Հայկական երազանք
Երևանի փողոցներում հանդիպած անցորդներին խնդրեցինք նամակ գրել Ձմեռ պապին:
Առաջինը մեզ հանդիպեց դպրոցահասակ մի տղա Նոր Նորքի 7-րդ զանգվածում: Բակում խաղում էր, զբաղվելիք էր փնտրում և ամեն կերպ փորձում հետաձգել տուն վերադառնալու պահը: Կարիք չեղավ նրան երկար համոզել, ահա թե ինչ նա գրեց.
«Բարև, սիրելի Ձմեռ պապիկ: Ես հնարավոր է, ձեզնից մի փոքր թանկ բան ուզեմ: Ես ձեզանից խնդրում եմ անվաչմուշկներ: Եթե ձեզ հարմար է, խնդրում եմ բերել իմ նվերը դեկտեմբերի 31-ի գիշերը»:
Ոսկանյան Էրիկ, 11 տարեկան
Սվետլանան ընկերուհիների հետ Կոմիտասի այգում ձմեռային արևն էր վայելում: Ընկերուհիները ցածրաձայն երգում և ծիծաղում էին, իսկ Սվետլանան գրում էր.
«Սիրելի Ձմեռ պապիկ ջան, ես շատ եմ սպասում քեզ, որովհետև հավատում եմ, որ գոյություն ունես: Ես շատ եմ ուզում, որ դու պարգևես ինձ ուրախություն, երջանկություն, մարդկային ամենապարզ զգացմունքներն ու զգացողությունները, փող, աշխատանք և համերաշխություն ընտանիքում: Եվ վերջում խնդրում եմ ինձ շուտ-շուտ այցելես, որ երկար չսպասեմ իմ երազանքների իրականացմանը»:
Կիզիրյան Սվետլանա, 21 տարեկան, ուսանող
Տիկին Անահիտին հանդիպեցինք կենտրոնական փողոցներից մեկում, որտեղ իր ձեռագործ աշխատանքներն է վաճառում:
Ահա նրա ուղերձը Ձմեռ պապին.
«Սիրելի Ձմեռ պապիկ, ես քեզանից այս Ամանորին խնդրում եմ խաղաղություն: Եվ դա պարզապես խոսքեր չեն: Դու մեծ մարդ ես, կհիշես, ոնց էին Սովետական ժամանակներում հեռուստացույցով անընդհատ հայտարարում. Խաղաղություն աշխարհին, բայց իրականում դա ոչ մեկին էլ չէր հետաքրքրում: Ցանկանում եմ, որ ասյ տարին հաջող լինի իմ բոլոր հարազատների համար: Մանուկներին անհոգ մանկություն եմ ցանկանում: Ինձ համար էլ հաջողություններ եմ խնդրում՝ բոլոր գործերում, մեկ էլ ամենակարևորը՝ նոր բնակարան»:
Անահիտ Դավթյան, 48 տարեկան
Ինձանես պապիկին հանդիպեցինք Մարտիրոս Սարյանի այգում, որտեղ նկարիչներն իրենց կտավներն են վաճառում: Նա կանգնած էի իր նկարների կողքին և զրուցում էր նկարիչ ընկերների հետ:
Նրան շատ զվարճալի թվաց մեր խնդրանքը, և նա գրեց.
«Սիրելի Ձմեռ պապիկ, քեզանից ցանկանում եմ 18-ից 29 տարեկան սպիտակ մաշկով և շագանակագույն աչքերով մի լավ հարսնացու, որը կունենա 250.000 $ գումար և երեք սենյականոց բնարական՝ բոլոր հարմարություններով և ջակուզիով: Մեկ էլ Hummer մեքենա: Կապ չունի, որ 80 տարեկան եմ՝ հրաշալի փեսացու եմ, երաշխավորում եմ»:
Ինձանես Կիրակոսյան, 80 տարեկան, ՀՀ վաստակավոր նկարիչ
Նամակները մեզ հանձնելիս, մեր հերոսները ծիծաղով հորդորում էին դրանք ժամանակին տեղ հասցնել, որ իրենց ցանկությունները շուտափույթ կատարվեն: