Հայաստանի վարչապետի տիկինը՝ հրամանատարական կետում, և ով է մեղավոր պատերազմի ձախողումների համար․ մեկնաբանություն Փաշինյանից
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հասցեագրված իր ուղերձում հայտարարել է, որ ինքն է տիկնոջն՝ Աննա Հակոբյանին, հանձնարարել այցելել հրամանատարական կետ, որտեղ պատերազմի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի շտաբի խորհրդակցությունն էր ընթանում։ Սա կառավարության ղեկավարի պատասխանն է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Մովսես Հակոբյանի հայտարարություններին։
Ավելի վաղ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասուլիս էր տվել արցախյան պատերազմի արդյունքների մասին և պատմել հրամանատարական կետում Աննա Հակոբյանի ներկայության մասին։ Վարչապետի տիկինն, ըստ Մովսես Հակոբյանի, հրամանատարական կետում է եղել, որտեղ ռազմական խորհրդակցություններ են ընթացել, և նա Աննա Հակոբյանին խնդրել է հեռանալ։ Նրա կարծիքով՝ հենց այս միջադեպի պատճառով են իրեն դրանից հետո արգելել մուտք գործել հրամանատարական կետ։
- Վարչապետի 15 կետ․ թե ինչպես է Փաշինյանը տեսնում ճգնաժամի հաղթահարումը Հայաստանում
- Ֆիլմ․ հայերը լքում են Ադրբեջանին փոխանցվող տարածքները, Դադիվանք
Ինչ է ասել ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը
Մովսես Հակոբյանն ասուլիս էր տվել դեռ նոյեմբերի 19-ին։ Այն ժամանակ վարչապետի տիկնոջ հետ կապված միջադեպից բացի նա պատմել էր դեռևս ռազմական գործողությունների ամենաթեժ պահին հրաժարական տալու իր մտադրության մասին, սակայն իր հեռանալը հետաձգել էր մինչև պատերազմի ավարտը։ Վերջնական որոշումը նա կայացրել էր սոցցանցերում վարչապետի սկանդալային գրառումից հետո, որը շատերի կողմից ընկալվել էր որպես քաղաքացիական պատերազմի կոչ։
Ասուլիսի ժամանակ Հակոբյանը ասել էր, որ ողջ պատերազմի ընթացքում սուտ տեղեկություններ են տարածվել, որոնք էլ հանգեցրել են քաղաքական ճգնաժամի։
Վարչապետի մամուլի խոսնակը մեկնաբանել էր Մովսես Հակոբյանի ելույթը։ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ գեներալի բոլոր հայտարարությունները դիտարկվում են զրպարտության և կեղծ ցուցմունքների համատեքստում, և իրավապահ մարմինները պետք է զբաղվեն գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարություններով և դրանց գնահատական տան։
Վարչապետի մամուլի խոսնակը հաղորդել էր նաև, որ Փաշինյանը գեներալի մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ և ըստ պատեհության կանդրադառնա դրանց:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ էր հանդես եկել այն մասին, որ Հակոբյանի ներկայացրած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։
Մովսես Հակոբյանի հայտարարություններից հետո Հատուկ քննչական ծառայությունում գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով, որն անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների։ Նախաքննություն է ընթանում։
Ինչ է ասել վարչապետը
Փաշինյանը մեկնաբանել է Հակոբյանի հայտարարությունները նոյեմբերի 27-ի իր տեսաուղերձում։
Վարչապետը հաստատել է, որ Աննա Հակոբյանն իրոք գտնվել է հրամանատարական կետում։
«Իմ տիկինը Ստեփանակերտում գեներալներին այցելել է իմ հանձնարարությամբ։ Հայաստանի վարչապետի ընտանիքի անդամի այցը զինվորականներին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով էր այն պայմաններում, երբ նրանք անընդհատ լուր էին ստանում, թե մարդիկ թիկունքում լքում են բնակավայրերը»։
Իր ուղերձի ժամանակ Փաշինյանը Հակոբյանին մեղադրել է շփման գծի հարավային ուղղությամբ ռազմական գործողությունների ձախողման համար։
«Եվ այն գեներալը, որի ապօրինի գործողությունների պատճառով հակառակորդը ճեղքել է առաջնագծի հարավային հատվածը, հիմա ասուլիսներ է տալիս՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում պաշտպանության նախարարության բյուջեից 42 միլիոն դոլար մսխելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված»։