Հոմոֆոբիայի դեմ պայքարի և ընտանիքի մաքրության օր: Թե ինչպես նշեցին մայիսի 17-ը Թբիլիսիում
Մայիսի 17-ին Թբիլիսիում միանգամից երկու ակցիա անցկացվեց. կառավարության կանցելյարիայի շենքի մոտ էին հավաքվել ԼԳԲՏ-ակտիվիստներն ու նրանց կողմնակիցները, որպեսզի նշեն հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը, իսկ մի քանի տասնյակ մետր այն կողմ՝ խորհրդարանի շենքի մոտ, հոգևորականներն ու հավատացյալները նշեցին ընտանիքի մաքրության օրը:
Եթե կառավարության կանցելյարիայի շենքի մոտ անցկացված ակցիային ԼԳԲՏ իրավունքների կոչեր էին հնչում, ապա խորհրդրանի մոտ՝ հայտարարություններ, որ Վրաստանն ավանդական երկիր է, և «անթույլատրելի է, որպեսզի կինը քնի կնոջ հետ, իսկ տղամարդը՝ տղամարդու»:
Երկու ակցիաների մասնակիցները միմյանցից բաժանված էին ոստիկանական պատով: Նրանց շփումը կանխելու համար քաղաքի կենտրոնում ոստիկաններ էին տեղակայվել։
Հոմոֆոբիայի դեմ ակցիան տևեց ընդամենը մեկ ժամ: Ինչպես նշեցին ակցիայի մասնակիցներն, այդքան ժամանակ էր նրանց հատկացրել ՆԳՆ-ն:
ԼԳԲՏ-ակտիվիստներին ու նրանց կողմնակիցներին իրավապաշտպանները միկրոավտոբուսներով էին բերել: Ակցիայի մասին ոչ ոք նախապես չէր հայտարարել, միայն մարդկանց սակավաթիվ խումբ էր իմացել, թե որտեղ և երբ հավաքվել:
Հոմոֆոբիայի դեմ ակցիա Թբիլիսիում: Լուսանկարները՝ Սոֆո Ապցիաուրիի
Այդ բոլոր անվտանգության միջոցառումներն անհրաժեշտ էին, որպեսզի չկրկնվեին 4 տարվա վաղեմության իրադարձությունները: 2013թ-ի մայիսի 17-ին Թբիլիսիի կենտրոնում հոմոֆոբիայի դեմ մի քանի տասնյակ ցուցարարներ բռնի կերպով ցրվեցին հոգևորականների և ուղղափառ ակտիվիստների կողմից:
2014թ-ին որպես հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվա հակակշիռ եկեղեցին որոշեց մայիսի 17-ն ընտանիքի մաքրության օր հայտարարել: Նախաձեռնության հեղինակը Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդն էր:
Այդ օրվանից սկսած արդեն երրորդ տարին է, ինչ մայիսի 17-ին Ռուսթավելիի պողոտայում երթ է անցկացվում սրբապատկերներով և խաչերով՝ ուղղափառ հոգևորականների գլխավորությամբ:
«Ընտանիքի մաքրության օր» ակցիային էին միացել նաև իշխող կուսակցության ներկայացուցիչները: Պատգամավոր Զաքարիա Կուցնաշվիլին խորհրդարանի շենքի մոտ էր եկել վրացական ազգային տարազով:
Այս ակցիան ժամանակային սահմանափակում չուներ և երկար շարունակվեց: Ակցիային շատ էին երեխաները, որոնց բերել էին ծնողները:
Ընտանիքի մաքրության օրը Թբիլիսիում: Լուսանկարները՝ Լևան Միկաձեի
Խորհրդարանի շենքի առջև հոգևորականները աղոթք կարդացին, բերեցին Ացկուրի Աստվածամոր սրբապատկերը, ավելի ուշ համերգ կայացավ, որին հայրենասիրական երգեր հնչեցին: Ավելի ուշ ընտանիքի մաքրության ջատագովներն ուղևորվեցին դեպի Սուրբ Երրորդության տաճար, որտեղ կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը պատարագ մատուցեց և պարգևատրեց 6 և ավել երեխա ունեցող ընտանիքներին «Հանուն հայրենիքի ինքնազոհ ծնողների» պատվոգրով: Այս տարի նման պատվոգիր կստանա 100 ընտանիք:
- Մայիսի 17-ը հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է:
- Ժողովրդական պաշտպան Ուչա Մամացաշվիլին հայտարարում է, որ Վրաստանում հոմոֆոբիան, տրանսֆոբիան և ատելության լեզուն շարունակում են խնդիր մնալ: Օմբուդսմենի խոսքով՝ մարդկանց հավասարությունը խախտվում է գենդերային պատկանելիության և սեքսուալ կողմնորոշման հատկանիշով, իսկ պետությունը դրա դեմ նվազագույն ֆորմալ քայլեր է ձեռնարկում:
- ԼԳԲՏ-ակտիվիստների խոսքով՝ անվտանգության այն միջոցները, որոնք ձեռնարկվել են մայիսի 17-ին, ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան լրջորեն են երկրում խախտվում ԼԳԲՏ-հանրության իրավունքները, և ինչ բարդ միջավայրում են նրանք ստիպված ապրել:
- Այն մասին, թե ինչպես են ապրում տրանսգենդերները Վրաստանում, կարդացեք JAMnews-ի հոդվածում: