Սպառնալի՞ք, թե՞ դատարկ հոխորտանք․ արձագանք ՀՀ-ի «ուկրաինացման» մասին Մեդվեդևի հայտարարությանը
ՀՀ-ի «ուկրաինացման» մասին Մեդվեդևի հայտարարությունը
«Հայաստանի՝ նոր Ուկրաինա դառնալու սպառնալիքը հանդիսանում է ՌԴ աշխարհաքաղաքական նյարդայնության և ՀՀ-Ռուսաստան խորացող ճգնաժամի հերթական դրսևորումը»,- քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն այսպես է մեկնաբանում Դմիտրի Մեդվեդևի աղմկահարույց հայտարարությունը։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես՝ հայտարարել է, թե Հայաստանի ներկայիս ղեկավարությունը որոշել է փոխել երկրի զարգացման ուղղությունը և համոզմունք հայտնել, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։
«Հայաստանի համար ամենավատը, ինչ կարող է տեղի ունենալ, նոր Ուկրաինայի վերածվելն է»,- պնդել է Մեդվեդևը։
Պաշտոնական Երևանը չի արձագանքել Մեդվեդևի հայտարարությանը։
Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է․ «Հայաստանը որևէ այլ բան չի կարող լինել։ Հայաստանը Հայաստան է և միշտ լինելու է Հայաստան»։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն իր հեղինակային Ruben Mehrabyan Talks հաղորդման շրջանակում անդրադարձել է թեմային և շեշտել՝ ՌԴ-ն այսքան «դյուրագրգիռ և անհավասարակշիռ» է, քանի որ պատերազմում գործերը ոչ թե վատ են, այլ շատ վատ։ Մեհրաբյանն առաջարկում է լուրջ ընդունել Մոսկվայից հնչող հայտարարությունն ու փորձել հասկանալ՝ որքանով է դա հիմնավորված սպառնալիք։
«Այս սպառնալիքը չի կարելի դիտարկել ոչ որպես բացարձակապես անխուսափելի սցենար, ոչ էլ որպես զուտ դատարկ հոխորտանք: Այն իր մեջ պարունակում է իրական ռիսկեր, որոնք բխում են ՀՀ էներգետիկ և տնտեսական խոցելիություններից։ Մյուս կողմից էլ, ունի հոգեբանական ճնշման տարրեր»,- արձանագրել է նա։
- Հայ արտադրողների արձագանքը ռուսաստանյան սահմանափակումներին․ կարծիքներ, թվեր
- «Առաջիկա ամիսներին կկողմնորոշվենք»․ Փաշինյանը՝ ՀՀ նոր ատոմակայանի տեխնոլոգիայի մասին
- Ի՞նչ պայմանավորվեցին Փաշինյանն ու Պուտինը Բիշքեկում. հանդիպում ծայրահեղ լարվածության ֆոնին
- «Եթե ՌԴ-ն որոշի դուրս բերել ռազմաբազան, մենք չենք առարկի»․ Փաշինյան
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ասում է՝ Ռուսաստանն ակնհայտորեն դրսևորում է Հարավային Կովկասում ազդեցության կորստի վախ․
«Ուկրաինական ճակատում ՌԴ տապալումների ֆոնին Մոսկվայի ռեսուրսները սահմանափակ են, իսկ ազդեցությունը հետխորհրդային տարածքում՝ թուլացած։ Բայց ամենաանցանկալին ՌԴ համար այն է, որ այդ ամենն այլևս հստակ միտում ունի խորանալու, այսինքն՝ էլ ավելի սահմանափակ լինելու, էլ ավելի թուլանալու»։
Մեհրաբյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանը դեռևս պահպանում է Ուկրաինայում հյուծիչ պատերազմ վարելու կարողությունը, սակայն մարդկային կորուստները, տնտեսական պատժամիջոցներն ու միջազգային մեկուսացումը ստեղծում են ներքին բարձր լարվածություն։
Ասում է՝ նման պայմաններում ցանկացած դաշնակցի հեռացում, ընկալվում է որպես «հարված թիկունքից», հանգեցնում անհավասարակշիռ արձագանքների, որոնցից հերթականը Մեդվեդևի հայտարարությունն էր․
«Սպառնալիքի նպատակը հայ հասարակության մեջ վախ սերմանելն է, որպեսզի կանգնեցվի ընթացքը դեպի Արևմուտք, որը պայմանավորված է մեր անվտանգության և զարգացման շահով»։
Ըստ քաղաքագետի՝ Մոսկվայից հնչող սպառնալիքները մասամբ են հիմնավորված․
«Ուղղակի ռազմական ներխուժման հավանականությունը ներկայումս զրոյին մոտ է մի պարզ պատճառով։ Որքան էլ Մեդվեդևը ինքն իրեն պատառոտի, չկա այդ կարողությունը իր հետ սահման չունեցող երկրի վրա ռազմական ներգործություն ունենալու։ Բայց ՌԴ-ն ունի հիբրիդային հզոր լծակներ, որոնք կարող է գործադրել և գործադրում է»։
Կարծում է՝ առկա ռիսկերի շարքում, առաջին հերթին, պետք է դիտարկել ՌԴ-ից ՀՀ ունեցած տնտեսական և էներգետիկ կախվածությունները․ երկիրը շարունակում է կախված մնալ Վերին Լարսի անցակետից, ատոմակայանի վառելիքից և ռուսական գազից․
«Գազի անջատումը կամ վերանորոգման պատրվակով մատակարարումը դադարեցնելը, սանիտարական պատրվարկով սահմանի փակումը կարող են ՀՀ-ում ներքին շոկեր առաջացնել և ստիպել գործել վթարային ռեժիմով»։
Մեհրաբյանի խոսքով՝ ներկա պահին Երևանը փորձում է առանց շոկերի և կոնֆլիկտների կառավարել առկա ռիսկերը, սակայն փաստ չէ, որ դա կարող է ստացվել միշտ։
Շեշտում է՝ ստեղծված իրավիճակում բացառված չեն նաև անվտանգային ռիսկերը, մասնավորապես՝ Բաքուն կարող է ՀՀ հանդեպ ճնշումները վաճառել Մոսկվային։ Վստահ է՝ ՌԴ-ն նման գործարքի դեմ չի լինի։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ՌԴ-ն վիրավոր գազանի վարք է դրսևորում։ Ասում է՝ Հայաստանը պետք է ոչ թե հրապարակային դեմարշներ անի, այլ ԱԳՆ կանչի դեսպան Կոպիրկինին և բողոքի նոտա փոխանցի։
Բացի այդ, կարիք կա ևս մեկ անգամ ընդգծել, որ Եվրամիության և ԱՄՆ հետ ՀՀ մերձեցումը բխում է Հայաստանի շահերից և չի արվում ընդդեմ Ռուսաստանի։
Երևանի անելիքների շարքում Մեհրաբյանն առաջնահերթ է համարում, մասնավորապես՝ էներգետիկ և տնտեսական դիվերսիֆիկացիան։ Ասում է՝ պետք է քննարկել Իրանից գազի ստացման հնարավորությունները, քանի որ Թեհրանը կարող է ծածկել ՀՀ պահանջմունքների 85 տոկոսը։ Մատնանշել է նաև՝
- բանակի բարեփոխումներն ու ամրաշինական աշխատանքները շարունակելը,
- ռազմատեխնիկական համագործակցության խորացումը տարբեր երկրների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Հնդկաստանի, Հունաստանի,
- ներքին կայունության և դիմակայունության ապահովումը,
- ռազմավարական հաղորդակցությունը, մանիպուլյացիների և ապատեղեկատվության դեմ պայքարը։
Ռուբեն Մեհրաբյանը շեշտել է՝ պետք է պատրաստ լինել ժամանակակից պատերազմին, այդ թվում՝ հիբրիդային հարձակումներին։
«Հայաստանը չպետք է Ադրբեջանին և Ռուսաստանին թողնի որևէ գայթակղություն մեր դեմ ոտնձգություններ անելու։ Դրա համար որևէ հնարավորություն չպետք է տրվի»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ-ի «ուկրաինացման» մասին Մեդվեդևի հայտարարությունը