Չեչնիայի նախագահը Մոսկվայում հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Մոսկայում է՝ բժիշկների հսկողության տակ, բժիշկները կասկածում են, թե նա կորոնավիրուս է վարակվել։ Այս մասին հաղորդում է Նովայա գազետան՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալության և Baza Տելեգրամ–ալիքի տվյալները։
«Կադիրովի մոտ կորոնավիրուս է կասկածվում, նա բժիշկների հսկողության տակ է», — Ինտերֆաքսին ասել է մոսկովյան բժշկական շրջանակներում Ինտերֆաքսի աղբյուրը։ Այս տեղեկության պաշտոնական հաստատում դեռ չկա։
Միաժամանակ անանուն Տելեգրամ–ալիքները մանրամասները են նշում՝ պնդելով, որ Չեչնիայի ղեկավարի վիճակը լուրջ է։
«Չեչնիայի ղեկավարի թոքերը 70%–ով վնասված են, անանուն կերպով պատմում են բժիշկները։ Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի հատուկ բաժանմունքում չտեսնված իրարանցում է, ուր տեղափոխում են կորոնավիրուսով վարակված «ամենակարևորներին»։ Այն պաշտոնյաներին, ում հնարավոր է դուրս գրել, շտապում են դուրս գրել, մյուսներին տեղափոխում են այլ հիվանդասենյակներ, որպեսզի մեծ «փակ» տարածք բացեն ինչ–որ սուպերհերոսի համար։ Ուժեղացված է անվտանգության ծառայությունը, ամեն ինչ տեղի է ունենում մեծ գաղտնիության պայմաններում», — գրում է ՖերտանգաORG Տելեգրամ–ալիքը։
Ավելի վաղ՝ հինգշաբթի, «ՄԲԽ մեդիա» պարբերականը հայտնաբերել էր, որ VQ-BVQ պետհամարանիշներով ինքնաթիռը, որը կապում են Չեչնիայի ղեկավարի հետ, Մոսկվա է մեկնել և ցերեկը վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանաակայանում, ինչի մասին վկայում են Flighware կայքի տվյալները։ Ընդ որում, պաշտոնապես Չեչնիայի ղեկավարի մոսկովյան այցի մասին չի հաղորդվել։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Չեչնիայում համավարակի մեկնարկից ի վեր կորոնավիրուսով վարակման 1026 դեպք է գրանցվել, 11 մարդ է մահացել։
Հանրապետությունն առաջիններից մեկն է ինքնամեկուսացման ռեժիմ սահմանել մարտի վերջին, իսկ հետո անցաթղթեր ներմուծել բնակիչների համար և արգելել իր տարածք մուտք գործել և դուրս գալ։ Մայիսի 23–26–ը Չեչնիայում գործելու է փողոցներում ոտքով և տրանսպորտով տեղաշարժվելու արգելք՝ Ուրազա–բայրամ տոնի առնչությամբ։