Վրաստանում փողոցում դիմակ կրելը պարտադիր է դառնում։ Համընդհանուր կարանտին չի լինելու
Վրաստանում բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է դառնում։
Թե՛ բացօթյա, թե՛ փակ տարածքների վրա տարածվող այս կանոնը խախտողները կտուգանվեն 20 լարիով (մոտ 6 դոլար)։
Ըստ փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլիի՝ խոսքը գնում է ոչ թե նոր սահմանափակումների, այլ գործողների ընդլայնման մասին։ Նա հերքել է երկրում համընդհանուր կարանտին հայտարարելու պլանների մասին հաղորդագրությունները։
«Մենք ընդամենը մի քիչ ենք փոխում սահմանափակումների գործողության ռեժիմը։ Եթե ռեստորանների աշխատանքային ժամերը սահմանափակվել էին մի քանի քաղաքներում, այժմ այդ քաղաքների քանակը կավելանա, սակայն դա չի նշանակում, որ մենք փակում ենք ռեստորանները։ Խոսքը նաև մի քանի քաղաքների դպրոցների մասին է (անցումը հեռավար ուսուցման), սակայն դա չի նշանակում ուսուցման դադարեցում։ Մենք շարունակում ենք տեղային սահմանափակումների ռազմավարությունը, որը շատ արդյունավետ է և օգնում է մեզ հավասարակշռություն պահպանել տնտեսության և քաղաքացիների առողջության միջև», — ասել է Ցկիտիշվիլին։

Ինչ վերաբերում է վարչապետի առողջական վիճակին, ապա Մայա Ցկիտիշվիլին հաղորդել է նաև, որ Գիորգի Գախարիան, որի մոտ կորոնավիրուս է հաստատվել, իրեն լավ է զգում և շարունակում է տնից աշխատել։
«Այսօր նրա գլխավորությամբ Համակարգման խորհրդի նիստ է անցկացվել։ Հետևաբար, նա շարունակում է աշխատել տնից։ Տիկին Նաթիա Տուրնավան (էկոնոմիկայի նախարար) և պարոն Միխայիլ Չխենկելին (կրթության նախարար) ինքնամեկուսացման մեջ են։ Այսօրվա դրությմաբ նրանց մոտ կորոնավիրուս հաստատված չէ։ Նրանք իրենց լավ են զգում և սպասում են թեստերի պատասխաններին», — ասել է Մայա Ցկիտիշվիլին։