Հայաստանում կորոնավիրուսով վարակման և դրա հետևանքով մահվան դեպքերի նոր հակառեկորդ, գրանցվել է դեռահասի մահվան դեպք
Հոկտեմբերի 21-ին Հայաստանում կորոնավիրուսով վարակման 1836 նոր դեպք է հայտնաբերվել։ Սակայն սա օրվա միակ հակառեկորդը չէ․ վերջին մեկ օրում մահացել է 20 մարդ՝ հինգ տղամարդ, 14 կին և 16-ամյա աղջիկ։ Սա կորոնավիրուսից անչափահասի մահվան առաջին դեպքն է Հայաստանում։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակման 68530 դեպք է գրանցվել։ 49219 մարդ ապաքինվել է, 1121 հիվանդի կյանք փրկել չի հաջողվել։
● Հայաստանը վարակման օրական նոր դեպքերի քանակով հինգերորդն է, Վրաստանը՝ վեցերորդը
● Արվեստ և կորոնավիրուս։ Դեպրեսիվ ժամանակների լավատեսական պատմություններ
Ինչ են ասում բժիշկները
Մահացած աղջիկն ուղեկցող ծանր հիվանդություններ է ունեցել,- հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Հայտնի է նաև, որ երկու տարի առաջ աղջկա մոտ չարորակ ուռուցք է հեռացվել, և նա ծանր վիճակում էր, չէր կարողանում խոսել, չէր շարժվում և անգամ չէր կարողանում նստել։
«Բժիշկները հնարավոր ամեն ինչ արել են, սակայն երեխային փրկել չի հաջողվել», — ասված է հաղորդագրությունում։
Նախարարի կոչը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կրկին կոչ է արել պահպանել հակահամաճարակային կանոնները, քանի որ բժիշկներն այս պահին պետք են զինվորներին․
«Այժմ հայերի ողջ ուշադրությունն ուղղված է այն իրավիճակին, որը ստեղծվել է Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով։ Մնացած հարցերը կարծես երկրորդ պլան են մղվել․․․ Եվ այս օրհասական պահերին մենք զբաղվում ենք խաղաղ բնակիչների տարհանմամբ և զինվորների բուժմամբ, որոնք տուժել են մարտական գործողությունների ընթացքում։
Հիշե՛ք, զինվորներին այժմ բժիշկներ են պետք, թո՛ղ զինվորն ու թիկունքն առողջ մնան։ Կրե՛ք դիմակ, փրկե՛ք կյանքեր»։