Պուտինի «մտերիմ շրջապատի» միլիարդները
Ազատություն ռադիոկայանի նյութերի հիման վրա
Ակտիվների չափը, որը տնօրինում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «մտերիմ շրջապատի» ներկայացուցիչները, կազմում է 24 մլրդ դոլար: Եվ դա միայն այն է, ինչ այսօրվա դրությամբ հաջողվել է ապացուցել: Այդ գումարը կարող է միայն այսբերգի գագաթը լինել, Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հաղորդել է Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննման կենտրոնի ռուս համակարգող Ռոման Շլեյնովը:
Հետաքննող լրագրողների միավորող այս միջազգային կազմակերպությունը զբաղվում է ողջ աշխարհում կոռուպցիոն և կազմակերպված հանցավորության հնարավոր հիմքեր ունեցող կապիտալների որոնմամբ։
Ռոման Շլեյնովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահի մոտ շրջապատը նրա մանկության ընկերներն են, Պետանվտանգության կոմիտեի ծառայակիցներն ու ազգականները: Նրանք բաժանվում են երկու խմբի:
Առաջինը գործարարներն են, որոնց բիզնեսը բարգավաճել է Վլադիմիր Պուտինի նախագահ դառնալուց հետո: Նրանցից ամենախոշորներն ու հայտնիները Գենադի Տիմչենկոն, Յուրի Կովալչուկն ու Արկադի և Բորիս Ռոտենբերգներն են: Նրանց բիզնեսը կապված է կամ գազի, կամ նավթի արդյունահանման, կամ պետական պայմանագրերի կատարման հետ:
Երկրորդ խումբը ոչ հանրային անձինք են։ Նախագահ Պուտինի հետ նրանք ունեն ընկերական կամ ազգակցական կապեր: Օրինակ, խոսքը գնում է Պուտինի զարմուհու որդու՝ Միխայիլ Շելոմովի, երաժիշտ, Պուտինի պատանեկության ընկեր Սերգեյ Ռոլդուգինի մասին: Նրանց վրա գրանցված ընկերությունները միլիարդավոր դոլարների գործարքներ են անում: Սակայն այս մարդիկ իրենց բիզնեսի ծագումը բացատրել ի վիճակի չեն, և անգամ տպավորություն է ստեղծվում, որ նրանք այնքան էլ տեղյակ չեն, թե ինչ գումարների մասին է խոսքը: Հիմքեր կան համարելու, որ այդ գումարները անմիջականորեն տնօրինում է Վլադիմիր Պուտինը, հարցազրույցում պնդում է Ռոման Շլեյնովը:
Այն հարցին, թե ինչպես է նա գնահատում 200 և ավել միլիարդ դոլար գումարը, որն, ըստ այլ հետազոտողների, վերահսկում է Վլադիմիր Պուտինի մոտ ընկերը, Շլեյնովն ասել է.
— Մենք խոսում ենք 24 մլրդ դոլար գումարի մասին, քանի որ դա այն է, ինչ մենք հաստատ կարող ենք ապացուցել:
Միաժամանակ նա նշել է, որ իրավիճակն անընդհատ փոխվում է: Օրինակ, ռուս դոլարային միլիոնատերների շրջանում ժամանակին հայտնվել է նախագահի ընկերոջ տղան՝ Կիրիլ Շամալովը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա ամուսնացել է Պուտինի կրտսեր դստեր՝ Եկատերինա Տիխոնովայի հետ:
Վերջին ժամանակներս ռուս պաշտոնյաներն ու օլիգարխներն ավելի ու ավելի հաճախ են բաժանվում և իրենց կարողությունը թողնում նախկին կանանց, կամ ակտիվները վերաձևակերպում են երեխաների անունով:
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին ԱՄՆ Ազգային հետախուզությունն ու Պետդեպարտամենտը նախատեսում են մասշտաբային զեկույց ներկայացնել Պուտինին մոտ գտնվող անձանց կողմից վերահահսկվող բոլոր ակտիվների մասին:
Այս զեկույցի դրդապատճառը ԱՄՆ կողմից մտցված պատժամիջոցներն են, որոնք պատասխան են 2016թ—ի ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությանը: