Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմական համագործակցությունն ակտիվանո՞ւմ է։ Նախարարների հանդիպում, Հայաստանում ավիացիոն տեխնիկայի արդիականացման մասին պայմանավորվածություն
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա է մեկնել և «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում հանդիպել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։
Հաղորդվում է, որ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր հայ–ռուսական դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների համատեքստում։ Մասնավորապես, խոսքը տարածաշրջանում ռազմական իրավիճակի մասին է հայ–ադրբեջանական պետական սահմանին հուլիսյան սրացումից հետո։
Հայաստանի պաշտպանության նախարարության՝ Տոնոյան–Շոյգու հանդիպումից հետո տարածած հաղորդագրությունում նշվում է, որ նախարարները «պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական համագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքների շուրջ»։
Այդ բանակցությունների հաջորդ օրը Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու Ռուսաստանի «Միավորված ավիաշինարարական ընկերությունը» պայմանագիր են ստորագրել Հայաստանի զինանոցում առկա ռուսական ինքնաթիռների արդիականացման և վերանորոգման մասին։
● Հայաստանում սկսել են Կալաշնիկովի ինքնաձիգներ արտադրել
● Հայաստանը՝ 5 տարի Ռուսաստանի հովանու տակ գործող միության անդամ․ ինչ տվեց և չտվեց ԵԱՏՄ-ն
● Հայաստանը Ռուսաստանից չորս նորագույն կործանիչ է գնել
«Միջազգային բանակային խաղեր-2020»–ի մասին
Միջոցառումն անցկացվում է արդեն վեցերորդ անգամ։ Մրցաշարը մեկնարկել է օգոստոսի 23–ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 5–ը։ «Խաղերի» շրջանակում միջազգային 30 մրցույթ է նախատեսվում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը միջոցառմանը մասնակցելու է հրավիրել 90 երկրների զինվորականների, այդ թվում ՆԱՏՕ-ի դաշինքի երկրներից։Մրցույթների մեծ մասը կանցկացվի Ռուսաստանում, 6 միջոցառում նախատեսված է այլ երկրներում, այդ թվում՝ Բելառուսում, Ադրբեջանում, Ուզբեկստանում։ Հայաստանի տարածքում կկայանա ռազմապրոֆեսիոնալ վարպետության «Աշխարհամարտիկ» մրցույթը։
Ռազմական տեխնիկայի արդիականացման մասին համաձայնագիր
Պայմանագիրը ստորագրել են Հայաստանի պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանն ու «Միավորված ավիաշինարարական ընկերության» գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Տարասենկոն։
Ըստ համաձայնագրի՝ «Միավորված ավիաշինարարական ընկերությունը» կշարունակի Հայաստանի ԶՈՒ զինանոցում առկա ռուսական ինքնաթիռների և ավիատեխնիկայի արդիականացումը։ Մասնավորապես, խոսքը ՍՈՒ–25 գրոհային ռմբակոծչների մասին է։
Դրանք զրահապատ ռազմական ինքնաթիռներ են, որոնք նախատեսված են ցանկացած եղանակային պայմաններում ցամաքային զորքերի գործողություններին աջակցելու համար։