Առցանց բանակցություններ․ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն անցել է առցանց ռեժիմի։ Հունիսի 30–ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի երկրորդ տեսակոնֆերանսը։ Այն կազմակերպել էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Առաջին անգամ դիվանագետներն առցանց բանակցություններ են անցկացրել ապրիլի 22–ին։
Երկրորդ տեսահանդիպման ընթացքում քննարկվել է առերես հանդիպումների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի հնարավորությունը համաճարակաբանական իրավիճակի հաղթահարմանը զուգընթաց։ ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են առցանց քննարկումներ անցկացնել նաև հաջորդ ամիս։
● Ղարաբաղյան հարցն անհնար է լուծել առանց Ղարաբաղի մասնակցության․ նորընտիր նախագահի հայտարարությունը
● Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին առցանց հանդիպումը։ Ինչի՞ շուրջ է հաջողվել պայմանավորվել
Տեղեկություններ Երևանից
Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ժամանակ Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններն անթույլատրելի են, դրանք բացասաբար են անդրադառնում խաղաղ կարգավորման մթնոլորտի վրա և խոչընդոտում են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու գործընթացին։
Նախարարը խոսել է նաև «Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով»։
Լրագրող, կովկասյան հակամարտությունների փորձագետ Թաթուլ Հակոբյանը, մեկնաբանելով նախարարների տեսակոնֆերանսն, ընդգծել է․
«Այսօր ղարաբաղյան կարգավորման գործընթացը հերթական անգամ փակուղում է, քանի որ չկա փաստաթուղթ, որի շուրջ հնարավոր լիներ բանակցել, փաստաթուղթ, նախագիծ կամ մոտեցումներ, որոնք 50 տոկոսով ընդունելի կլինեին ադրբեջանական և 50 տոկոսով՝ հայկական կողմերի համար»:
Ընդ որում, փորձագետը հիշեցնում է այն «կարմիր գծերը, որոնցից հետքայլը չի կարող լինել արդար և ընդունելի լուծում» Հայաստանի համար․
«Առաջին. Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, թեև բանակցություններն ընթանում են հենց ապագա կարգավիճակի շուրջ առաջին հերթին:
Երկրորդ. լուծումը պետք է ընդունելի լինի հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի ժողովուրդների համար»։
Տեղեկություններ Բաքվից
Ադրբեջանի արտգործնախարարությունը սահմանափակվել է հանդիպման փաստի արձանագրմամբ և հակիրճ նկարագրությամբ, թե ինչ է խոսվել դրա ընթացքում։ Մասնավորապես նշվել է․
«Նախարար Էլմար Մամեդյարովը բարձրացրել է ապօրինի գործունեության հարցը, որն իրականացնում է Հայաստանն Ադրբեջանի օկուպացված տարածքներում, այդ թվում՝ ենթակառուցվածքներին վերաբերող»։
Տեղի լրատվամիջոցներն ու փորձագետները նույնպես այս հանդիպմանն առանձնահատուկ ուշադրություն չեն դարձրել։ Առավելևս, որ գրեթե միաժամանակ հայտնի է դարձել, որ երկրում խիստ կարանտինը պետք է երկարաձգվի։
JAMnews–ի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաևն այս հանդիպումն անվանել է «բանակցային գործընթացի իմիտացիայի շարունակություն»․
«Անկեղծ լինենք, այժմ կորոնավիրուսի համավարակի պայմաններում ղարաբաղյան խնդիրը մի փոքր երկրորդ պլան է մղվել։ Միգուցե դա լավ է, քանի որ ճակատում լուրջ միջադեպերի քանակը նվազել է։ Հնարավոր է, որ համանախագահները հետաքրքրվել են Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունների համատեքստում հնարավոր փոփոխություններով, սակայն հազիվ թե այնտեղ շատ բան փոխվի։ Այնպես որ, նրանք շարունակելու են միմյանց զանգահարել, իսկ եթե բախտներս բերի և սահմանները բացվեն, անձամբ հանդիպել, սակայն ոչ մի բեկման բանակցություններում մոտ ապագայում սպասել չարժե»։