Վրաստանի ԱԳՆ․ Վրաստանի տարածքով ռազմական բեռների տարանցում չի իրականացվում։ Թռիչքները բացառապես մարդասիրական և քաղաքացիական բնույթ են կրում
Վրաստանի արտգործնախարարությունը հերքում է Վրաստանի տարածքով քաղաքացիական չվերթներով դեպի Ադրբեջան և Հայաստան ռազմական բեռների փոխադրման մասին ասեկոսեները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։
Նրա խոսքով՝ Վրաստանի տարածքով ռազմական բեռների տարանցում չի իրականացվում։
«Ռազմական բեռների տարանցումը Վրաստանը կասեցրել է թե՛ ցամաքով, թե՛ օդային ճանապարհով դեպի Ադրբեջան և Հայաստան։ Այդ պատճառով էլ ցանկանում ենք ևս մեկ անգամ հայտարարել, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում։ Համաձայն Վրաստանի ունեցած փաստաթղթերի՝ Վրաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքները զուտ մարդասիրական և քաղաքացիական բնույթ են կրում», — ասել է Դարսալիան։
Ըստ փոխնախարարի՝ Վրաստանը շարունակում է կատարել իր միջազգային պարտավորությունները հումանիտար, քաղաքացիական, այդ թվում՝ առևտրային բեռների մասով։
•Վրաստանն իր տարածքով զենքի տարանցում թույլ չի տա
•Վրացի քաղաքական գործիչներն ու փորձագետները՝ ղարաբաղյան հակամարտության մասին
Վրաստանի տարածքով ռազմական բեռների տարանցման մասին տեղեկությունների տարածումը մանիպուլյացիա է, պնդում է պաշտոնական Թբիլիսին։
«Մեդիայում հաճախակի են դարձել տեղեկատվական մանիպուլյացիաներն այն մասին, իբր Վրաստանի տարածքով քաղաքացիական չվերթներով ռազմական բեռների տեղափոխում է իրականացվում։ Հստակ փոխադրողն ու բեռի սեփականատերը պարտավոր են ամբողջությամբ պահպանել միջազգային իրավունքի նորմերն ու չչարաշահել մարդասիրական միջանցքները։ Եթե կան խախտումներ և ծանրակշիռ ապացույցներ, Վրաստանը համապատասխան ձևով կարձագանքի», — ասել է Լաշա Դարսալիան։
Նա նշել է, որ խախտումներ կատարողները պատասխանատվության կկանչվեն՝ միջազգային իրավունքին, այդ թվում՝ Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) առջև ստանձնած պարտավորություններին համապատասխան։