ԱՄՆ-ում պատժամիջոցների փաթեթ են մշակել Բիձինա Իվանիշվիլիի դեմ. «Ամերիկայի ձայն»
Պատժամիջոցներ Բիձինա Իվանիշվիլիի դեմ
Միացյալ Նահանգները պատժամիջոցների փաթեթ է մշակել«Վրացական երազանքի» պատվավոր նախագահ, օլիգարխ և Վրաստանի ստվերային կառավարիչ Բիձինա Իվանիշվիլիի դեմ: ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ մտցնելու հնարավորությունը դիտարկել մոտ ապագայում: Այդ մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ հղում անելով իր աղբյուրների (Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների) և ԱՄՆ վարչակազմին մոտ կանգնած երկու այլ աղբյուրների վրա:
«Ամերիկայի ձայնի» հետ անանունության պայմանով զրուցած աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ ֆինանսների և արտաքին գործերի նախարարությունները աշխատում են պատժամիջոցների փաթեթի վրա:
Աղբյուրներից մեկը հաղորդել է հետևյալը.
«Մենք տեղեկություններ ունենք, այն մասին, որ [Բիձինա Իվանիշվիլին] քայլեր է ձեռնարկել ռուս օլիգարխների հետ հարաբերությունները զարգացնելու համար, նաև Ռուսաստանի համար վրացական շուկային լավագույն հասանելիությունն ապահովելու համար: Ըստ էության, նա որոշակի գործողություններ է կատարել ռուսական հետախուզական ծառայությունների հրահանգով»:
Ըստ ԱՄՆ կառավարության բարձրաստիճան ներկայացուցչի՝ պատժամիջոցների հիմքը 14024 հրամանագիրն է: Նրա փոխանցած տվյալների համաձայն՝ հրամանագիրն «օժտված է լայն լիազորություններով այն անձանց նկատմամբ, ովքեր ժողովրդավարական հաստատություններն ու արժեքները խարխլող գործողություններ են կատարում, մասնակցում են միջազգային կոռուպցիային:
Կան մի շարք գործողություններ, որոնք կարող են հիմք հանդիսանալ պատժամիջոցների համար, եթե դրանք օգուտ են բերում Ռուսաստանի Դաշնությանը»:
2021 թվականի ապրիլի 15-ին նախագահ Ջո Բայդենի կողմից ստորագրված և հետագայում փոփոխությունների ենթարկված 14024 հրամանագիրը ստեղծում է իրավական հիմք՝ պատժամիջոցներ կիրառելու այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք աջակցում են Ռուսաստանի Դաշնության շահերից բխող գործողություններին, որոնք վնաս են հասցնում այլ երկրների: Այս գործունեությունը ներառում է ժողովրդավարական գործընթացների խարխլում, կիբերհարձակումներ, միջամտություն ընտրություններին և օտարերկրյա պետություններում իրականացված այլ ապակայունացնող գործողություններ:
«ԱՄՆ կառավարությունը պատրաստել է պատժամիջոցների փաթեթ և պատրաստ է ընդունել այն. կան մի շարք հարցեր, ներառյալ ժողովրդավարական հաստատությունների խարխլումը, ինչպես նաև միջազգային կոռուպցիան, որոնք օգուտ են բերում Ռուսաստանի Դաշնությանը»,- հաղորդում է աղբյուրը:
Վերոնշյալ հրամանագրի համաձայն՝ պատժամիջոցներ կկիրառվեն հետևյալ դեպքերում՝
- Անձինք կամ կազմակերպությունները ներգրավված են վնասակար կիբերգործունեության կամ ապատեղեկատվության արշավների մեջ:
- Դրանք մասնակցում են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ժողովրդավարական հաստատությունների կամ գործընթացների խարխլմանը:
- Կազմակերպություններ կամ անձինք, որոնք աշխատում են ռուսական տնտեսության առանցքային ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանությունը և էներգետիկան:
- Անձինք կամ կազմակերպություններ, որոնք աջակցում են Ուկրաինայում Ռուսաստանի օկուպացիային կամ ագրեսիային:
- Բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի և բռնաճնշումների հետ, որոնք կապ ունեն ՌԴ հետ:
Դեռևս պարզ չէ, թե երբ (և արդյոք) [փաթեթը] ուժի մեջ կմտցվի:
Սակայն աշխատանքներն ավարտված են:
«Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում վարչակազմին մոտ կանգնած աղբյուրն ասել է՝ նրությունն այն է, որ նախկինում դա միայն քննարկվում էր, իսկ այժմ փաթեթը պատրաստ է իրագործման,
Պատժամիջոցների կիրառման ժամկետը մնում է անորոշ, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները չեն մատնանշում՝ դա տեղի կունենա՞ մինչև հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրությունները, թե՞ դրանից հետո:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մինչ այս պատժամիջոցներ էր սահմանել Վրաստանի հատուկ նշանակության զորքերի ղեկավար Զվիադ Խարազիշվիլիի (հայտնի Խարեբա մականունով), նրա տեղակալ Միլերի Լագազաուրիի, ինչպես նաև ռուսամետ «Alt-info» շարժման առաջնորդներ Կոնստանտին Մորգոշիայի և Զուրաբ Մախարաձեի նկատմամբ:
Պետդեպարտամենտը «ժողովրդավարությունը խարխլելու համար» վիզային սահմանափակումներ էր մտցրել Վրաստանի կառավարության և խորհրդարանի ավելի քան 60 ներկայացուցիչների, այդ թվում՝ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ:
Ուշագրավ է, որ ինչպես Խարեբան, այնպես էլ նրա տեղակալը ներառվել են, այսպես կոչված, «Մագնիտսկու ցուցակում»: Երկու բարձրաստիճան պաշտոնյաներն էլ կապ ունեն «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի [կամ ռուսական օրենքի, ինչպես այն անվանում է վրաց հասարակությունը] ընդունման դեմ հանդես եկող քաղաքացիների հանդեպ բռնությունների հետ:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ այս անձանց ողջ գույքն ու ակտիվները, որոնք գտնվում են ԱՄՆ-ում կամ ԱՄՆ իրավասության ներքո գտնվող երկրներում, կսառեցվեն:
Ավելի վաղ՝ հունիսի 6-ին, Պետդեպարտամենտը հայտարարել էր պատժամիջոցների փաթեթի մասին, որը ենթադրում է վիզային սահմանափակումներ և սկզբում տարածվելու է մոտ 30 մարդու վրա:
Մայիսի 24-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր ռուսական իրավապահ մարմինների աշխատակիցների համար վիզային սահմանափակումների նոր քաղաքականության մասին: Բլինքենը նաև նշել էր, որ ԱՄՆ-ը արմատապես կվերանայի Վրաստանի հետ հարաբերությունները:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Պատժամիջոցներ Բիձինա Իվանիշվիլիի դեմ