Հայտնի ադրբեջանցի փաստաբանին դատապարտել են մեկ տարվա ուղղիչ աշխատանքների
Հայտնի փաստաբան Ասլան Իսմայլովին մեղադրել են խուլիգանության համար և դատապարտել մեկ տարվա ուղղիչ աշխատանքի՝աշխատավարձի 20%-ի ամսական պահմամբ: Բացի այդ, տուգանել են 1500 մանաթով (մոտ 882 դոլար): Ինչպես փոխանցում է Turan գործակալությունը , փաստաբանն ինքն այս գործը շինծու է համարում:
Ի՞նչ է հայտնի Ասլան Իսմայլովի մասին
Ասլան Իսմայլովն Ադրբեջանի ամենահայտնի իրավաբաններից է: 90-ականների սկզբին նա նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր խորհրդականն էր: Նրա անունը հաճախ է հնչում ամենատարբեր աղմկահարույց քաղաքական գործերի առնչությամբ: Իսմայլովը հայտնի է նրանով, որ 1989թ-ին որպես պետական մեղադրող է հանդես եկել Սումգայիթում հայերի ջարդերի դատական գործընթացում, որը Բաքվում էր տեղի ունենում: Դրանից հետո նա գրել է «Սումգայիթ. ԽՍՀՄ անկման սկիզբը» գիրքը:
• Աննախադեպ իրադարձություն Հայաստանում. ցմահ բանտարկյալ է ազատ արձակվել
Մեղադրող կողմի վարկածը
Իսմայլովի դեմ քրեական գործ էր հարուցվել 2017թ-ի հոկտեմբերին: Մեղադրող կողմը պնդում էր, որ այն բանից հետո, երբ Բաքվի Բինանգադինի դատարանը հրաժարվել է ընդունել «Մուսավաթ» կուսակցության ղեկավարի դեմ Իսմայլովի հայցը, փաստաբանը վիրավորել է դատավորին և դատարանի նախագահին և այնքան ուժգին է դուռը ծածկել, որ այն կոտրվել է:
Իսմայլովի վարկածը
Փաստաբանը կարծում է, որ գործը «պատվիրել է» գլխավոր դատախազ Զաքիր Գարալովն ու պետության ղեկավարի օգնական Ալի Հասանովը: «Ինձ ուզում են պատժել, որ ես հայտարարել եմ դեղատներում թմրանյութերի բաց վաճառքի, Բաքվում խաղատների և խաղային հաստատությունների ապօրինի գործունեության, Ազգային օնկոլոգիական կենտրոնում առկա կոռուպցիայի մասին», — ասել է Իսմայլովը:
Սա նմանատիպ երկրորդ վճիռն է, որ կայացվել է Իսմայլովի դեմ այս տարվա ընթացքում: Հուլիսին նա արդեն դատապարտվել էր մեկուկես տարվա ուղղիչ աշխատանքների բաքվեցի ռեստորանատեր Մուրվաթ Հասանովի հասցեին հնչեցրած զրպարտության մեղադրանքով: Այդ դատավճիռն Իսմայլովն այն ժամանակ նույնպես «պատվերով» էր անվանել: