«Ես բացառում եմ իմ աշխատանքը նոր կառավարության կազմում»
Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը կաշխատի այս պաշտոնում, քանի դեռ չի նշանակվել նոր նախարարը: Այս մասին Վիգեն Սարգսյանը հայտարարել է հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ:
Նա ասել է, որ նոր ձևավորված թիմում իրեն չի տեսնում, որովհետև քաղաքական տարակարծություններ ունի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ.
«Ձևավորված թիմն առաջընթաց չի կարող ապահովել: Ես ունեմ քաղաքական հայացքներ, որոնք թույլ չեն տա այդ քաղաքական թիմում աշխատել: Որևէ բան չի կարող ինձ իմ պարտականություններից հետ պահել՝ մինչև չիմանամ, թե ով է ստանձնել այս պարտականությունները:
Այո, ես բացառում եմ իմ աշխատանքը նոր կառավարության կազմում, որովհետև ցանկացած նախարար վարձու աշխատող չէ: Նախարարը քաղաքական պաշտոն է, քաղաքական հայացքներ կան: Դժվար է լինել արդյունավետ նախարար, երբ նույն խնդրին չեք ծառայում»:
Վիգեն Սարգսյանն ասել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի այս պաշտոնում իրեն փոխարինող անձը հաջողի, կփոխանցի նոր պաշտոնյանին ողջ տեղեկատվությունը՝ 10 ժամանոց բրիֆինգի միջոցով:
«Տեղի ունեցածը հեղափոխություն չէ»
Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաև հայաստանյան իրադարձություններին, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ընտրությանը վարչապետի պաշտոնում: Նախարարի պաշտոնակատարն ասել է, որ տեղի ունեցածը հեղափոխություն չի համարում: Ըստ նրա, տեղի է ունեցել իշխանափոխություն:
Նա ասել է, որ ներկայումս Հանրապետական մեծամասնությունը կառուցողական ընդդիմություն է, և պետք է տեսնել, թե ինչպես է դա աշխատելու գործնականում։
«Սահմանում կուտակումները շարունակվում են»
Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած վերջին մեկ ամսվա իրադարձությունները, որոնք թավշյա հեղափոխութուն կոչվեցին, զուգորդվել են սահմանային լարվածությամբ: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ լարվածությունը չի արտահայտվել կրակոցներով:
«Եղել են կուտակումներ, որոնք շարունակում են մնալ նույնը»,- ասել է նա:
Սարգսյանը շեշտել է, որ հայկական զինված ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը, պատրաստ լինելով ցանկացած գործողությունների հակահարված հասցնել:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ պետության ինստիտուտները զինված ուժերի հետ փոխկապակցելն անհրաժեշտություն է, հատկապես Հայաստանի նման երկրում, որտեղ ամեն 40-րդը զինվորական է:
«Մարդիկ պետք է հասկանան, թե ինչ է մեծ բանակը փոքր երկրում»,- ավելացրել է նա:
Նախարարի պաշտոնակատարը կարծում է, որ անվտանգությունը վերկուսակցական է, երկրի պաշտպանությունը մեկ կուսակցության կամ խորհրդարանական մեծամասնության գործառույթը չէ: