Արդարադատության նախարարությունում կարծում են, որ ցմահ բանտարկյալը նույնպես կարող է ուղղվել և հասարակության համար որևէ վտանգ չներայացնել " />

Հայաստանում ցմահ դատապարտյալին ազատ են արձակել դատարանի դահլիճից

Արդարադատության նախարարությունում կարծում են, որ ցմահ բանտարկյալը նույնպես կարող է ուղղվել և հասարակության համար որևէ վտանգ չներայացնել

Աննախադեպ որոշում

Դատարանը բավարարել է ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանին պայմանական-վաղաժամ ազատ արձակելու միջնորդությունը: Դատարանը նրա համար նաև երկարատև պայմանական ժամկետ է սահմանել՝ 10 տարի: Կարեն Օգանեսյանն ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից:

Նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1996 թ-ին ԱՄՆ-ում կրկնակի սպանության համար: 2009թ-ին նա Հայաստանին էր արտահանձնվել, որտեղ էլ կրում էր իր պատիժը մինչև ազատ արձակվելը:

Ըստ դատական գործի նյութերի՝ Օգանեսյանն աշխատել է մի ընկերությունում, որը զբաղվում էր անվտանգության համակարգերի տեղադրմամբ, և ինքնապաշտպանության նպատակով զենք կրելու իրավունք է ունեցել: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել աշխատանքային օրվա ավարտից հետո: Օգանեսյանն ընկերոջ հետ հանդիպել է Լատինական Ամերիկայից երկու եղբայրների: Նրանց միջև կռիվ է սկսվել, արդյունքում Օգանեսյանը կրակել է եղբայրների վրա:

Դատապարտյալը պնդում է, որ կոնֆլիկտի ժամանակ ինքը կրակոց է լսել և տեսել իր ընկերոջը գետնին ընկած, որից հետո նոր կիրառել է հրազենը.

«Ես ափսոսում եմ իմ արարքի համար, ափսոսել եմ և ափսոսելու եմ: Միաժամանակ կարող եմ ասել, ես այդ օրը փողոց դուրս չեմ եկել հանցանք կատարելու մտադրությամբ: Ես պարզապես ընկերոջս մեքենայով այնտեղ եմ տարել, որ նա հանդիպի իր մեքսիկացի ընկերուհուն»:

Կարեն Օգանսեյանին վաղաժամ ազատ արձակելու որոշումն աննախադեպ է: Ըստ Հայաստանի օրենսդրության՝ պայմանական-վաղաժամ ազատ արձակման մասին դրույթը գործում է նաև ցմահ դատապարտյալների հանդեպ, սակայն երկար տարիներ դատարանը նման որոշում չէր կայացրել:

Ի՞նչ է փոխվել և ի՞նչ սպասել

Կարեն Օգանեսյանի վաղաժամ ազատ արձական մասին որոշումն արդեն ողջունել է արդարադատության նախարարությունը: Գերատեսչությունը կարծում է, որ պայմանական-վաղաժամ ազատ արձակման մասին օրենքի կետը պետք է գործի նաև ցմահ ազատազրկվածների հանդեպ:

«Կառավարությունն այլ կերպ է նայում ցմահ բանտարկյալների հարցին: Մենք կարծում ենք, որ, այո, ցմահ բանտարկյալը որոշակի ժամանակ անց նույնպես կարող է ուղղվել և հասարակության համար ոչ մի վտանգ չներկայացնել: Իսկ այդպիսի մարդիկ, բնականաբար, չպետք է գտնվեն ազատազրկման վայրերում», – կարծում է Հայաստանի արդարադատության առաջին փոխնախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը:

Նախարարությունում նախատեսում են այդ առումով զգալի փոփոխություններ իրականացնել: Ցմահ բանտարկյալներին վաղաժամ ազատ արձակելու մասին մի քանի գործերով համապատասխան հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Սակայն միայն դատարանը կարող է վերջնական որոշում կայացնել: Հայաստանի արդարադատության նախարարությունում հույս ունեն, որ վճիռները դատապարտյալների օգտին կլինեն, և նրանք շուտով ազատ կարձակվեն:

Արդարադատության նախարարությունում վստահ են, որ վաղաժամ ազատ արձակման համակարգը որոշակի չափով կարող է լուծել նաև բանտերի ծանրաբեռնվածության խնդիրը:

Քանի՞ ցմահ դատապարտյալ կա Հայաստանում

Հայաստանի քրեակատարողական հաստատություններում ցմահ ազատազրկվածների թիվը 97-ի է հասնում: Նրանցից 32-ին դատապարտել են մահապատժի, սակայն 2001թ-ին Եվրախորհրդին անդամակցելուց հետո Հայաստանում մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Դա Եվրախորհրդի առջև երկրի պարտավորություններից մեկն էր:

Բանտից նամակների հեղինակը սպասում է դատարանի որոշմանը

Ցմահ ազատազրկման դատապարտված Յուրի Սարգսյանը 2017թ-ից նամակներ է գրում JAMnewsի խմբագրություն:

Նա բանտում անցկացրել է արդեն 24 տարի: Հայաստանի Գերագույն դատարանը նրան մահապատժի է դատապարտել, որը 2003թ-ին փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Այժմ Յուրի Սարգսյանը նույնպես դատարանի որոշմանն է սպասում իր վաղաժամ-պայմանական ազատ արձակման վերաբերյալ:

Կարդացեք նաև. Յուրի Սարգսյանի նամակը. “Վայր, որտեղ երազը նախընտրելի է իրականությունից»

Յուրի Սարգսյանը մեզ գրել էր այն պատճառով, որ ցանկանում էր արտահայտվել և կարծում էր, որ հասարակության համար կարևոր է լսել «մյուս կողմում» ապրողներին: Մենք համաձայնել ենք նրա հետ. և այդպես ծնվել է մեր «Նամակներ բանտից» նախագիծը: Իր 10 նամակներում նա պատմում է իր պատմությունն ու կիսվում իր մտահոգություններով:


Կարդալ ավելին JAMnews-ում