Ռամզան Կադիրովը պլանավորել է վրացի լրագրող Գիորգի Գաբունիայի սպանությունը
«Մտավարի արխի» (Գլխավոր ալիք) ընդդիմադիր հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվամարիան հայտարարություն է արել, որում ասվում է, որ Ռուսաստանի քաղաքացի Վասամբեկ Բոկովը, որը հունիսի 12–ին Թբիլիսիում ձերբակալվել է հատուկ գործողության ժամանակ, Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի հանձնարարությամբ պատրաստվելիս է եղել «Մտավարի արխիի» լրագրող Գիորգի Գաբունիայի սպանությանը։
Պատճառը, որի համար լրագրողին ցանկացել են չեզոքացնել, սկանդալային հաղորդումն է եղել «Ռուսթավի–2» հեռուստաալիքի եթերում անցյալ տարվա հուլիսի 7–ին, որի ժամանակ Գաբունիան հայհոյել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ըստ Գվամարիայի տեղեկությունների՝ Բոկովը Վրաստանում ձերբակալվել է այլ առիթով։
«Վրաստանի հակաահաբեկչական ծառայությունը ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացի Վասամբեկ Բադրիևիչ Բոկովին, որն ազգությամբ ինգուշ է, ծնվել է Ինգուշեթիայում 1982 թ–ի դեկտեմբերի 21–ին։ Կալանքի պաշտոնական պատճառը կապված չէ Ռամզան Կադիրովի պատվերով Գիորգի Գաբունիայի պլանավորվող սպանության հետ, որի մասին վրացական իշխանություններին հայտնի է դարձել Ուկրաինայի իրավապահ մարմիններից», — հայտարարել է Նիկա Գվամարիան՝ հավելելով, որ Գաբունիային մի քանի ամիս հետևելիս են եղել։
Ըստ Գվամարիայի՝ Գաբունիայի սպանությունը պլանավորվել և համակարգվել է Ուկրաինայում, իսկ հրահանգները եղել են Չեչնիայից։
Գվամարիան հաղորդել է, որ սկզբից վրացական կողմն Ուկրաինայից ստացված տեղեկությունն ընկալել է որպես վրացական լոբբիի սադրանք, սակայն Գաբունիային, այնուամենայնիվ, պաշտպանությամբ է ապահովել, ինչը հնարավոր չէ չողջունել։
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը Գիորգի Գաբունիային զգուշացրել էր հետևանքների մասին նշված սկանդալային հաղորդման մեջ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչած հայհոյանքից անմիջապես հետո։ Այն ժամանակ Կադիրովը հայտարարել էր, որ «Ռուսաստանի նախագահին հարգում են միլիոնավոր մարդիկ» և վրացի լրագրողին խորհուրդ էր տվել թաքնվել։
Վրաստանի պետանվտանգության ծառայությունն այս թեման դեռ չի մեկնաբանում։