Հերթական փոխհրաձգությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին․ մեկ զոհ, երեք վիրավոր
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հերթական փոխհրաձգությունն է տեղի ունեցել․ դրա հետևանքով զոհվել է մեկ զինծառայող, երեքը վիրավորվել են։ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները հակասական հայտարարություններ են արել։
- Հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մեկ հայ զինծառայող է զոհվել
- «Մենք մեր տարածքում ենք»․ Ալիևը՝ Հայաստանի հետ սահմանի և Արցախի կարգավիճակի մասին
- Կարծիք․ «Խաթարել Հայաստանի պլանները, կամ ի՞նչ է ուզում Ադրբեջանը»
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող, վիրավորվել Հայաստանի Զինված ուժերի երեք զինծառայող։
Տեղեկություններ Բաքվից
«Հուլիսի 23-ին, ժամը 16:00-ին մոտ [Հայաստանի] Բասարքեչարի (Գեղարքունիքի) մարզի տարածքում հայկական Զինված ուժերի դիրքերից գնդակոծվել է ադրբեջանական բանակի դիրքը հայ-ադրբեջանական պետական սահմանի Քելբաջարի ուղղությամբ։
Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Յագուբլու Ֆարման Թելմանօղլուն։
Ներկա պահին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, որոնք տեղակայված են նշված ուղղությամբ, պատասխան գործողություններ են ձեռնարկում։
Նման սադրանքների դիմելով՝ հայկական կողմը երկու երկրների պետական սահմանին իրավիճակը սրելու նպատակ է հետապնդում։
Այս սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանը», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկության համաձայն՝ հուլիսի 23-ին Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական պետական սահմանի Քելբաջարի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերը։ Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող։
Վերջերս հայկական կողմի ձեռնարկած շարունակական սադրանքները, ադրբեջանական դիրքերի գնդակոծման ճանապարհով տարածաշրջանում իրավիճակը սրելու փորձերն անընդունելի են, և Հայաստանը կրում է նման ձևով իրավիճակի զարգացման ողջ պատասխանատվությունը։
Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում իր տարածքային ամբողջականության պաշտպանության, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար», — նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Տեղեկություն Երևանից
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել 3 հայ զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
«Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Դրա մասին է խոսում նաև փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշում է, թե հայկական կողմի բացած կրակից հետո ադրբեջանցի զինվորական է զոհվել», — ասված է հայտարարությունում։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտարարում է, որ հայ զինծառայողները հակազդող գործողությունների չեն դիմել մինչև այն պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ։
Հայաստանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։