Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 24 ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
Իրավիճակը ռազմաճակատում՝ գիշերվանից մինչ այժմ. տեղեկություններ Արցախից
Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ գիշերը լարվածությունը պահպանվել է, ռազմաճակատի որոշ հատվածներում հրետանային մարտեր են շարունակվել:
Լարվածությունը սկսվել է դեռ երեկոյան, երբ կրկին գնդակոծության են ենթարկվել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թագավարդ, Գիշի, Սպիտակաշեն գյուղերը և Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ նշված բնակավայրերում ռազմական օբյեկտներ չկան: Սակայն Ադրբեջանի զինված ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլ նաև հարակից անտառային և գյուղատնտեսական նշանակության տարածքները։ Հաղորդվում է, որ զոհեր և կորուստներ չկան:
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները:
-
Ադրբեջանում հրապարակվել է ռազմական գործողությունների ինտերակտիվ քարտեզ
Քարտեզը ինֆոգրաֆիկայի տեսքով ցույց է տալիս այն տարածքները, որոնք Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ անցել են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ:
-
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է այս պահին ռազմական գործողությունների քարտեզը
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով ՝ ռազմական գործողությունները շարունակվում են, ընթանում են տեղային մարտեր, համապատասխանաբար՝ քարտեզն ակտիվորեն փոփոխվում է:
Ավանդական երեկոյան ճեպազրույցի ժամանակ Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ առավոտյան ռազմական գործողությունները սկսվել են ռազմաճակատի բոլոր ուղղություններով: Օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը հարավից առաջ են շարժվել դեպի Բերձոր (Լաչին) ու հետ են շպրտվել: Կեսօրին հյուսիսում տեղի է ունեցել հրետանային ակտիվ կրակահերթ:
Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ շաբաթ օրը վնասազերծվել է Ադրբեջանի զինված ուժերի դիվերսանտ-հետախուզական մեկ այլ խումբ, որը գործում էր կենտրոնական ուղղությամբ: Խոսքը գնում է Մարտունիից հարավ և Հադրութից հյուսիս գտնվող տարածքների մասին, այն հատվածների, որոնք հարակից են անտառներին և բնակավայրերին:
-
Հայաստանի արտգործնախարարը մանրամասներ է ներկայացրել Ղարաբաղի հարցով ԱՄՆ-ում բանակցությունների վերաբերյալ
Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդում: Նա շատ արդյունավետ է անվանել Վաշինգտոնում ընթացող բանակցությունները ղարաբաղյան կարգավորման շուրջ և հաղորդել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և այլ պաշտոնատար անձանց հետ նախօրեին տեղի ունեցած բանակցությունների որոշ մանրամասներ:
Ըստ ՀՀ ԱԳ նախարարի՝բանակցություններում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադարի հաստատման հնարավորությունը,
դիտարկվել է Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը,
կողմերը պայմանավորվել են, որ հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է միակ միջազգային մանդատի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում,
հակամարտությունը լուծելու ԱՄՆ ջանքերը կոնսոլիդացված են ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու այլ համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի ջանքերով, միջնորդներն ընդհանուր կարծիք ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Բացի այդ, ՀՀ արտգործնախարարի խոսքով՝ ռազմական բախման արդյունքում 90 հազար մարդ փախստական է դարձել, ռազմական գործողությունների սկզբից ի վեր Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը մշտական գնդակոծման տակ են, ոչնչացվել են հազարավոր քաղաքացիական ենթակառուցվածքներ: -
Մարտական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 37 քաղաքացիական անձ, առնվազն 118-ը վիրավորվել են. Արցախի մարդու իրավունքների պաշտպան
Արտակ Բեգլարյանը հաղորդել է, որ կան նաև անհայտ կորածներ.
«Հաշվի առնելով ադրբեջանական դիվերսիոն խմբի ներխուժումը Հադրութ և քաղաքացիական անձանց սպանության մասին հրապարակված տեսանյութերը, ինչպես նաև անհայտ կորածների մասին հաղորդագրությունները, մեծ է ռիսկը, որ կարող են լինել նաև այլ նմանատիպ դեպքեր։ Քաղաքացիական անձինք կարող էին սպանվել կամ նույնիսկ խոշտանգվել, ինչպես նաև ռազմական այլ հանցագործությունների զոհեր դառնալ»։
Ըստ ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ ռազմական գործողությունների սկզբից ի վեր ադրբեջանական կողմից հրետակոծության արդյունքում վնասվել է 1500 միավոր անշարժ գույք, 1500 ենթակառուցվածքներ, հասարակական կամ արդյունաբերական օբյեկտներ և 1100 տրանսպորտային միջոց: -
Հայկական զինված ուժերի գնդակոծության արդյունքում 16-ամյա դեռահաս է մահացել. Ադրբեջանի գլխավոր դատախազություն
Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հայկական զինված ուժերի կողմից Թերթերի շրջանի գնդակոծության արդյունքում մահացել է 16-ամյա Օրխան Իսմայիլզադեն:
-
Ադրբեջանի պաշտպանության նախարար. «Ադրբեջանի բնակավայրերը գնդակոծման են ենթարկվում»
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հրատապ հաղորդագրության մեջ ասվում է.
«Հակառակորդը գնդակոծում է Թերթերի և Բարդայի շրջանների բնակավայրերը»:
-
Գիշերը ռազմաճակատում պահպանվել է լարվածությունը, առավոտվանից մարտերը շարունակվում են. Արցախի ՊՆ
Գիշերը հրետանային մարտերը շարունակվել են առաջնագծի որոշ հատվածներում, այժմ օջախային գործողություններ են ընթանում ռազմաճակատի բոլոր ուղղություններով:
«ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը», — հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
-
Մարտական գործողությունները շարունակվում են ռազմաճակատի ողջ երկայնքով. Ադրբեջանի ՊՆ
«Հոկտեմբերի 23-ին ողջ օրվա ընթացքում և 24-ի գիշերը ռազմաճակատի Աղդերինի, Խոջավենդի, Ֆիզուլիի, Հադրութի և Կուբաթլիի ուղղություններով մարտական գործողությունները շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ: Հակառակորդը հրացանային զենքերից, ականանետներից ու հրանոթներից կրակ է բացել ադրբեջանական բանակի պաշտպանական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակել են մարտական գործողությունները ռազմաճակատի որոշակի ուղղություններով օպերատիվ ծրագրի համապատասխան:
Ներկայումս մարտական գործողությունները շարունակվում են ռազմաճակատի ողջ երկայնքով: Մեր զորքերը վերահսկում են օպերատիվ իրավիճակը»,- հաղորդում են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից:
-
Իրավիճակը հոկտեմբերի 24-ի առավոտվա դրությամբ՝ հակիրճ
Ղարաբաղում մարտերի 28-րդ օրը.
• ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներին (առանձին): Հայտարարություններ արվեցին խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին, հանդիպման մանրամասներն ու արդյունքները դեռ անհայտ են:
• Human Rights Watch-ը հայտարարել է, որ ունի ապացույց, որ Ադրբեջանը արգելված կասետային զինամթերք է օգտագործում Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի դեմ:
• Ադրբեջանի նախագահը հայտարարեց ադրբեջանական բանակի վերահսկողության տակ գտնվող ևս 13 բնակավայրերի գրավման մասին Ղարաբաղին հարակից չորս շրջաններում՝ Խոջավենդ, Ջեբրայիլ, Զանգելան և Կուբաթլի (որոնք հայկական ուժերը վերահսկում էին 1990-ականների սկզբին ծագած պատերազմից հետո):
• ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հոկտեմբերի 23-ի ամբողջ օրը ադրբեջանական զինուժը կրակ է բացել Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի, ինչպես նաև Բերձորի ուղղությամբ. «Հակառակորդը շպրտվել է Բերձորից (Լաչին) դեպի հարավ»:
• Ղարաբաղի նախագահը դիմել է Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով «անել հնարավոր ամեն ինչ ռազմական գործողությունները դադարեցնելու համար»:
• Ղարաբաղի միակ տեղեկատվական կենտրոնը հաղորդում է, որ հոկտեմբերի 23-ի երեկոյան ադրբեջանցի զինվորականները գնդակոծել են Ստեփանակերտը և Մարտունին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դա հերքել է:
-
Մարտեր Արցախում։ 2020 թ․հոկտեմբերի 23-ի նորություններ, ռեպորտաժներ, տեսանյութեր-լուսանկարներ։