Հայաստանում և Ադրբեջանում ռազմական դրություն է հայտարարվել։ Ի՞նչ է դա և ինչպե՞ս է գործելու
Եվ Հայաստանում, և Լեռնային Ղարաբաղում, և Ադրբեջանում ռազմական դրություն է հայտարարվել։ Դա սեպտեմբերի 27-ի առավոտից Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով սկսված մասշտաբային ռազմական գործողությունների հետևանքն է։ Լարվածություն է արձանագրվել նաև հայ-ադրբեջանական սահմանին՝ Վարդենիսի ուղղությամբ։
Արդեն հրապարակվել են կառավարությունների որոշումները, նախանշվել են ռազմական դրության պայմաններն ու սահմանափակումները։
•Ռազմական գործողություններ Ղարաբաղում։ Սեպտեմբերի 27-ի իրադարձությունների ժամանակացույցը
•Շփման նոր ձևաչափ․ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հայտարարություններով են փոխանակվել
•Կարծիք Հայաստանից․ ինչո՞ւ են ադրբեջանական լրատվամիջոցները «սենսացիաներ» հրապարակում Ղարաբաղի մասին
•Կարծիք Ադրբեջանից․ «Երկու կողմերն էլ մտածում են պատերազմի մասին»
Տեղեկություններ Երևանից
Հայաստանի կառավարությունը երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշում է կայացրել արդեն սեպտեմբերի 27-ի ցերեկը։ Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից։
Ռազմական դրության շրջանակում Հայաստանում
- համընդհանուր զորահավաք է հայտարարվում,
- Հայաստանի Զինված ուժերի կիրառման պլան է գործարկվում,
- Հայաստանի Զինված ուժերը, մյուս զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ դրության մարմիններն անցնում են ռազմական ժամանակի կազմին և կառուցվածքին,
- հայտարարվում է սպաների, ենթասպաների և պահեստազորի մինչև 55 տարեկան շարքայինների զորակոչ,
- պաշտպանության նախարարն ապահովում է պահեստազորայինների զորակոչը,
- ապահովվում է ռազմատրանսպորտային պարտավորություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավում՝ օրենքով սահմանված կարգով և ԶՈՒ կարիքներին համապատասխան։
Տեղեկություններ Բաքվից
Ադրբեջանի նախագահի հրամանով երկրի ողջ տարածքում երկուշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 00:00-ից սկսած՝ ռազմական դրություն է հայտարարվել։
Այս առնչությամբ ռազմական դրության փուլում ժամը 21:00-ից մինչև 06:00-ն պարետային ժամ է սահմանվում Բաքու, Սումգայիթ, Եվլախ, Մինգեչաուր և Նավթալան քաղաքներում, ինչպես նաև Ապշերոնի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Աղջաբեդիի, Բեյլագանի, Աղդամի, Բարդայի, Տերտերի, Գերանբոյի, Գյոյգյոլի, Դաշքեսանի, Գեդաբեքի, Թովուզի, Շամքիրի, Ղազախի և Աղստաֆայի շրջաններում։
Նշված ժամերին մարդկանց արգելվում է տեղաշարժը փողոցներում և այլ հասարակական վայրերում առանց հատուկ թույլտվության և անձը հաստատող փաստաթղթի։
Նշված քաղաքներում և շրջաններում մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, սահմանափակվում է տրանսպորտի տեղաշարժը։