ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է Վրաստանին վճարել շուրջ 130 մլն եվրո
ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է վճարել
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ռուսաստանին պարտավորեցրել է Վրաստանին վճարել շուրջ 130 միլիոն եվրո՝ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի գործով։
Սակայն Ռուսաստանը, ըստ երևույթին, դա չի անի, քանի որ դեռ 2022 թվականի հունիսին Մոսկվան հայտարարել էր, որ չի կատարելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2022 թվականի մարտի 15-ից հետո կայացված որևէ որոշում։
Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի գործով (II) դատարանի որոշման համաձայն՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 41-րդ հոդվածը (արդարացի փոխհատուցում) ընդունելի է տվյալ դեպքում Ցխինվալի շրջանի օկուպացված վրացական գյուղերում և «բուֆերաին գոտում» խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործությունների համար։
Հանցագործությունները ներառում են անջատողական ուժերի կողմից խաղաղ բնակիչների սպանությունները, նրանց տների հրկիզումն ու կողոպուտը, նվաստացումն ու անմարդկային վերաբերմունքը, ռազմագերիների խոշտանգումները, տեղահանվածներին իրենց տները վերադառնալուն խոչընդոտելը: Ընդգծվում է, որ Ռուսաստանը չի կատարել իր դատավարական պարտավորությունը՝ իրականացնելու հակամարտության ընթացքում և զինադադարից հետո տեղի ունեցած հանցագործությունների հետաքննություն։
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է Վրաստանին վճարել ընդհանուր առմամբ 129 827 500 եվրո։
Փոխհատուցումը բաշխվել է հետևյալ կերպ`
- Ստրասբուրգի որոշմամբ Ռուսաստանը պարտավորեցվել է Վրաստանին վճարել 3 250 000 եվրո առաջիկա երեք ամսվա ընթացքում՝ օկուպացված Ցխինվալի շրջանի գյուղերում և «բուֆերային գոտում» քաղաքացիների սպանության, ինչպես նաև սպանությունների հետաքննության ընթացակարգային պարտավորությունը չկատարելու հետ կապված: Այս ամենի զոհ է դարձել առնվազն 50 մարդ։
- Ռուսաստանը պարտավորեցվել է Վրաստանին վճարել 2 697 500 եվրո առաջիկա երեք ամիսների ընթացքում՝ առնվազն 166 հոգու պատճառված ոչ նյութական վնասի համար, այդ թվում անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, ապօրինի ձերբակալությունների, ինչը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 10-ից 27-ը Հարավային Օսիայի ներքին գործերի նախարարության նկուղներում։
- Ռուսաստանը պարտավորեցվել է Վրաստանին վճարել 640 000 եվրո առաջիկա երեք ամսվա ընթացքում՝ 2008 թվականի օգոստոսի 8-ից 17-ը Ցխինվալում անջատողական ուժերի կողմից վրացի ռազմագերիների խոշտանգումների համար, ինչը կիրառվել է առնվազն 16 հոգու նկատմամբ:
- Ռուսաստանը պարտավորեցվել է Վրաստանին վճարել 115 000 000 եվրո առաջիկա երեք ամսվա ընթացքում՝ օկուպացված Ցխինվալի շրջանում և Աբխազիայում առնվազն 23 000 հոգու իրենց տները վերադառնալու հնարվորությունից զրկելու համար։
- Ռուսաստանը պարտավորեցվել է Վրաստանին վճարել 8 240 000 եվրո առաջիկա երեք ամսվա ընթացքում առնվազն 412 մարդու պատճառված վնասի համար՝ ամբաստանյալ-պետության կողմից պատերազմի ակտիվ փուլում մահվան դեպքերի համարժեք և արդյունավետ հետաքննության ձախողման համար։
- 2008 թ․-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների հետաքննությունն ավարտվել է
- «Գործիք Արևմուտքի ձեռքում». Հարավային Օսիայի արձագանքը Հաագայի դատարանի որոշմանը
- Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Օգոստոսյան պատերազմի մասին գործով։ Վրաստանում տոնում են հաղթանակը
2022 թվականի դեկտեմբերի 19-ին Հաագայի միջազգային քրեական դատարանն ավարտեց իր հետաքննությունը օգոստոսյան պատերազմի ժամանակ (2008 թվականի հուլիսի 1-ից հոկտեմբերի 10-ը) մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների վերաբերյալ։
Մեղադրող Քարիմ Խանը նշել է, որ հետաքննության փուլն ավարտելու որոշումն առաջին անգամ է ընդունվել Հաագայի դատարանի 20-ամյա պատմության մեջ։ Նրա խոսքով՝ հետաքննության ընթացքում վարչությունը հետազոտել է ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հակամարտող կողմերի ներկայացրած բոլոր փաստարկները։
Ավելի վաղ՝ 2022 թվականի ամռանը, Հաագայի դատարանը՝ որպես այս հետաքննության մաս, Հարավային Օսիայի երեք նախկին պաշտոնյաների ձերբակալության հրամաններ էր արձակել ՝ մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների համատեքստում նրանց մեղավոր ճանաչելով։
Ըստ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)՝ այդ մարդիկ մեղավոր են ճանաչվել ազատությունից ապօրինի զրկման, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, մարդկային արժանապատվության նվաստացման, պատանդ վերցնելու և քաղաքացիական անձանց ապօրինի տեղահանման համար։
2021 թվականի հունվարի 21-ին Եվրոպական դատարանը հրապարակեց օգոստոսյան պատերազմի գործով վերջնական որոշումը։ Դատարանը պարզել է, որ Ռուսաստանը պատասխանատու է Վրաստանի քաղաքացիների նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վեց հոդվածների խախտման համար, այդ թվում՝ կյանքի իրավունքի ոտնահարման, խոշտանգումների, մասնավոր սեփականության այրման և ոչնչացման համար։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է վճարել