«Վերջին քայլը թողնվեց Հայաստանին»․ կարծիքներ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու մասին
ՀԱՊԿ-ը ՀՀ-ին զրկեց ձայնի իրավունքից
Ռուսաստանի հովանու ներքո գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքը որոշել է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, ինչպես նաև պատասխանատու պաշտոններում ներկայացուցիչներ նշանակելու իրավունքից։ Անդամ երկրների ղեկավարները նման որոշում են կայացրել նոյեմբերի 11-ին՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ ՀՀ-ն չի մասնակցել նիստին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հաշվի են առել այն փաստը, որ արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ-ն չի կատարել իր պարտավորությունները։ Ռուս պաշտոնյան նկատի ունի, մասնավորապես՝ վերջին 3 տարիներին Երևանի կողմից ՀԱՊԿ-ին անդամավճար չտալը։
Կառույցի կանոնադրության համաձայն՝ պարտքը մարելուց հետո Հայաստանը կկարողանա վերականգնել ՀԱՊԿ-ում իր իրավունքները։
Պաշտոնական Երևանը դեռևս չի արձագանքել որոշմանը, սակայն բարձրաստիճան պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են ՀՀ դիրքորոշումը։
«Ես ցանկանում եմ, որ մենք մեկընդմիշտ արձանագրենք՝ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են»,- մեկ շաբաթ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փորձագետներն ու քաղաքացիները ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների որոշումից անակնկալի չեն եկել։ Ավելին, պնդում են, թե Երևանը չպետք է սպասեր, որ իրեն ձայնից զրկեին, ինքը պետք է դուրս գար կառույցից։
Քաղաքական գործիչ, «Հայրենիք» կուսակցության նախկին անդամ Բաբկեն Հարությունյանը ՀԱՊԿ-ը բնորոշել է որպես «ադրբեջանամետ կառույց», որը հավասարության նշան է դնում իր անդամ պետության` Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Կառույցը վերջին քայլը [ՀԱՊԿ-ից դուրս գալու] թողնում է Հայաստանին կամ հույս փայփայում, որ հպատակ ուժեր կգան իշխանության և Հայաստանը կվերադարձնեն ՀԱՊԿ ոտքերի տակ։ Ջերմուկի, Սև լճի և Ադրբեջանի կողմից այլ տարածքների տարիներով օկուպացիայից հետո Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից»,- գրել է Հարությունյանը։
Հայաստանը 2024 թ․-ի փետրվարից սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ ռազմական դաշինքի աշխատանքներին։ ՀՀ-ն չի մասնակցում անցկացվող միջոցառումներին, չի վճարում անդամավճարներ։
Պաշտոնական Երևանը պնդում է՝ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած անվտանգային ոլորտի պարտավորությունները, մասնավորապես՝ չի արձագանքել 2021-2022 թվականներին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակումներին։ Ավելին, ռազմական դաշինքից հնչել են կարծիքներ, թե հնարավոր չէ արձանագրել ներխուժման փաստը, քանի որ ՀՀ-Ադրբեջան սահմանը սահմանազատված չէ։
- «ՌԴ և ԵԱՏՄ որոշ շրջանակներ աջակցում են ՀՀ ընդդիմության գաղտնի պլանին». Փաշինյան
- «Ուղերձ ծանր հարվածների մասին»․ ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցության հնարավոր կասեցումը
- «ՀՀ-ին անկախությունից զրկելու հերթական փորձն է նախապատրաստվում»․ Փաշինյան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ «Հայաստանին կառույցից հեռացնելու հարց չի բարձրացվել»
Լրագրողների հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը շեշտել է՝ խորհրդի նիստում Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի բարձրացվել։
Հիշեցրել է՝ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը չի վճարել անդամավճարները և իր աշխատակիցներին ՀԱՊԿ քարտուղարություն կամ ՀԱՊԿ միացյալ շտաբ չի ուղարկել․
«Եթե Հայաստանը վճարի անդամավճարները, կկարողանա վերականգնել իր ձայնի իրավունքը կազմակերպությունում։ Հայաստանի ղեկավարությունը պետք է որոշում կայացնի»։
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել էր, թե Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել կազմակերպությունից։
«Նրանք չեն մասնակցում մեր հիմնական գործունեությանը, զորավարժություններին կամ նմանատիպ այլ միջոցառումներին։ Ուստի, կարծում եմ՝ սա լիովին համապատասխանում է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածին։ Փաստացի նրանք արդեն դուրս են եկել ՀԱՊԿ-ից»,- խոսելով կայացվելիք որոշման մասին՝ ասել էր Մասադիկովը։
ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ անդամավճար չվճարելու և քվոտայով նախատեսված պաշտոնները չզբաղեցնելու դեպքում տվյալ երկիրը զրկվում է քվեարկելու իրավունքից։
Ի՞նչ է ենթադրում որոշումը․ մեկնաբանություն
ՀԱՊԿ ռազմական դաշինքի կայացրած որոշմանն անդրադարձել է «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։ Բաբայանի դիտարկմամբ՝ Երևանին ձայնի իրավունքից զրկելը պարզապես «տեխնիկական կամ ֆինանսական հարց չէ»․
«Սա Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև խորացող քաղաքական ու դիվանագիտական հակասությունների հերթական դրսևորումն է»։
Շեշտել է՝ կայացված որոշումները նշանակում են, որ՝
- «Հայաստանը կորցնում է կազմակերպության ներսում որոշումների ընդունման գործընթացի վրա ազդելու հնարավորությունը,
- խորանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգային ու քաղաքական անվստահությունը»։
Ասում է՝ թեև ռազմական դաշինքում ՀՀ անդամակցությունը պահպանվում է, սակայն կառույցի ներսում Հայաստանի ինստիտուցիոնալ դիրքերը թուլանում են։
Ինքը՝ Բաբայանը, Երևանից ակնկալում է ոչ թե հայտարարություններ, այլ լուրջ հաշվարկներ՝ հանուն երկրի անվտանգության ապահովման։
«Մեզ անհրաժեշտ են իրական երաշխիքներ, հստակ դաշնակցային հարաբերություններ և ազգային շահերից բխող արտաքին քաղաքականություն»,- նկատել է նա։
Քաղաքացիների կարծիքները սոցցանցերից
«ՀԱՊԿ֊ի ստեղծման օրվանից միակ երկիրը, որ ձայն հանեց, Հայաստանն էր, այն էլ բռնեցին, ձայնի իրավունքից զրկեցին։ Ոնց որ հին հունական ողբերգություն լինեն։ Մարդ չգիտի՝ խնդա՞, թե՞ լա»։
«Իրենք դեռ հույս ունեն, որ կալուգացի Սամոն [կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը, որը այժմ առաջնորդում է «Ուժեղ Հայաստան» ոկւսակցությունը] կամ նրա նմանները կգան իշխանության ու նրանք ձայնի իրավունքը կվերականգնեն։ Հակառակ դեպքում միանգամից կհեռացնեին»։
«Վաղուց պետք էր դուրս գալ ՀԱՊԿ, ԵԱՏՄ հիմարություններից։ Հայաստանի ապագա անվտանգության երաշխիքն է միայն անդամակցությունը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին»։
«Հայաստանն ինքն է հրաժարվել, չեն զրկել։ Թող իրենց հույս չտան»։
«Մեզ պետք էլ չէր։ Ժամանակին օգնեցի՞ն, հիմա էլ զրկո՞ւմ են։ Էլ ով դիմանա։ Ճանաչեցի՞ն մեր տարածքային սահմանները։ Իհարկե՝ ոչ»։
«Իսկ ՀԱՊԿ հապավումը ո՞նց է՝ հավայի անկապ պուտինյան կազմակերպությո՞ւն, որը ինչ-որ անդամավճար է պահանչում Հայաստանից, որը աչքերը փակել էր Ադրբեջանի հարձակման ժամանակ»։
«Զրկեցին ձայնից մեռած կազմակերպությունում»։
«Դարդ պիտի անե՞նք։ Ի՞նչ է արել այդ խուժան կազմակերպությունը, բացի դավաճանությունից»։
«Փառք Աստծո։ Երանի մի օր, որ Հայաստանն այլևս կապ չունենա նեխած Սովետի մնացորդի հետ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀԱՊԿ-ը ՀՀ-ին զրկեց ձայնի իրավունքից