Հարավային Օսիայում կրակել են ՆԳՆ ղեկավարի վրա, նախարարը չի տուժել
Օգոստոսի 17–ի երեկոյան անհայտ անձինք կրակել են Հարավային Օսիայի ՆԳՆ ղեկավար Իգոր Նանիևի մեքենայի վրա։ Նախարարը, որն էլ հենց ղեկին է եղել, չի
տուժել։
Ըստ գլխավոր դատախազության տեղեկությունների՝ հարձակումը տեղի է ունեցել Ցխինվալի հյուսիսային մասում՝ Մոսկովսկի միկրոշրջանի մերձակայքում, ժամը 21.30–ին մոտ։ ՆԳ նախարարի «Նիվա» ծառայողական ավտոմեքենայի վրա կրակել են լքված տնից հրազենից։ Փամփուշտները վնասել են ավտոմեքենան, սակայն նախարարը, որը մեքենայի մեջ մենակ է եղել, վիրավոր չէ։
• Ստալինը կրկին կենդանի է Հարավային Օսիայում և Արևելյան Ուկրաինայում
• Սկանդալ չղջիկների շուրջ։ Հարավային Օսիայում հայտարարում են, որ բացահայտել են Վրաստանի և ԱՄՆ հերթական դավադրությունը
• Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը, Դոնբասսը պատրաստում են Ռուսաստանի բռնակցմա՞նը
Հարձակման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել պետական գործչի նկատմամբ մահափորձի և ապօրինի զենք կրելու վերաբերյալ։
Դեռևս պարզ չէ, թե ով է կրակել։ Քննիչները պարզել են, որ կրակել են Մակարովի ատրճանակից։ Միակ վարկածը, որը դեռևս հնչեցրել է քննությունն, այն է, որ մահափորձը կապված է Նանիևի պրոֆեսիոնալ գործունեության հետ։
Ցխինվալում ակտիվորեն քննարկվում է կատարվածը։ Քանի որ ընդհանուր քրեածին իրավիճակը հանրապետությունում բավականին հանգիստ է, նախարարի նկատմամբ մահափորձը մեծ ուշադրություն է գրավել։
Նանիևի անունը կապված է անցյալ տարվա հոկտեմբերին Ցխինվալի բանտում բանտարկյալների բողոքի կոշտ ճնշման հետ, որից հետո ընդդիմադիր կուսակցությունները նրա հրաժարականն էին պահանջում։
Սոցցանցերի որոշ խմբերում օսերը մահափորձը «թատրոն» և «ներկայացում» են անվանում։ Սակայն քչերն են դրան հավատում, չէ՞ որ Նանիևն ինքն է ղեկին եղել և հազիվ թե կրակոցների տակ ընկներ։
Ոմանք պնդում են, որ նախարարին ինչ–որ անհայտ պատճառներով ցանկացել են «նախազգուշացնել» և «վախեցնել»։
Միջադեպից հետո Նանիևը հանդիպել է հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովին։ Զրույցի մանրամասների մասին չի հաղորդվում։