Դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարված՝ ի հիշատակ արցախյան երկրորդ պատերազմի զոհերի։ Դա Արցախում ռազմական գործողությունների դադարեցման քառասուներորդ օրն է, և իշխանությունները նախապես հայտարարել էին, որ մտադիր են այդ կապակցությամբ «Հիշատակի երթ» անցկացնել մայրաքաղաքի գլխավոր հրապարակից դեպի «Եռաբլուր» պանթեոն։
Ընդդիմությունը, որը հրադադարից հետո պահանջում է Հայաստանի վարչապետի հրաժարականը, այստեղ էլ է առանձնացել իշխանություններից։ Նրանց կազմակերպած հիշատակի երթն անցկացվեց երեկոյան՝ եռօրյա սգի նախօրեին։
Միավորված 17 ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բնակիչներին կոչ էին արել միանալ իրենց և ևս մեկ անգամ պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք վարչապետին համարում են «դավաճան, որն Արցախի տարածքներն ինքնակամ հանձնել է Ադրբեջանին»։
Ընդդիմության պահանջին միացած հազարավոր մարդկանց բողոքի ակցիաները սկսվել են Արցախում հրադադարի մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից եռակողմ հայտարարության ստորագրման պահից։
Սակայն այս միջոցառման ժամանակ քաղաքական կարգախոսներ չհնչեցին, երթի մասնակիցները լուռ քայլեցին Երևանի փողոցներով մինչև «Եռաբլուր» պանթեոն։ Բարձրախոսով ընթերցվում էին միայն նահատակվածների անունները։