Կութ գյուղում նորից հրդեհ է․«Ադրբեջանը հերքում է անհերքելին»
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Կութ գյուղում նորից հրդեհ է բռնկվել։ Սա վերջին երկու օրվա ընթացքում նույն գյուղում բռնկված երկրորդ հրդեհն է։ Նախօրեին հրդեհի դեպք էր գրանցվել նաև Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ ադրբեջանցի զինծառայողներն են դիտավորյալ հրդեհում հայ բնակիչների խոտհարքերն ու արոտավայրերը՝ նրանց ապրուստի միջոցից զրկելու նպատակով։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հերքում է այս տեղեկությունը։
- Հայաստանում հրդեհավտանգ իրավիճակ է. հնարավոր զարգացումների մասին
- Ինչպե՞ս ապահովել Հայաստանի անվտանգությունը․ նոր կառավարության ծրագիրը
Նախօրեին, երբ Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ հրդեհ էր բռնկվել, ՄԻՊ գրասենյակը հանդես էր եկել պաշտոնական հաղորդագրությամբ՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը իրենց տեղակայման վայրերից դիտավորյալ հրդեհում են հայ բնակիչների խոտհարքերն ու արոտավայրերը։
Պաշտպանի գրասենյակը ստուգել է բնակիչների ահազանգերի իսկությունն ու համոզվել, որ հանցավոր արարքներն արվում են դիտավորությամբ, այն է՝ գյուղացիների արոտավայրերը ոչնչացնելու նպատակով։
«Հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել ու տեղակայված են գյուղերի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, ապա հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում նաև գյուղերի քաղաքացիական բնակչության համար», — ասված է ՄԻՊ հաղորդագրությունում։
Արման Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական դիրքերի հարևանությամբ գտնվող տարածքները հայ գյուղացիներն օգտագործել չեն կարողանում, իսկ մոտենալու դեպքում ադրբեջանցի զինծառայողներն արձակում են կրակոցներ։ Բացի այդ՝ Ադրբեջանն օգտվում է նաև եղանակային պայմաններից, մասնավորապես՝ հրդեհավտանգ իրավիճակից․
«Ադրբեջանական զինծառայողները գիտակցում են, որ ներկայում եղանակային պայմաններն այնպիսին են, որ հրդեհն արագորեն տարածվելու է ու ոչնչացնելու է մարդկանց պատկանող տարածքները, զրկելու են ապրուստի աղբյուրից:
Եվ հետո, նրանք գիտակցում են նաև, որ բնակիչները նույնպես տեսնելու են այս հրդեհները, և դա ակնհայտորեն անում են քաղաքացիական բնակչությանը վախեցնելու նպատակով»։
Այսօր, երբ ԱԻՆ-ը հաղորդեց Կութ գյուղում ևս մեկ հրդեհի բռնկման մասին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատեց իր հայտարարությունը, ինչպես նաև անդրադարձավ Ադրբեջանի տարածած հերքմանը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նպատակ ունի կոծկելու իրենց հանցավոր արարքները ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ, այն էլ ՀՀ ինքնիշխան տարածքում», — գրել է Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ գյուղերի բնակիչների կողմից աշխատակազմ փոխանցված տեղեկությունները ստուգվում են մի քանի աղբյուրից, այդ թվում՝ օբյեկտիվ ապացույցներով։
Ադրբեջանի ՊՆ հերքումից և գյուղի հրդեհման հերթական դեպքից հետո ՄԻՊ գրասենյակը նաև նոր տեսանյութ է հրապարակել՝ որպես լրացուցիչ ապացույց։
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Կութ գյուղում ընթացող հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 17 հրշեջ-փրկարար։ Երեկ Կութում բռնկված հրդեհի հարավ-արևելյան օջախը մեկուսացվել է ժամը 22:48-ին, մարվել՝ 23:18-ին, արդյունքում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ: Հյուսիս-արևելյան հատվածից մոտ 20 հա ինքնամարվել է, իսկ մոտ 30 հա այրվում է սարի գագաթին, այս հատվածում սահմանվել է հերթապահություն: