Ադրբեջանը հայտարարել է Ղարաբաղի հայ համայնքի վերաինտեգրման ծրագրի մասին
Ղարաբաղի հայ համայնքի վերաինտեգրման ծրագիր
Ադրբեջանի նախագահի վարչակազմը հրապարակել է Ղարաբաղի հայ համայնքի՝ ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրվելու ծրագիր։ Հայտարարության համաձայն՝ Ղարաբաղի ողջ տարածքի վրա տարածվում է խրախուսական միջոցառումների փաթեթ, այդ թվում՝ հարկային և մաքսային արտոնությունների, որոնք կապված են ազատագրված տարածքներում հատուկ տնտեսական ռեժիմի հետ։ Փաստաթղթում նշվում է, որ բնակիչները կարող են ներգրավվել նախագահի հատուկ ներկայացուցչությունների և ներքին գործերի մարմինների աշխատանքներում։
- 2024 թ․-ի հունվարի 1-ից ԼՂՀ-ն կդադարի գոյություն ունենալ
- Բաքուն հաղթեց, հայերը լքում են ԼՂ. էլ ի՞նչ սպասել, հակամարտության կողմերի կարծիքները
- «Ինչո՞ւ Աբխազիային չի սպառնում ԼՂ-ի ճակատագիրը»․ կարծիք
«Ադրբեջանի Հանրապետությունը Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ գործնական քայլերի է անցել։ Այս կապակցությամբ Ղարաբաղի հայ բնակիչների հետ կապերի պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը 2023 թվականի սեպտեմբերի 21-ին, 25-ին և 29-ին Եվլախ և Խոջալու քաղաքներում հանդիպել է հայ բնակիչների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում ներկայացվել են Ադրբեջանի Հանրապետության վերաինտեգրման ծրագրերը և քննարկումներ են ծավալվել դրանց շուրջ։
Նշվել է, որ վերաինտեգրումն իրականացվում է երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում՝ Ադրբեջանի Սահմանադրության, օրենքների և միջազգային պարտավորությունների հիման վրա։
Անկախ էթնիկ, կրոնական կամ լեզվական պատկանելությունից՝ երաշխավորվում են բոլորի հավասար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը»։
Իրավական և վարչական ոլորտ
«Այն տարածքներում, որտեղ բնակվում են հայ բնակիչները, կառավարումն իրականացվում է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչությունների միջոցով։ Բնակիչները կարող են ներգրավվել այդ ներկայացուցչությունների աշխատանքներում։
Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ընտրությունների միջոցով ձևավորվում են տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները։
Բնակիչների քաղաքացիության հարցերը լուծվում են ընթացակարգերի հիման վրա՝ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան»:
Անվտանգության ոլորտ
«Ավարտվում է զինաթափման և զորացրման գործընթացը, բնակիչներից առգրավվում է ողջ զենքը։
Ադրբեջանի ներքին գործերի մարմիններն ապահովում են տարածքում հասարակական կարգի պահպանությունը և բնակիչների անվտանգությունը։ Բնակիչները կարող են ներգրավվել ներքին գործերի մարմինների աշխատանքներում»։
Տնտեսական ոլորտ
«Այն տարածքներում, որտեղ ապրում են բնակիչները, որոշակի ժամանակահատվածում հանրապետության միջինի մակարդակին է հասցվում ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքների (կրթություն, առողջապահություն, էներգետիկա, գազ, ջուր, ճանապարհ, կապ, հողի բարելավում և այլն) ապահովումը։
Խրախուսական միջոցառումների փաթեթը, ներառյալ հարկային և մաքսային արտոնությունները, կապված հատուկ տնտեսական ռեժիմի հետ, որը ներդրվել է Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի շրջանների տնտեսական զարգացումն արագացնելու նպատակով, տարածվում է այն տարածքների վրա, որտեղ ապրում են բնակիչները։
Ադրբեջանական Հանրապետության ազգային արժույթն ամբողջությամբ շրջանառության մեջ է դրվում։
Միջոցներ են ձեռնարկվում բնակության վայրերում իրականացվող ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու համար։ Արտոնյալ վարկերը, տոկոսների սուբսիդիաները, վարկային երաշխիքները և այլ ֆինանսական գործիքներ, որոնք կիրառվում են երկրում՝ կապված տնտեսվարող սուբյեկտների ֆինանսավորման հասանելիության ընդլայնման հետ, տարածվում են այն տարածքների վրա, որտեղ ապրում են բնակիչները:
Ֆերմերներին տրամադրվում են սուբսիդիաներ և նրանք ազատվում են բոլոր հարկերից, բացի հողի հարկից։
Գույքային հարցերը կարգավորվում են Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան»։
Սոցիալական ոլորտ
«Բնակիչների վրա տարածվում է ամբողջ հանրապետությունում կիրառվող աշխատավարձի և սոցիալական արտոնությունների վճարման համակարգը։
Բնակիչները կարող են օգտվել նաև Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում սոցիալական ոլորտում առկա արտոնություններից, սոցիալական ծառայություններից և զբաղվածության ծրագրերից։
Բնակիչները օգտվում են բջջային ծառայություններից (Mobile ASAN և Mobile DOST)»:
Մշակույթի, կրթության և կրոնի ոլորտ
«Երաշխավորվում է բնակիչների՝ իրենց մշակույթը և էթնոմշակութային առանձնահատկությունները պահպանելու և զարգացնելու իրավունքը։
Ապահովվում է կրոնի ազատությունը, մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը։
Ստեղծվում է հայերենի օգտագործման հնարավորություն։
Հայ բնակիչների ներկայացուցիչների հետ շփումները վերաինտեգրման գործնական իրականացման շուրջ կշարունակվեն»,- ասված է Ադրբեջանի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ղարաբաղի հայ համայնքի վերաինտեգրման ծրագիր