Հայ-իրանական սահմանին բացվել է տնտեսական ազատ գոտի
Հայ-իրանական սահմանին պաշտոնապես բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին, որտեղ ապրանքները վաճառվելու են ինքնարժեքով, ինչը նման է duty free ռեժիմին:
Փորձագետները նշում են, որ Հայաստանի և Իրանի համար այս հարթակը կարող է դառնալ երրորդ երկրների հետ համագործակցելու հնարավորություն, քանի որ Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, համագործակցում Եվրամիության հետ և ունի ապրանքները արտահանելու արտոնյալ պայմաններ:
«Մեղրի» ազատ տնտեսական գոտում գործող տնտեսավարողները կազատվեն շահութահարկից, ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և մաքսատուրքերից` վճարելով միայն եկամտային հարկ: Այստեղ կարող են ներկայացվել տարբեր ոլորտների ապրանքներ՝ գյուղատնտեսություն, մշակող արդյունաբերություն և այլն:
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ իրանցի գործարարները ազատ տնտեսական գոտում բիզնես սկսելու և արտադրանքը դեպի Եվրոպա և եվրասիական երկրներ արտահանելու հնարավորոթյուններ կունենան: Նույն նպաստավոր պայմանները, ըստ Հայաստանի կառավարության ղեկավարի, կլինեն նաև Եվրոպայից կամ եվրասիական երկրներից Իրան արտահանման պարագայում:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին այս կապակցությամբ ասել է, որ հայ-իրանական տնտեսական կապերի զարգացման մեծ և լուսավոր հեռանկար է տեսնում.
«Մեղրի» ազատ տնտեսական գոտու մեկնարկը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, իրանական ազատ տնտեսական գոտիների հետ փորձի փոխանակմանը»:
Նախատեսվում է, որ առաջիկա տարիների ընթացքում այս տնտեսական գոտում 50-70 ձեռնարկություն կգործի, կիրականացվեն 100-150 միլիոն դոլարի չափով ներդրումներ, կապահովի մոտ 250 միլիոնի արտահանում:
Պաշտոնական տվյալերով՝ 2017 թ.-ին Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը և կազմել է 211.4 միլիոն դոլար: Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Իրանի հետ համագործակցությունը կազմում է 4.2 տոկոս: