Ադրբեջանցի ուսանող–ակտիվիստը 15 օրով կալանավորվել է կրթության նախարարություն դիմելու համար
Մի խումբ ուսանողներ և ակտիվիստներ հունիսի 1–ին հավաքվել են Ադրբեջանի կրթության նախարարության մոտ՝ պահանջելով չեղարկել կարանտինի պատճառով բաց թողնված սեմեստրի համար վճարն ու ամառային քննությունը։ Արդյունքում՝ նրանցից մեկը կալանավորվել է 15 օրով։ Եվս մի քանի մարդ տուգանվել է 100-200 մանաթով [շուրջ $58-118]։
Մարտի վերջին կորոնավիրուսի համավարակի և կարանտինի հաստատման պատճառով Ադրբեջանի բոլոր ուսումնական հաստատություններն անցել էին առցանց կրթության։ Սակայն, քանի որ առցանց կրթության համակարգը երկրում դեռ կարգավորված չէ, դասընթացները մի կերպ են անցկացվել։ Այնուամենայնիվ, ուսանողները պետք է վճարեն այդ սեմեստրի համար և ամառային քննություններ հանձնեն։
«Ուսանողի պահանջ» ուսանողական կազմակերպությունը որոշել է դիմել կրթության նախարարություն։ Բաքվի պետական համալսարանի երկրորդ կուրսի ուսանող Ռուստամ Իսմայիլբեյլին ընդունելության է գրանցվել, և նշանակված ժամին նախարարության մոտ եկել այդ կազմակերպության ևս մի քանի անդամների հետ։ Նրանց են միացել ևս մի քանի քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ՝ ներառյալ նախկին քաղբանտարկյալ Գիաս Իբրահիմովին, որին ազատ արձակվելուց հետո թույլ չեն տվել շարունակել ուսումը։
Երեք ուսանողի ներս են տարել նախարարությանը կից կրթության թանգարան։ Նախարարության մամուլի ծառայությունը Ֆեյսբուքում հայտարարել է, որ պաշտոնյաները խոսել են նրանց հետ, քննարկել նրանց հուզող խնդիրներն ու բաց թողել։
Սակայն շուտով պարզվել է, որ Ռուստամ Իսմայիլբեյլին 15 օրով կալանավորվել է կարանտինային ռեժիմի խախտման համար, իսկ նրա ընկերները՝ տուգանվել։ Այդ տուգանքները վճարելու համար ուսանողներն արշավ են կազմակերպել սոցցանցերում՝ բոլոր ցանկացողներին առաջարկելով մեկական մանաթ «գցվել» [$0.58]։
Սոցցանցերում այդ կալանքը մեծ արձագանք է ստացել։ Շատերը վրդովված են, ամոթանք են տալիս իշխանություններին և ասում, որ այդպիսով՝ կալանավորելով ակտիվ երիտասարդությանը, նրանք իրենց թշնամիների սերունդ են մեծացնում։