգանել 300 հազար լարիով [մոտ 108 հազար դոլար]:
2025 թվականի մարտի 10-ին կայացած դատական նիստին Միխեիլ Սաակաշվիլին մասնակցել է հեռավար՝ Vivamed կլինիկայից: