16-ամյա Գրետա Թունբերգը ՄԱԿ ամբիոնից մեղադրել է համաշխարհային առաջնորդներին երիտասարդ սերնդին դավաճանելու համար։ Պատճառը նրանց կողմից գլոբալ կլիմայական ճգնաժամի հետևանքներն անտեսելն է, հաղորդում է The Guardian-ը։ Նրա պատասխանը եղել է նախագահ Թրամփի ծաղրական կատակը Թվիթերում։
Ո՞վ է Գրետա Թունբերգը
Գրետա Թունբերգը բնապահպանական հարցերով ակտիվիստ է Շվեդիայից, նա համաշխարհային ճանաչում է ձեռք բերել մոտ մեկ տարի առաջ, երբ հայտարարել է, որ ուրբաթ օրերին դպրոց չի գնալու ի նշան բողոքի։ Նման կերպ նա ցանկանում էր ուշադրություն սևեռել կլիմայական փոփոխությունների և բնապահպանական խնդիրների վրա։
Հաշված ամիսների ընթացքում նրան սատարող շարժումը գլոբալ է դարձել։ Առաձնահատուկ ժողովրդականություն Գրետա Թունբերգը վայելում է երիտասարդների շրջանում։
Գրետա Թունբերգի մոտ Ասպերգերի համախտանիշ (աուտիզմի թեթև տեսակներից) է ախտորոշվել։ Նման ախտորոշմամբ անձինք շփման դժվարություններ են ունենում, սակայն ռացիոնալ մտածողությամբ, վերլուծական մտքով են աչքի ընկնում և գիտության մեջ մեծ հաջողությունների հասնում։
Ի՞նչ է ասել Գրետա Թունբերգը համաշխարհային առաջնորդներին
Գրետա Թունբերգին սատարող շարժումն այնպիսի մասշտաբներ է ձեռք բերել, որ նրան հրավիրել են ՄԱԿ-ում ելույթ ունենալ կլիմայական խնդիրների գագաթաժողովի մասնակիցների առջև։
Ահա, թե ինչ է նա ասել համաշխարհային առաջնորդներին․
— Դուք այդպես էլ չկարողացաք այնքան մեծանալ, որ խոստովանեք ռեալ իրավիճակը։ Դուք մեզ դավաճանեցիք։ Սակայն երիտասարդները սկսում են հասկանալ, որ դուք դավաճաններ եք։ Ոչինչ չնշանակող դատարկախոսությամբ դուք գողացաք իմ երազանքներն ու իմ մանկությունը։ Ձեզ են նայում ապագա սերունդները։ Եվ եթե դուք մեր կողմը չանցնեք, մենք ձեզ երբեք չենք ների։ Այստեղ և հիմա մենք սահման կգծենք, որտեղից չենք հեռանա։
Ի՞նչ է պատասխանել նախագահ Թրամփը
Գրետա Թունբերգի ելույթի պատասխանը եղել է նախագահ Թրամփի թվիթը, որը լրատվամիջոցները որակել են որպես ծաղրական․
«Կարծում եմ, նա երջանիկ աղջիկ է, որը նայում է հիանալի, լուսավոր ապագայի ուղղությամբ։ Հաճելի տեսարան է»։