Անձրև է գալիս. Բաքվի համար դա միշտ թարմ, առօրյա և բոլորի մոտ աշխույժ արձագանք առաջացնող նորություն է: Ամեն տարի մենք բախվում ենք նույն խնդրին. ջուրը մայթերից ու ճանապարհներից հոսելու տեղ չունի: Կոյուղային դիտահորորը չեն հերիքում: Դրանք հատկապես քիչ են վերջերս վերանորոգած տարածքներում:
Այս անգամ՝ սեպտեմբերի 28-ին, անձրևը տեղաց 6 ժամ շարունակ: Այդ պատճառով էլ քաղաքը հետիոտնի համար անպիտան դարձավ: Սակայն վարորդների վիճակն ավելի վատ էր: Օրինակ, Զիա Բունյադովի պողոտայում այնքան ջուր էր հավաքվել, որ մեքենաները չէին կարողանում շարժվել, և ստիպված էին դրանք մեկ առ մեկ տարհանել: Վարորդները բողոքում էին, որ նրանք ստիպված են երկու ժամից ավել անցկացնել այդ «ջրամբարում»: Տարհանմամբ ԱԻՆ-ն էր զբաղվում:
Նեֆթչիլեր մետրոկայարանի մոտ մի փոքր սողք տեղի ունեցավ, որի պատճառով ճանապարհի կողմի պատը քանդվեց: Հնաբնակներն ասում են, որ այդ պատը վերջերս են կառուցել, իսկ դրանից առաջ հին պատը մոտ 70 տարի դիմացել էր:
Լուսանկարը՝ Դենիս Բորոդինի
Սոցցանցերի օգտատերերը, ավանդույթի համաձայն, սրամտում էին: Եվ, կրկին ըստ ավանդույթի, ամենից շատ քննադատում էին Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Հաջիբալա Աբութալիբովին: Վերջինս հրաժարվեց մամուլին մեկնաբանություններ տալ:
«Անձրևաջրերի հեռացման համակարգի բացակայությունն այն բանի վկայությունն է, որ 25 տարի է՝ մենք քաղաքակրթությունից գնում ենք դեպի բարբարոսություն»:
«Տաքսու վարորդները կատակում են. «Մինչև Ահմեդլի որքանո՞վ կլողաս»»: «Հայրիկ, տուն գնալիս լինես ճանապարհին մի երկու ձուկ բռնիր»:
Հետաքրքիր է, որ պետական կառույցներն ամեն տարի անտեսում են այս խնդիրը, իսկ իշխանամետ լրատվամիջոցները պարզապես ամենամյա ջրհեղեղներն օգտագործում են ԱԻՆ-ին գովաբանելու համար: