Մաքսատուրքեր՝ «միջանցքի» փոխարեն․Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանն անցակետեր կտեղադրի
Ադրբեջանն ու Հայաստանը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրեն։ Այս մասին նոյեմբերի 10-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Կառավարության՝ նոյեմբերի 11-ի նիստում թեմային անդրադարձել է վարչապետ Փաշինյանը։ Մաքսակետերի թեման ակտիվ քննարկվում է նաև սոցիալական ցանցերում։
Հայաստանի վարչապետը հիշեցրել է, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում և ասել, թե՝ խոսքը Էյվազլիի հատվածի մասին է։ Փաշինյանի խոսքով՝ սահմանային հսկողություն չիրականացնելու շուրջ բանակցել հնարավոր էր․
«Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար»։
Գործադիրի ղեկավարը նշել է, որ մաքսակետերի տեղադրման մասին ադրբեջանական կողմը հայտնել է «ոչ պաշտոնական ծանուցմամբ»։
«Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ։
Ծանուցումը ստանալուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր M2 ավտոճանապարհ, և այստեղով իրականացնել երթևեկությունը»,- ասել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանը ևս նշել է, որ համապատասխան քայլեր կձեռնարկի նաև հայկական կողմը։
«Այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք: Բայց քանի որ, ինչպես հայտարարվեց արդեն, պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս, կամ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է՝ ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար ճանապարհն օգտագործելի է։ Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է», — ասել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Անդրադառնալով Շուռնուխ, Որոտան և Ճակատեն համայնքներին՝ Գրիգորյանն ասել էր, որ դեպի այս համայնքներ տանող ճանապարհները նույնպես կբարեկարգվեն, աշխատանքներ տարվում են։
«Կառավարությունը բոլոր քայլերը ձեռնարկելու է, որ սոցիալական կամ տնտեսական որևէ խնդիր չառաջանա։ Հստակ է, որ այդ ճանապարհներն այս պահին ասֆալտապատ չեն, բայց շատ մոտ ժամանակներս ասֆալտապատ կլինեն»։
Գրիգորյանն ընդգծել էր, որ կառավարությունն այդ համայնքների համար լուծելու է ցանկացած խնդիր, բայց հավելել, թե՝ համոզված են, որ «գլոբալ առումով որևէ խնդիր չի լինելու»։
Երևան-Կապան ճանապարհը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը բնորոշել էր որպես վերջին 15 տարիների լավագույն բարեկարգ ճանապարհ։
Մեկնաբանություններ
«Այս իշխանությունները մինչև վերջերս պնդում էին, որ իրենք Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ունեն այդ ճանապարհով հայկական մեքենաների անխափան երթևեկության համար, սակայն պարզվեց, որ իրականում այդ պայմանավորվածությունը գործելու էր մինչև այլընտրանքային ճանապարհի կառուցումը», — գրել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները ռեժիմի սահմանման մասին տեղյակ են եղել նախքան Ադրբեջանի իրազեկումը․
«Իր խոսքում ԱԽ քարտուղարը նշում է, որ իրենք նախապես քայլեր են ձեռնարկել և նույնանման սահմանային ռեժիմ իրականացվելու է նաև հայկական կողմից»։
Պատգամավորի գնահատմամբ՝ իշխանական քաղաքական, քարոզչական հերթական փուչիկի պայթեցումից բացի, Սյունիքում անվտանգային նոր ական է դրվում։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) նախագահ Ստյոպա Սաֆարյանն էլ կարծիք է հայտնել, թե՝ «հայկական կողմն իր կոնտր քայլով փորձում է արժեզրկել ադրբեջանական ոստիկանակետերը 21 կիլոմետրանոց հատվածում»։
Սաֆարյանի խոսքով՝ որոշ ժամանակ անց այդ ճանապարհին մաքսակետերի գոյությունն անիմաստ կդառնա, քանի որ ճանապարհն էլ աստիճանաբար կսկսի չշահագործվել․
«Եվ ահա թե ինչու․ ոչ մեկը չի գալու 4 անձնագրային կետ հատի, ինչ է թե 21 կիլոմետր ճանապարհ է գնում, այն էլ դրա համար մաքսատուրք վճարելով երկու պետությունների բյուջեներ»։
Ըստ Սաֆարյանի՝ շահագործման հանձնված այլընտրանքային ճանապարհը լավագույն լուծումը չէ, սակայն կարծում է՝ Հյուսիս-Հարավի կառուցման դեպքում խնդիրները խոշոր հաշվով լուծված կլինեն։ Ենթադրում է՝ մինչ այդ երկու կողմերն էլ կնախընտրեն երթևեկել ոչ թե Գորիս-Կապան, այլ՝ այլընտրանքային ճանապարհներով։
«Հնարավոր է, որ իրենք իրենցով մաքրվեն այդտեղից, որովհետև այնտեղ արդեն կոմունիկացիա չի լինի։ Սա թերևս ցույց է տալիս, որ հայկական կողմի դիմադրությունից կատաղած են ու չեն կարողացել հասնել արդյունքի», — գրել է Սաֆարյանը։
«Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց որևէ պարագայում չի կարելի մարդկանց իրավունքները դնել զանգվածային խախտումների իրական վտանգների առաջ՝ այն էլ առանց երաշխիքների», — գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Պաշտպանը հիշեցնում է, որ Գորիս-Կապան ճանապարհին սահմանային վերահսկողություն են իրականացնելու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, որոնք Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում աչքի են ընկել պատերազմական հանցագործությունների կատարմամբ։
Թաթոյանի համար պարզ չէ, թե Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով տարվող հայատյացության ու թշնամանքի քարոզի ֆոնին ինչպես է հնարավոր նման գործընթաց թույլ տալ․
«Այս պայմաններում ինչպե՞ս են պատրաստվում երաշխավորել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչների ու առանձնապես՝ հարակից համայնքների բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը»։