Հայհոյանք Պուտինի հասցեին վրացական ալիքով։ Քաղաքական գործիչների և փորձագետների մեկնաբանությունները
Վրաստանում շարունակվում է սկանդալը, որն առաջացրել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության ուղիղ եթերում վերլուծական ծրագրի հաղորդավար Գիորգի Գաբունիան՝ հաղորդումը բացելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հայհոյանքներով։
«Պոստսկրիպտում» ծրագրի հեռուստադիտողները կիրակի ավելի քան կես րոպե ռուսերենով Պուտինի և նրա մոր հասցեին հայհոյանքներ էին լսում։
Հենց այդպես էր որոշել իր հեղինակային ծրագիրը սկսել հաղորդավարը։
Դա հասարակությունում բուռն արձագանք էր առաջացրել, իսկ «Ռուսթավի 2»-ը հուլիսի լույս 8-ի գիշերը ժամանակավորապես ստիպված էր եղել դադարեցնել հեռարձակումը։
«Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվամարիան ուղիղ եթերով արտակարգ հայտարարությամբ էր հանդես եկել և հեռուստաընկերության անունից ներողություն խնդրել հեռուստադիտողներից։
Նրա խոսքով՝ «հեռուստաալիքը կտրականապես չի կիսում Գաբունիայի ոչ միայն նման կարծիքն, այլև արտահայտչամիջոցը»։
«Այն ինչ եղավ «Պսոտսկրիպտում» հաղորդման ընթացքում, հեռուստաալիքի խմբագրական քաղաքականությունը չէ․․․ Մենք անպայման այս հարցը կննարկենք ինքնակարգավորման շրջանակում և անպայման հեղինակի առնչությամբ համապատասխան որոշում կկայացնենք», — հայտարարել է նա։
Հաղորդման եթեր դուրս գալուց հետո հեռուստաընկերության շենքի մոտ տարերային բողոքի ակցիա սկսվեց, քաղաքացիները դժգոհ էին լրագրողի արտահայտություններից։
«Ռուսթավի-2»-ի մոտ ցույցի դուրս գալու կոչ էին արել ուլտրաաջ կազմակերպությունների, օրինակ՝ «Վրացական երթի» ներկայացուցիչները, որոնց առաջնորդները աչքի են ընկնում հակաարևմտյան հռետորաբանությամբ և ազգային ու սեռական փոքրամասնությունների հանդեպ ագրեսիայով։
Ցուցարարներն իշխանություններից պահանջում էին փակել «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունն ու պատժել լրագրողին։ Ցուցարարների կարծիքով՝ Գաբունիան սադրել է Ռուսաստանի նախագահին, որը «դա հենց այնպես չի թողնի», և բանը կարող է հասնել անգամ Ռուսաստանի հետ նոր պատերազմի։
«Ռուսավի-2»-ը լրագրողների անվտանգության սպառնալիքների պատճառով դադարեցրել էր աշխատանքը և վերականգել այն հուլիսի 8-ի առավոտյան։
Օպերատիվ են արձագանքել լրագրողի ցենզուրայից դուրս մենախոսությանը նաև Վրաստանի իշխանությունները։
Այդ գիշեր հատուկ հայտարարություն են արել երկրի նախագահը, վարչապետն ու կառավարության մյուս անդամներն, իսկ Վրաստանի արտգործնախարարությունն ընդհանրապես հայտարարություն է տարածել, որում կոչ է արել միջազգային հանրությանն արձագանքել կատարվածին։
«Մենք խստորեն քննադատում ենք «Ռուսթավի-2» հեռուստաընկերության կիրառած արտահայտությունները, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն խոսքի ազատության հետ և մաքուր սադրանք են», — ասված է վրացական արգրործնախարարության հայտարարությունում։
Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանն ու բոլոր միջազգային կազմակերպություններին, որոնք աշխատում են խոսքի ազատության ոլորտում, «համապատասխան գնահատական տալ հեռուստաընկերության և լրագրողի պահվածքին, որը կոպտորեն խախտել է միջազգային պրոֆեսիոնալ նորմերն ու չափանիշները»։
Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թվիթերում գրել է, որ «անվերապահորեն դատապարտում է ատելության սերամանումն ու խոսքային ագրեսիան»։
«Դրանք (լրագրողի արտահայտությունները) հակասում են վրացական ավանդույթներին և ծառայում միայն պառակտմանը և երկրում լարվածության բարձրացմանը», — հայտարարել է նախագահը։
«Սա սադրիչների պատերազմ է սեփական երկրի դեմ, կեղտոտ ու զզվելի խաղ պետության և քաղաքացիների անվտանգության հետ», — հայտարարել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։
Հաղորդավարի հայհոյախառն արտահայտությունները քննադատել են նաև վրացական ընդդիմության ներկայացուցիչները, սակայն նրանք նաև դեմ են հանդես եկել հեռուստաընկերության գործունեությանն իշխանությունների միջամտությանն ու խոսքի ազատության դեմ ցանկացած սպառնալիքի։
Ընդդիմությունն ու փորձագետները կտրուկ քննադատել են իշխանությունների արձագանքը։
«Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Սերգի Կապանաձեն Ֆեյսբուքում գրել է․
«Ինչո՞ւ են այդ մարդիկ հավաքվել «Ռուսթավի-2»-ի շենքի մոտ։ Ինչի՞ց են նրանք վախեցել։ Պատերազմի՞ց։ Ինչ-որ մեկը լրջորեն կարծում է, որ լրագրողի ճառի պատճառով կարող է պատերա՞զմ սկսվել։ Դրանից վախենում է նախագա՞հը, վարչապե՞տն ու ԱԳՆ-ն։ Այն, ինչ ասել է լրագրողը, բացարձակապես անընդունելի է, սակայն դրա պատճառով պատերազմներ չեն սկսվում։ Այս երկրում խոսքի ազատություն կա, որը երշխավորվում է սահմանադրությամբ»։
«Հանգստացե՛ք, ընկերներ, համաշխարհային պատմությունում երբեք պատերազմ չի եղել, որը սկսվել է մեկ լրագրողի հայհոյանքից», — Ֆեյսբուքում գրել է քաղաքական մեկնաբան Գիա Խուխաշվիլին։
Հրապարակախոս Զաալ Անդրոնիկաշվիլին ԱԳՆ հայտարարություններն «ամենախայտառակն» է անվել «Վրացական դիվանագիտության ողջ պատմության ընթացքում»։
Սակայն կան նաև մարդիկ, որոնք պահանջում են հետաքննել նախագահ Պուտինի հասցեին հայհոյանքի փաստը։
Քաղաքագետ Խաթունա Լագազիձեն կարծում է, որ «դա սադրանք էր լրագրղի կողմից, որն ուղղված է Վրաստանի անվտանգության դեմ»։
«Այդ փաստի առթիվ պետք է հետաքննություն սկսել։ Կարծում եմ, որ դա պարզապես էմոցիոնալ ելույթ չէր։ Անհապաղ պետք է հետաքննել, թե ով է Գաբունիային պատվիրել նման հայտարարություն անել, որից հետո երկիր կարող են մտնել ռուսական զորքերը։ Իշխանությունները չպետք է սահմանափակվեն միայն հայտարարություններով, որ դա սադրանք էր։ Թող անհապաղ հետաքննություն սկսեն», — ասել է Լագազիձեն «Քվիրիս պալիտրա» թերթին։
Գաբունիայի մենախոսությունը քննադադատել են նաև շատ վրացի լրագրողներ՝ հայտարարելով, որ դա հակասում է մասնագիտության սկզբունքներին։
Հատուկ հայտարարություն է արել «Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան»։ Դրանում ասված է, որ «Ռուսթավի-2»-ի ոչ էթիկական հայտարարությունները վնասում են մյուս վրացական լրատվամիջոցներին և կրճատում դրանց հանդեպ վստահությունը»։
Սակայն ուղերձի հեղինակներն ընդգծում են, որ «Ռուսթավի-2»-ի իրավիճակը չպետք է բերի լրատվամիջոցների ազատության սահմանափակման։
«Նման ոչ էթիկական և անպատասխանատու հայտարարություններն իշխանությունների մոտ մղումներ են առաջացնում սահմանափակելու ԶԼՄ ազատությունն ու սատարելու հասարակությունում նման փոփոխությունները, առավելևս, որ վերջին ժամանակներս բարձրաստիճան պաշտոնյաներն ու մյուս հանրային դեմքերը բազմիցս հանդես էին գալիս լրատվամիջոցների ինքնակարգավորման կրճատման նախաձեռնություններով», — մտավախություններ ունեն լրագրողները։
Տվյալ պահին հայհոյանքներով տեսագրությունը ջնջվել է Յութուբից հայհոյանքներ և ատելության սերմանող արտահայտություններ պարունակող կոնտենտի հանդեպ քաղաքականության պատճառով։
Այն չկա նաև «Ռուսթավի-2» հեռուստաընկերության կայքում։
Հունիսի վերջին Թբիլսիում բողոքի զանգվածային ցույցեր տեղի ունեցան ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ վրացական խորհրդարանում ունեցած ելույթից հետո, նա, մասնավորապես, զբաղեցրել էր խոսնակի աթոռը։
Ռուսաստանը ցույցերի ֆոնին հուլիսի 8-ից արգելել է ռուսական ավիաընկերություններին Վրաստան փոխադրել ռուսաստանցիներին, իսկ վրացական ավիաընկերություններին ՌԴ թռչել։ Կրեմլում հայտարարել են, որ արգելքը կարող են չեղարկել, երբ Վրաստանում իրավիճակը «ոչ ռուսաֆոբ հուն» վերադառնա։