Հայասատանում ուսանողները դադարեցրել են արդեն մեկ շաբաթ տևող բողոքի ակցիան
Լուսանկարները և տեսանյութը՝ Սեդա Գրիգորյանի, JAMnews
Բանակում ծառայության տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ պայքարող ուսանողները դադարեցրել են անցած շաբաթ սկսված ակցիան: Նրանք տեղեկացրել են, որ փողոցային պայքարն այս պահին ավարտվում է և տեղափոխվում կլոր սեղանի շուրջ:
7 օր շարունակ Հայաստանի տարբեր բուհերի ուսանողները դասադուլ անցկացրին, իսկ երեկ նրանցից 5-ն անգամ փակվեցին Երևանի պետական համալսարանի լսարաններից մեկում ու հացադուլ հայտարարեցին:
Ավելի վաղ JAMnews-ը հրապարակել է ուսանողական պայքարի մասին տեղեկատվություն, ներկայացնելով տարկետման իրավունքի սահմանափակման կողմնակիցների փաստարկներն ու ուսանողների հակափաստարկները:
https://jam-news.net/?p=68380&lang=hy
Այսօր ուսանողական ակցիան շարունակվում էր Ազգային ժողովի դիմաց: Նրանք շարունակում էին վանկարկել «Տարկետում լինելու ա» իրենց պահանջը, երբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ վերջնականապես ընդունեց փոփոխությունը: Նախագծին դեմ քվեարկեց ընդհամենը 6 պատգամավոր:
Երիտասարդները պահանջեցին, որ պատգամավորներն իջնեն և զրուցեն իրենց հետ, լսեն իրենց առաջարկները: Դրա փախարեն Ազգային ժողովի փոխնախագահը նրանց ներս հրավիրեց: 5 հոգի մտան խորհրդարան՝ հարցը քննարկելու համար:
Մինչ այդ ակցիայի մասնակիցների ու ոստիկանության ներկայացուցիչների միջև բախումներ եղան: Ոստիկանությունից հայտարարեցին, որ ուսանողների նկատմամբ կիրառված ուժը համաչափ էր, որ իրենք այդպիսով փորձել են վերականգնել փողոցային երթևեկությունը:
Տեղի ունեցածի արդյունքում բերման է ենթարկվել ակցիայի մասնակից Ռոբերտ Գրիգորյանը: Ավելի ուշ ոստիկանությունից տեղեկացրել են, որ երիտասարդը բերման է ենթարկվել քննչական կոմիտեի կողմից քննվող քրեական գործի շրջանակներում: Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, ոստիկանությունից չեն մանրամասնել:
Խորհրդարանի փոխխոսնակի հետ հանդիպումից հետո ուսանողները հայտարարեցին, որ ժամանակավորապես դադարեցնում են դասադուլն ու հացադուլը և քննարկելու են հարցը «կլոր սեղանի ձևաչափով»:
«Մենք փորձում ենք հնարավորինս լինել կոնստրուկտիվ։ Այս պահի դրությամբ մենք կարծում ենք, որ սա հնարավոր տարբերակներից լավագույնն է, և այն մարդիկ, ովքեր ցանկանում են, կարող են միանալ մեզ։ Պետք է դադարեցնել հացադուլն ու դասադուլը և պատրաստվել կլոր սեղանին։ Ինչ կլինի կլոր սեղանից հետո՝ կլինի կլոր սեղանից հետո»,- ասել է պատգամավորների հետ հանդիպած Դավիթ Պետրոսյանը:
Նա ԶԼՄ-ներին է փոխանցել նաև Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի մոտեցումն այս հարցի շուրջ.
«Պարոն Բաբլոյանը նշեց, որ եթե մենք ապացուցենք, որ սխալ է տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի համապատասխան դրույթը, իրենք կարող են փոփոխության գնալ: Նաև պաշտոնապես ասվեց, որ այն ուսանողները, որ դասադուլ են իրականացրել, նրանց նկատմամբ ճնշումներ չեն գործադրվելու»,- ասել է Դավիթ Պետրոսյանը: