Ավելի քան 100 քաղբանտարկյալներից ազատ կարձակվի ընդամենը տասներկուսը" />

«Մեծ համաներումն» Ադրբեջանում հիասթափություն է առաջացրել

Ավելի քան 100 քաղբանտարկյալներից ազատ կարձակվի ընդամենը տասներկուսը

Վաղուց սպասված «մեծ համաներումը», որը նվիրված է Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության հարյուրամյա հոբելյանին, հասարակությունում բացահայտ հիասթափություն է առաջացրել: Չնայած որ նախագահ Ալիևը ներում է շնորհել 634 բանտարկյալի, այդ ցուցակում ավելի քան 140 քաղբանտարկյալներից ընդամենը 12 մարդ կա: Ընդ որում, նրանցից շատերի ազատազրկման ժամկետն առանց այդ էլ ավարտին էր մոտենում:

Համաներման մասին սկսել էին խոսել դեռևս տարվա սկզբին խորհրդարանում, ընդ որում, մի քանի պատգամավոր՝ իշխող կուսակցության առաջնորդներ: Օրինակ, «Յենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիավուշ Նովրուզովը կոչ էր անում ազատ արձակել Ղարաբաղում կռված բանտարկյալներին, «ընդդիմության վատ ազդեցության տակ ընկած երիտասարդ ակտիվիստներին»:

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, կանանց իրավունքների պաշտպանության միավորման նախագահ Նովելա Ջաֆարօղլուն ասում էր.

«Մենք վստահ ենք, որ շուտով Ադրբեջանում ոչ մի քաղբանտարկյալ չի մնա»:

Սակայն համաներումը չտարածվեց.

  • ղարաբաղյան պատերազմի վետերանների, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի նախկին մարտիկների վրա (դատապարտվել են զմահ ազատազրկման պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով),
  • «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի վրա (դատապարտված է 7 տարվա ազատազրկման զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով),
  • «հուշարձանի գերիների»՝ երիտասարդ ակտիվիստների վրա, որոնք քաղաքական կարգախոսներ էին գրել Հեյդար Ալիևի հուշարձանի վրա. Գիաս Իբրահիմովին և Բայրամ Մամեդովին 10 տարվա ազատազրկման են դատապարտել թմրանյութերի տարածման մեղադրանքով,
  • հետաքննող լրագրող Աֆղան Մուխտարլիի վրա, որը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել մաքսանենգության և սահմանի ապօրինի հատման համար,
  • Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլիի վրա, որին 4 տարվա ազատազրկման են դատապարտել մաքսանենգության մեղադրանքով

և շատ այլ հայտնի դատապարտյալների վրա, որոնք ներառված են իրավապաշտպան կազմակերպությունների քաղբանտարկյալների ցուցակում:

Համաներված քաղբանտարկյալների թվում են հիմնականում կրոնական ակտիվիստները, որոնք դատապարտվել են Նարդարան ավանում անկարգությունների կազմակերպման համար:

Ինչպես նաև «հիջաբի գերիները», որոնք բողոքում էին դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ:

Ազատ են արձակվել նաև Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Էլնուր Ֆարաջևը, որը բանտարկվել էր  2017 թ-ի մայիսին թմրանյութերի վաճառքի մեղադրանքով, և շաքարախտով հիվանդ գրող Սադայ Շեքերլին, որը դատապարտվել էր 2015թ-ի դեկտեմբերին սպառնալիքների միջոցով դրամաշորթության համար:

Իրավապաշտպաններից շատերը չեն թաքցնում իրենց հիասթափությունը համաներվածների ցուցակի կապակցությամբ: Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի համակարգող Օգթայ Գյուլալիևը «Կավկազսկի ուզելի» թղթակցին ասել է. «Քաղբանտարկյալների մեր ցուցակում ներառված մոտ 150 մարդ դեռ բանտում է»:

Նա հավելել է, որ իշխանությունը քաղաքական կամք չի դրսևորել քաղբանտարակյալների խնդիրները լուծելու համար:

«Արտահերթ նախագահական ընտրությունների ողջ ընտրարշավի ժամանակ «մեծ համաներման» նախապատրաստման պատրանք էր ստեղծվում: Պարբերաբար նիստ էր անցկացնում համաներման հարցերի հանձնաժողովը, տեղեկատվության «արտահոսք» էր կիրառվում, թե իբր իշխանությունները մեկընդմիշտ լուծելու են քաղբանտարկյալների հարցը՝ միջազգային քննադատությանը վերջ դնելու համար: Եվ ահա այսօր պարզվում է, որ այդ ամենը խաբեություն էր: Համաներման տակ ընկած 12 քաղբանտարկյալներից չորսի ազատազրկման ժամկետի լրանալուն ընդամենը մեկ շաբաթ էր մնում», – Գյուլալիևի խոսքերն է մեջբերում «Կավկազսկի ուզելը»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում